Բանակում տեղի
ունեցած դժբախտութիւնների
պատճառը
ֆոբիա՞ն է

15:56 • 10.09.10
«Այսօր Հայ երիտասարդները հայրենասիրական ցանկութիւններից ելնելով չէ, որ գնում են բանակ։ Դա պարտադրանք է կարծես դարձել, կա տպաւորութիւն, որ այնտեղ պէտք է պարտադիր հիւանդանաս, վախ կայ ծառայութեան հանդէպ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այգ» հոգեբանական ծառայութիւնների կենտրոնի գլխաւոր մասնագէտ Ռուբէն Պօղոսեանը՝ խօսելով հասարակութեան մէջ առաւել տարածւած ֆոբիաների մասին։
Ըստ հոգեբանի՝ բանակում պէտք է ստեղծել բարոյահոգեբանական մթնոլորտ, որպէսզի մարդ իրեն պաշտպանւած զգայ, ինչն այսօր տեսանելի չէ։
«Բանակաշինութեան մէջ ամենակարևորն այն է, թէ ինչ մթնոլորտ ենք այնտեղ ստեղծում, որպէսզի սևեռուն և չպատճառաբանւած վախերը գլուխ չբարձրացնեն և հոգեկան հիւանդութեան բոյն չդառնան։ Այսօր բանակից գալիս են հիւանդ զօրացրւած անձինք, այո, վախերով տոգորւած։ Ինչու չէ, դա կարող է պատճառաբանւած լինել, ծեծի և ջարդի ենթարկւածներ կան։ Եկէք խօսենք դրա մասին շատ ուղղակի, որովհետև այսօր ենք մենք մեր բանակը շինում։ Մեր զինակոչիկները հեշտութեամբ, հոգէպէս պատրաստ և որպէս հայրենասէր քաղաքացի չեն գնում բանակ»,- նշեց Պօղոսեանը։
Բանկաշինութիւնն, ըստ հոգեբանի, բարդ սոցիալական ինստիտուտ է և բարդ մեխանիզմ։ Անդրադառնալով վերջին շրջանում բանակում գրանցւած սպանութիւններին և ինքնասպանութիւններին՝ մասնագէտը հարցադրում արեց. «Մի՞թէ իշխանութիւնը չի հասկանում, որ այստեղ և հոգեբանական, և հոգեբուժական աշխատանքներ պէտք է տանել, ուղիղ հէնց բանակի ներսում։ Իրօք ուսումնասիրել և պարզե՞լ են՝ ինչու է դա տեղի ունենում։ Երբ ինքնաթիռ է ընկնում, հոգեբաններ են ներգրաւում, իսկ բանակում տեղի ունեցած դժբախտութիւնների ժամանակ՝ ոչ։ Այնինչ, սա շատ աւելի բարդ և կարևոր կառոյց է։ Ես կուզենայի, որ իշխանութիւնները գնահատեն և արժևորեն այն գիտութիւնը, այն սոցիալական արժէքները, որոնք արդէն մշակոյթ են Եւրոպայում»։
Սոցիալական աշխատանքի մասնագէտ Աննա Ոսկանեանի խօսքով՝ Հայաստանում բարձրորակ սոցիալական մասնագէտներ կան, որոնք կարող են բանակում աշխատել, սակայն բանակն այսօր փակ է։ «Պետութիւնը պէտք է պատրաստ լինի ազատ պետութիւն դառնալ, որպէսզի բանակի հարցերը քննարկւեն»,- նշեց նա։
Tert.am

0 Պատգամ: