ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի ելոյթը՝ վերջերս Երեւանում կայացած Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւծովեան տարածաշրջանի յանձնախմբի ժողովի ընթացքում
«ԱԼԻՔ» Մենք լսեցինք մեր տարածաշրջանի գաղափարակից կուսակցութիւնների ներկայացուցիչների ելոյթները եւ կրկին համոզւեցինք, որ յետխորհրդային տարածքում սոցիալ-դեմոկրատիայի առաջընթացը, յաջողութիւնները, նաեւ դժւարութիւնները, տարբեր երկրներում խիստ ընդգծւած ընդհանրութիւններ ունեն: Բայց, եթէ խօսելու ենք Հայաստանում սոցիալ-դեմոկրատիայի խնդիրների, այդ գաղափարախօսութեան զարգացման եւ առաջմղման մասին, մենք ուզենք-չուզենք՝ պէտք է անդրադառնանք նաեւ այն գործընթացներին, որոնցով մեր երկիրը, այնուամենայնիւ, առանձնանում է միւսներից եւ որոնցով մեծապէս պայմանաւորւած է սոցիալ-քաղաքական իրադրութիւնը՝ մեր երկրում:
Մեր գնահատմամբ՝ Հայաստանում սոցիալական իրավիճակը շատ բարդ է եւ խիստ լարւած: Ի դէպ, անկախութիւն նւաճելուց ի վեր, այն երբեք էլ աչքի չի ընկել սոցիալական արդարութեան տեսանկիւնից, ինչի պարզ բացատրութիւններից մէկն էլ այն է, որ սոցիալ-դեմոկրատական որեւէ ուժ մինչ այս իշխանութեան չի եկել Հայաստանում: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա մենք եղել ենք ե՛ւ ընդդիմութիւն, ե՛ւ իշխանութեան մաս:
Սակայն, չնայած գործադրւած ջանքերին՝ մենք չենք կարողացել Հայաստանում հասնել այնպիսի հասարակութեան կայացմանը, որի հիմքում դրւած կը լինէր սոցիալական արդարութեան մեր պատկերացրած արժեհամակարգը: Մասնաւորապէս, համաշխարհային տնտեսական ճգնաժամի յաղթահարման ուղղութեամբ մեր կուսակցութեան առաջարկած քայլերի փաթեթը չընդունւեց ՀՀ կառավարութեան կողմից, ինչի հետեւանքով՝ մենք այդ ճգնաժամից դուրս եկանք մեծագոյն վնասներով՝ մեզանից յետ թողնելով թերեւս միայն Ուկրայինային:
Այս ընթացքում իշխանութիւնների քայլերը նպաստել են միայն միջին խաւի նւազմանը եւ գրեթէ ոչնչացմանը, ինչը խորացրել է հասարակութեան բեւեռացումը եւ այն հասցրել վտանգաւոր աստիճանի: Այսօր սա է մեր տագնապայարոյց խնդիրներից մէկը:ՀՅԴ-ի որպէս Հայաստանում սոցիալ-դեմոկրատիայի գաղափարների կրող եւ իրականացնող հիմնական ուժի՝ գործունէութեան առանցքային ուղղութիւններից են երկրում աղքատութեան շեմի իրական չափորոշիչների ճշտման, մարդու կենսապահովման նւազագոյն զամբիւղի ապահովման, դրան համապատասխան նաեւ կենսաթոշակների բարձրացման հարցերը:
Սակայն, այդ ամենին զուգընթաց՝ վերջին տարիներում յատկապէս մենք ստիպւած ենք եղել ուշադրութեան կենտրոնում պահել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման եւ հայ-ադրբեջանական հակամարտութեան շուրջ ծաւալւող գործընթացները:ՀՅԴ-ն երբեք էլ դէմ չի եղել հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ու սահմանների բացմանը, ինչպէս դա փորձել են ներկայացնել ՀՀ իշխանութիւններն ու իշխանական լրատւամիջոցները:
Դաշնակցութեան մօտեցումը յստակ է՝ հարեւանների միջեւ չեն կարող չկարգաւորւած յարաբերութիւններ լինել, 21-րդ դարում չեն կարող փակ սահմաններ լինել: Եւ այս տեսանկիւնից էլ հաստատել ենք, որ յարաբերութիւնների նորմալացումը պէտք է սկսւի առանց նախապայմանների դիւանագիտական յարաբերութիւների հաստատմամբ, որից յետոյ էլ աստիճանաբար կը լուծւեն մնացած հարցերը: Սակայն, ստանալով այսպիսի արձանագրութիւններ՝ ՀՅԴ-ն, որ տիրապետում է հայ-թուրքական յարաբերութիւնների ողջ պատմական ընթացքին, չէր կարող չբարձրաձայնել դրանցում առկայ վտանգների եւ նախապայմանների մասին: Այդ արձանագրութիւններով մեզ փորձում են պարտադրել հայ-թուրքական ներկայ սահմանը, որը երբեք չի վաւերացւել միջազգային ընդունւած ձեւերով:
Թուրքիան մեզանից պահանջում է դադարեցնել Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչման գործընթացը եւ, վերջապէս, ձգտում է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը կապել հայ-ադրբեջանական խնդիրների հետ եւ ճնշումներ բանեցնել Ղարաբաղի հարցում՝ մեզանից զիջումներ կորզելու յստակ մտադրութեամբ: Բոլորս գիտենք, եւ ադրբեջանցի մեր գործընկերն էլ կարող է փաստել, որ Թուրքիան յստակ նախապայման ունի այս հարցում՝ քանի դեռ չի լուծւել Ղարաբաղեան խնդիրը՝ հայ-թուրքական սահմանը չի բացւի:
Իսկ ո՞ւմ համար պարզ չէ, որ Ղարաբաղի հարցի լուծումով՝ կը բացւեն բոլոր սահմանները, այդ թւում նաեւ՝ հայ-ադրբեջանականը: Հետեւաբար՝ ի՞նչ միտք ունէին այս արձանագրութիւնները, որոնք, ի վերջոյ, ոչինչ չտւեցին:Մեզ համար հարցերի հարցը Ղարաբաղի կարգավիճակն է: Մնացած հարցերը ծագում են ԼՂՀ-ի կարգավիճակից: Այս իրավիճակի ամենամեծ մեղաւորը թերեւս Ադրբեջանն է, որ դեռ հակամարտութեան սկզբից՝ 1988-ից, երբ դեռ Խորհրդային Միութիւնը կար, որդեգրեց հարցի կարգաւորման ռազմական ուղին:
Մինչդեռ, բոլորին է յայտնի եւ իմ ադրբեջանցի գործընկերն էլ չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Չի եղել ոչ մինչեւ 1920 թւականը, երբ Ադրբեջանը խորհրդայնացւեց եւ կորցրեց իր անկախութիւնը, եւ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, երբ Ադրբեջանը վերստացաւ իր անկախութիւնը: Լեռնային Ղարաբաղի տարածքն Ադրբեջանի կազմ է ընդգրկւել 1921 թւականին՝ Ստալինի որոշումով եւ մնացել նրա կազմում մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը: Այնպէս որ՝ Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում նոյնն է, թէ փորձ անել վերականգնել ԽՍՀՄ-ը, շարունակութիւն հաղորդել խորհրդային օրէնքներին:
Այս տրամաբանութեամբ՝ երեւի ապօրինի են անկախացել ԽՍՀՄ-ի միւս հանրապետութիւնները, որոնց անկախութիւնը վաղուց ճանաչւել է, երեւի պէտք չէր ճանաչել արեւելեան Եւրոպայի եւ Հարաւսլաւիայի հանրապետութիւնների անկախութիւնը: Ինչո՞ւ պէտք է, ուրեմն, Ղարաբաղի հարցը այլ ձեւով լուծւի:Մեր ադրբեջանցի գործընկերն այստեղ նշեց, որ Ղարաբաղի հայերը ուզում են ինքնորոշւել ոչ իրենց պատկանող տարածքներում:
Աւելի մեծ մոլորութիւն, որի մէջ փորձ է արւում ներքաշել համաշխարհային հանրութեանը, չի կարող լինել: Ամբողջ Ղարաբաղի տարածքը, որ ծածկւած է հայկական պատմա-ճարտարապետական յուշարձաններով, միանգամայն հակառակ բան է ասում եւ հայերը ինքնավարութիւն են պահանջում ոչ թէ Բաքւում կամ Ֆրանսիայում, ինչպէս հեգնանքով նշում են ոմանք, այլ՝ իրենց հայրենքիում:
Այլ խօսքով՝ շատ աւելի պարզ կարելի է ասել, որ ԽՍՀՄ-ի օրինակով փլուզւել է նաեւ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը եւ նրա տարածքի վրայ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները հռչակել են երկու տարբեր պետութիւններ՝ Ադրբեջանի Հանրապետութիւն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն՝ իւրաքանչիւրն իր հայրենիքի տարածքի վրայ: Սա է փաստը: Մեզ յաճախ են կշտամբում՝ եթէ դուք վստահ էք, որ դա այդպէս է, ապա ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ի անկախութիւնը: Հաւատացած եմ, սիրելի գործընկերներ, որ ձեզանից շատերին էլ հետաքրքրում է այս հարցը:
Պէտք է իմանալ, ուրեմն, որ Հայաստանը ոչ թէ դէմ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին կամ չի պաշտպանում նրա այդ իրաւունքը, այլ պարզապէս կողմ է, որ այդ ինքնորոշումը ճանաչւի առաջին հերթին միջազգայնօրէն: Հայաստանը չի ցանկանում ճանաչման գործընթացը տանել այլ պետութիւնների ճանապարհով, որոնք միակողմանի ճանաչեցին մի շարք երկրների անկախութիւնը: Սա կարող էք համարել նաեւ Հայաստանի կողմից մեծագոյն զիջում Ադրբեջանին՝ հարցը բանակցութիւնների սեղանի շուրջ լուծելու նպատակով:
Հայաստանի դիրքորոշումն այս հարցերում սկզբունքային է եւ եթէ նկատել էք, Հայաստանը չի ճանաչել ոչ Կոզովոյի, ոչ էլ Աբխազիայի ու Հարաւային Օսեթիայի անկախութիւնը: Մեր դիրքորոշումը հետեւեալն է՝ եթէ մենք սկսել ենք ԼՂՀ-ի միջազգայնօրէն ճանաչման գործընթաց, ապա այն պէտք է տանել միայն ու միայն միջազգայնօրէն ճանաչման ընդունւած ճանապարհներով, որպէսզի այդ անկախութիւնը բոլորը միասին ճանաչեն եւ ոչ թէ՝ մէկ կամ մի քանի երկիր:Յատկապէս, Ադրբեջանից յաճախ կարելի է լսել, թէ միեւնոյն ազգը կարող է ինքնորոշւել մէկ անգամ:
Սա պարզապէս անհեթեթութիւն է: Առաջին հերթին, դա երեւում է Թուրքիայի եւ Ադրբեջանի օրինակով, որոնց ղեկավարները մէկ անգամ չէ, որ բարձրաձայնել են, թէ իրենք նոյն ազգն են՝ երկու տարբեր պետութիւններում: Նոյն Թուրքիան կարող է Կիպրոսի հիւսիսը ճանաչել որպէս թուրքական երրորդ պետութիւն, իսկ Ղարաբաղը չի՞ կարող ճանաչւել: Վերցնենք ողջ Արաբական աշխարհը: Կարող են, ուրեմն, նոյն արաբները բազմաթիւ ճանաչւած պետութիւններ ունենալ, իսկ հայերը՝ ո՞չ:
Մեր կարծիքով՝ սրանք զուտ պատճառաբանութիւններ են Ադրբեջանի համար, որպէսզի խուսափի խաղաղ բանակցոթիւնների սեղանի շուրջ երկխօսութիւնից: Այդ սեղանի շուրջ, հասկանալի է, չեն կարող չլինել խօսակցութիւններ՝ փոխզիջումների մասին: Ես ուզում եմ հասկանալ, թէ ո՛րն է լինելու Ադրբեջանի փոխզիջումը, ի՞նչ ինչի՞ դիմաց: Նա Հայաստանից եւ Ղարաբաղից պահանջում է յետ տալ ազատագրւած տարածքները: Դրանից յետոյ, ասացէք, խնդրեմ, մենք ինչի՞ շուրջ կարող ենք այլեւս խօսել: Ըստ Ադրբեջանի մենք դեռ մի բան էլ շնորհակալ պէտք է լինենք, որ իրենք նոր պատերազմն չեն սկսում: Բայց, միթէ պատերազմի սպառնալիքը հարցի լուծո՞ւմ է:
Միթէ Ադրբեջանը մոռացե՞լ է, որ Արցախեան պատերազմի հէնց սկզբից ինքը զէնքի ու մարդուժի հսկայական առաւելութիւն է ունեցել Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի հանդէպ: Ինչի դա յանգեցրեց՝ բոլորին է յայտնի:
0 Պատգամ:
Post a Comment