ԵԽԽՎ-ի թուրք նախագահը չարաշահում է
լիազօրութիւնները եւ նախապայմաններ ներկայացնում
Հայաստանին

Սեպտեմբեր 06, 2010 10:32
ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Մելութ Չավուշօղլուն, ով բաւական շուտ-շուտ է մոռանում, թէ ինչ կառոյց է ներկայացնում, հերթական անգամ ադրբեջանա-թրքական կողմնակալ յայտարարութեամբ է հանդէս եկել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Մեւլութ Չավուշօղլուն, աւարտելով իր Ստոկհոլմի հանդիպումները, մեկնել է Գիւթեբորգ, որտեղ մասնակցել է մի կոնֆերանսի, որի մասնակիցներից է եղել Շւէդիա-Թուրքիա խորհրդարանական բարեկամութեան յանձնաժողովի նախագահ, շւէդական իշխող կոալիցիայի անդամ «Մոդերատ» կուսակցութեան պատգամաւոր Գորան Լինդբլադը, ով նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողն է:
ԵԽԽՎ-ի թուրք նախագահը նշել է, թէ Թուրքիան զարգացնում է յարաբերութիւնները, թէ արեւմուտքի, թէ արեւելքի հետ եւ յաւելել. «Թուրքիան ցանկանում է բոլոր հարեւանների հետ յարաբերութիւնները կարգաւորել: Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման ամենակարեւոր պայմանը` Հայաստանի կողմից «բռնազաւթած ադրբեջանական հողերի» ազատումն է: Եթէ Հայաստանն այս պայմանը կատարի, նրա հետ էլ մեր յարաբերութիւնները կը կարգաւորենք»: Նա յիշեցրել է, որ Թուրքիան միշտ օգնել է եւ էլի շարունակելու է օգնել Ադրբեջանին:
Իր հերթին, Գորան Լինդբլադը, յիշեցնելով սեպտեմբերի 19-ի Շւէդիայի խորհրդարանական ընտրութիւնները, նշել է, թէ այս տարւայ մարտի 11-ին շւէդական խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան օրինագիծն անցկացրած ձախ բլոկի կուսակցութիւնները ցանկանում են Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նախագիծը մտցնեն ԵՄ եւ ՄԱԿ: Նրանք այդ հարցում արդէն պայմանաւորւել են եւ ցանկանում են նոյնիսկ դպրոցական դասագրքերում ներառեն Հայոց Ցեղասպանութիւնը: Նրանց նախաձեռնութիւնները տապալելու համար ձեր ձայները տւէք «Մոդերատ» եւ միւս աջ կուսակցութիւններին»-ամփոփել է Գորան Լինդբլադը:

Արթուր Յակոբեան
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: