Համանախագահները վճռականօրէն դատապարտում են
հրադադարի պայմանագրի իւրաքանչիւր խախտում
13:59 • 06.09.10
Սեպտեմբերի 6–ին Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։Յիշեցնենք, որ աւելի վաղ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյէն յայտնել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին իրենք կլինեն Բաքւում, սեպտեմբերի 8-ին՝ Ստեփանակերտում, սեպտեմբերի 9-ին՝ Երևանում։ Այցի մանրամասները չեն հաղորդւում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյէն (Ֆրանսիա) և Ռոբերտ Բրադտկէն (ԱՄՆ) կփորձեն առաջիկայ ամիսներին՝ մինչև ԵԱՀԿ գագաթնաժողովը մնացած մի քանի ամսւայ ընթացքում Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցութիւններին աջակցութեան իրենց ջանքերի շրջանակում յատկապէս ակտիւ լինել։ Այս մասին ասւում է ՄԽ պաշտօնական յայտարարութիւնում, որը տեղադրւած է ԵԱՀԿ կայքում։
Ինչպէս նշւում է յայտարարութիւնում, համանախագահները կայցելեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ սեպտեմբերի 6-10-ը՝ քննարկելու հրադադարի ռեժիմի ամրապնդման համար անհրաժեշտ յաւելեալ միջոցները, աջակցելու փոխզիջման ոգով բանակցութիւններին, ինչպէս նաև աւարտելու հետագայ գործողութիւնների համար պայմանների մշակումը։ Սեպտեմբերի երրորդ շաբաթը համանախագահները կուղևորւեն Վաշինգտոն, յետոյ՝ Նիւ Եորք՝ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կուլուարներում կողմերի հետ աշխատելու նպատակով։
Համանախագահները տարածաշրջան կվերադառնան սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կէսերն ընկած ժամանակահատւածում՝ անցկացնելու առաքելութիւն տեղերում իրավիճակի գնահատման ուղղութեամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնւող տարածքներում հումանիտար վիճակի վերահսկողութեան և հակամարտութեան կարգաւորման՝ կողմերի հետ նախապէս համաձայնեցւած սկզբունքների քննարկման ուղղութեամբ։ Խորհրդականներից և փորձագէտներից, այդ թւում՝ ՄԱԿ-ի Գերագոյն յանձնակատարի վարչութեան ներկայացուցիչներից կազմւած բարձր մակարդակի խումբը կուղեկցի համանախագահներին այս առաքելութեան ընթացքում, որը կլինի առաջին միջազգային առաքելութիւնը այս տարածքներում 2005թ. ԵԱՀԿ փաստահավւաք առաքելութիւնից ի վեր։
Դիտարկումների արդիւնքներով կայացւած եզրակացութիւնները կներկայացւեն Վիէննայում։ Այնուհետև, ինչպէս ասւում է յայտարարութիւնում, համանախագահները կպատրաստեն ամենամեայ զեկոյց ԵԱՀԿ Մշտական խորհրդի գործունէութեան մասին և ակտիւօրէն կաշխատեն Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին նախատատրաստւելու ուղղութեամբ։
Ինտենսիւ գործունէութեան շրջանում համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին՝ խստօրէն հետևել հրադադարի մասին պայմանագրին, տեղերում զսպւածութիւն ցուցաբերել, ջանք չխնայել փոխզիջման ոգու ամրապնդման համար, որն անհրաժեշտ է առաջընթացի հասնելու համար, զերծ մնալ բացասական բնոյթի հրապարակային յայտարարութիւններից, ինչպէս նաև լուրջ երկխօսութիւն սկսելու համար համոզիչ քաղաքական կամք ցուցադրել։ Ինչպէս նշւում է յայտարարութիւնում, ի պատասխան ճակատային գծի երկայնքով վերջին միջադէպերի՝ համանախագահները վճռականօրէն դատապարտում են հրադադարի պայմանագրի իւրաքանչիւր խախտում, ափսոսում են մարդկանց անիմաստ մահւան համար, ինչպէս նաև յիշեցնում Ալմաթիում երկու երկրների նախագահների յայտարարութեան մասին, ըստ որի՝ ուժի կիրառումը բարդացնում է իրավիճակը և կարող է յանգեցնել ընդամէնը տառապանքների, աւերածութիւնների և հակամարտութեան ու թշնամանքի շարունակման։
Tert.am

0 Պատգամ: