ԱՐԱՐԱՏԻ ՍԱՌՑԱՇԵՐՏԸ
ՎԵՐՋԻՆ 34 ՏԱՐՈՒՄ
ՄԷԿ ԵՐՐՈՐԴՈՎ
ԿՐՃԱՏՒԵԼ Է

Արարատի գագաթի սառցաշերտը 1976 թւականից ի վեր մէկ երրորդով կրճատւել է: Այս մասին գիտնականների ուսումնասիրութիւնն է ներկայացնում թուրքական Hurriyet Daily News պարբերականը: 30 տարւայ ընթացքում հալչել է սառաշերտի 30 տոկոսը, պնդում է Ակիֆ Սարիկաեան, ով վերջերս աւարտել է Արարատ լեռան սառցաշերտի ուսումնասիրութիւնը Նեբրասկայի համալսարանում:
Hurriyet Daily News-ի թղթակցին Սարիկաեան ասել է, որ իրենք համադրել են Արարատ լեռան արբանեակային նկարահանումները եւ պարզել, որ եթէ 1976 թւականին ուսումնասիրւած սառցաշերտը կազմում էր 8 կիլոմետր, ապա 2008-ին այն արդէն 5.6 կիլոմետր է եղել:
Գիտնականը յաւելում է, որ յաւերժական սառոյցների հալչելու հաւանական պատճառը տարեկան 0.03 աստիճանով գլոբալ ջերմացումն է եւ անձրեւների սակաւութիւնը:
Սարիկայան հաշւարկել է, որ Արարատի գագաթի սառցաշերտը կրճատւում է տարեկան 70 մետրով, եւ չնայած այդ երեւոյթի հետեւանքներն այստեղ աւելի քիչ կլինեն, քան, օրինակ, Հիմալայներում, սակայն լեռան շրջակայ բնակավայրերը նոյնպէս կարող են տուժել, քանի որ հալչած սառոյցը կարող է սողանքներ առաջացնել: Գիտնականը յիշեցնում է, որ 1840 թւականի երկրաշարժի հետեւանքով առաջացած սողանքը քշել տարել էր Արարատի ստորոտին գտնւող բնակավայրերը:
Թուրքիայի լեռնային ֆեդերացիայի ղեկավար Ալաթին Կարաչան նոյնպէս զգուշացնում է երկրի իշխանութիւններին հալչող սառցաշերտի վտանգների մասին: Յայտնելով, որ օգոստոսի 30-ին տեղանք է այցելել, նա հաստատում է Սարիկայայի դիտարկումները եւ յաւելում, թէ Արարատի գագաթի սառոյցների մի մասը վերածւում է սառցախառը գետերի` կլիմայի փոփոխութեան ազդեցութեամբ:
Առաւել արագ հալչում են 4500 մետրից մինչեւ 5137 մետր բարձրութեան վրայ գտնւող սառոյցները:
Գիտնականն ասում է, թէ սառոյցների հալչելը միայն մի դրական հետեւանքի կարող է յանգեցնել` կարող է պատասխան տրւել հարցին` արդեօ՞ք բիբլիական Նոյեան տապանը Արարատ լեռան վրայ է հանգրւանել:
«Լեռն ունի պատմական նշանակութիւն, քանի որ, ինչպէս ենթադրում են, Նոյի տապանն է այնտեղ գտնւում: Երբ սառոյցը հալչի, ամէն ինչ պարզ կդառնայ», - Hurriyet Daily News-ին ասել է Կարաչան:
Շրջակայ միջավայրի պաշտպաններն ընդգծում են, որ գլոբալ ջերմացման եւ կլիմայի փոփոխութեան գործընթացը զսպելու համար մարդիկ պէտք է աւելի քիչ ջերմոցային գազեր արտանետեն, ինչի համար պէտք է փոխեն իրենց կենսակերպը: Հէնց ջերմոցային գազերն են նպաստում գլոբալ ջերմացմանը եւ, մասնաւորապէս, Արարատ լեռան սառոյցների հալչելուն:

Տաթեւիկ Լազարեան
«Ազատութիւն»

0 Պատգամ: