Հ. Մ. «Սիփան» միութեան լեռնագնացները պաստառ
պարզեցին Արարատ լեռան գագաթին
Իրանահայ, հայաստանցի եւ ամերիկահայ
լեռնագնացների Արարատի գագաթի միասնական
նւաճումը
«ԱԼԻՔ»– Արդէն երեք տարի է, որ ամռան ամիսներում Արարատ լեռան գագաթի նւաճումը կարծես թէ մեր ամենասպասւած եւ ամենացանկալի ծրագիրն է. անհամբեր սպասում ենք այդ պահին, որ կատարենք մեր ուսերին դրւած այդ հաճելի եւ քաղցր պարտականութիւնը (2008 թւականին՝ երեք հոգով, 2009 թւականին՝ 9 հոգով եւ այս տարի էլ՝ 9 հոգով):
Օգոստոսի 10-ի երեկոյեան ժամը 7:30-ին ութհոգանոց խումբը (որին կը միանար մէկ հոգի՝ Թուրքիայում) Բէյհաղի կանգառից ճանապարհւեց դէպի Թաւրիզ: Ծրագիրը հետեւեալն էր՝ նախաճաշը՝ Թաւրիզում, ճաշը՝ Թուրքիայի Դուբայազիդի հիւրանոցներից մէկում, հանգստից յետոյ՝ ընթրել եւ այնուհետեւ պատրաստւել՝ առաւօտեան իրագործելու ծրագիրը:
Հաւատացած եմ, որ ամէն մի հայ կերեւակայի, թէ ինչպէս ենք անցկացրել այդ րոպէները մինչեւ գագաթ, երգ, պար եւ դարձեալ երգ ու շուրջպար, յուզւել ու կաթիլ-կաթիլ արտասւել գագաթին, երբ երկու գիշեր հիւր էինք Արարատի փէշերին (3200 եւ 4200 մետր), իսկ Ռոզան էլ տօնեց իր 50-ամեակը:
Մեր Մասիսը կարծես ուրախանում էր մեզ հետ եւ կարծես բալիկներին իր գիրկն էր առել ու հանգիստ չունէր: Անընդհատ խօսում էր, դղրդում, Աստծուց ձիւն ու կարկուտ ցանկանում, որ ամռանը հով լինի: Եւ մենք պէտք է շնորհակալ լինենք նրան, որ այդ հիանալի օդը նւիրեց մեզ:Եւ ահա այսպիսով՝ չորրորդ օրը՝ շաբաթ, օգոստոսի 14-ին, առաւօտեան ժամը 7.30-ին, գագաթ հասնելով՝ միացանք Հայաստանից եկած մի խումբ լեռնագնացների:
Միանալով՝ մէկ մարմին դարձանք ու միասին Արարատի գագաթին պար բռնեցինք: Որքան հաճելի է հայկական ըմպելիքով հայ ժողովրդի կենացը խմել Մասիսի գագաթին: Թող հպարտ լինենք մեր Մասիս սարով:Վայ Աստւած իմ, որքան արագ անցան այդ չորս օրերը եւ դրանք յաւիտեան սեպւեցին մեր յուշերում:30 րոպէ գագաթին մնալով՝ յետ վերադարձանք:
Երեկոյեան ժամը 6.30-ին արդէն հիւրանոցում էինք: Հանգստանալուց յետոյ՝ սեղան փռեցինք ու քէֆի նստեցինք: Խոստացանք շարունակել մեզ համար մեծ կարեւորութիւն ունեցող այս ծրագիրը:Յաջորդ առաւօտեան նախաճաշից յետոյ՝ երկու մասի բաժանւելով՝ խմբից հինգ հոգին մեկնեցին Իրան եւ կիրակի, օգոստոսի 15-ի առաւօտեան ժամը 8-ին Թեհրանում էին:
Իսկ միւս չորսը շարժւեցին դէպի Վանայ լիճ եւ Վան քաղաք՝ շարունակելու ծրագիրը: Մեր չորսհոգանոց խումբը (Հրաչը, Հանրին, Ջանէսը եւ Մարտինը) այցելեց Աղթամար կղզի՝ տեսնելու Ս. Խաչ եկեղեցին եւ Վանայ բերդը:
Յիշեցինք պատմութիւնը: Կարծես նրանք լեզու էին առել ու մենք՝ աչք ու ականջ: Տէր իմ, սա ինչ լեզու է, չէ, չենք սխալւում. շատ պարզ է, ամէն ինչ լսում ու հասկանում ենք. ո՞ւր է մեր ժողովուրդը, մենք մեր ժողովրդին ենք փնտրում:
Հայ Առաքելական Եկեղեցին առանց հայ ժողովրդի՝ անտէր է, չեմ հաւատում… Ափսոս ժամանակը քիչ էր… Բայց, կարծես ինքներս մեզ համոզում ենք՝ միւս անգամ շատ աւելի ժամանակ տրամադրենք…Վան քաղաքում, Վանայ լճի մօտ, մի գիշեր հիւրանոցում որպէս լեռնագնաց՝ ուսումնասիրեցինք 2011 թւականը Սիփան եւ Նեմրութ լեռների գագաթները նւաճելու ծրագիրը՝ յոյս ունենալով, որ կը հանդիպենք ուրիշ հայ լեռնագնացների, որոնք կը գան՝ Հայաստանից, Եւրոպայից, Ամերիկայից, Կանադայից եւ այլ երկրներից:
Մէկ օր Վանում մնալով՝ վերադարձանք սահման: Թեհրան հասանք օգոստոսի 16-ի առաւօտեան:
ԿԱԶՄԵՑ ՍԵՐՈԲ ՊՕՂՈՍԵԱՆԸ
ԿԱԶՄԵՑ ՍԵՐՈԲ ՊՕՂՈՍԵԱՆԸ
0 Պատգամ:
Post a Comment