ԱՄՆ կոնգրէսականները Վաշինգտոնին կոչ են անում
սահմանափակել Ադրբեջանին տրամադրւող ռազմական
օգնութիւնը

12:18 • 03.09.10
Ամերիկացի կոնգրէսականներ Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը, ովքեր ԱՄՆ կոնգրէսի հայկական խմբի համանախագահներն են, դատապարտել են վերջերս Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գօտում ադրբեջանական զինւած ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դէպքերը։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հ. Յ. Դ. Հայ Դատի Յանձնախումբը (ԱՀԴՀ)։
«Մենք չենք կարող թոյլ տալ, որպէսզի Ադրբեջանի զինւած ուժերի այդ սադրանքները շարունակւեն, և ես խստագոյնս դատապարտում եմ դրանք։ Ես երկար ժամանակ զբաղւել եմ Ադրբեջանին տրամադրւող ռազմական աջակցութիւնը սահմանափակելու քարոզչութեամբ, իսկ նրանց վերջին գործողութիւնները միայն գալիս են ապացուցելու թէ ինչու ԱՄՆ–ը չի կարող թոյլ տալ, որպէսզի մեր ռեսուրսներն օգտագործւեն տարածաշրջանում անկայունութիւն հրահրելու նպատակով»,– ասւում է Փալոնեի տարածած յայտարարութիւնում։
Իր հերթին Մարկ Քըրքն ասել է, որ տարածաշրջանում Ադրբեջանի շարունակ ուժգնացող ագրեսիւ վարքագիծը չպէտք է անտեսւի միջազգային հանրութեան և ԱՄՆ քաղաքականութեան համար պատասխանատուների կողմից։
«Քանի որ Բաքուն մեծացնում է Լեռնային Ղարաբաղում լարւածութիւնը ես խստօրէն յօրդորում եմ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, որպէսզի նա օգնի սահմանափակել Ադրբեջանին տրամադրւող ռազմական աջակցութիւնը»,– ասել է Քըրքը։
Իր հեթին ԱՀԴՀ գործադիր տնօրէն Արամ Համփարեանն ասել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի դատապարտում Ադրբեջանի յարձակումները և պատերազմը վերսկսելու սպառնալիքները, ինչի հետևանքով Իլհամ Ալիևի ռեժիմը միայն աւելի ինքնավստահ է դարձել և հրադադարի ռեժիմի խախտումներով մեծացնում է լարւածութիւնն ու վտանգի տակ դնում խաղաղ բանակցային գործընթացը։
«Մենք ակնկալում ենք, որ պետքարտուղար Քլինթոնը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն կոշտ յայտարարութեամբ հանդէս կգան Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դէպքերի առնչութեամբ և անյապաղ քայլեր կձեռնարկեն, որպէսզի ԱՄՆ-ի ռազմական աջակցութիւնը չօգտագործւի Լեռային Ղարաբաղի ժողովրդի դէմ»,– նշել է Համփարեանը։
Ի դէպ, կոնգրէսականներ Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանին նամակ են ուղարկել և շնորհաւորել Արցախի անկախութեան հռչակման 19–րդ տարեդարձի առիթով։

Tert.am

0 Պատգամ: