Հնում մի հարսանիք էլ կարմիր
խնձորի համար էր արւում.
Ազգագրագէտը դժգոհ է
հայկական ժամանակակից
հարսանիքներից
16:05 • 08.09.10
Այսօրւայ հարսանիքները աւանդական հայկական հարսանիքների ծիսաշարի ընդամէնը մի աղքատիկ տեսարանն են: Այս թեմայի շուրջ այսօր հրաւիրած ասուլիսին նման տեսակէտ յայտնեց պատմական գիտութիւնների դոկտոր պրոֆեսոր, ազգագրագէտ Ռաֆայէլ Նահապետեանը՝ յիշեցնելով, որ նախկինում հայկական հարսանիքները տևել են 7 օր ու գիշեր։
«Հիմա այդ հասանիքներն անում են ընդամէնը մի երեկո։ Էլ չկայ մսացուի յատուկ օր, հաց ու խմորի օր»,- մտահոգւեց նա։
Ըստ նրա՝ բարեբախտաբար գիւղական վայրերում որոշ չափով պահպանւում է հին հարսանիքների աւանդոյթը։ «Օրինակ, վերջերս Իջևանում հարսանիքի քաւոր էի։ Այնտեղ հարսին հօր տնից դուրս հանելիս ճանապարհները փակեցին նոյնիսկ տրակտորներով, ձիերով ու փող էին պահանջում։ Դա հին անցեալից է գալիս։ Իսկ ի՞նչ վատ է, որ էդ սովորոյթը կայ։ Ես շատ կուզէի, որ մեր հարսանիքները ծիսական հարուստ սովորոյթներով ընթանային»,- նշեց նա։
Ըստ ազգագագէտի՝ հնից պահպանւած սովորոյթ է քաւորի ինստիտուտը։ Բայց այսօր փոխւել է քաւորի դերակատարութիւնը. նախկինում քաւորը կատարում էր տղայի հօր գործառոյթները։ «Քաւորը մեծ պարտականութիւններ է ունեցել՝ սկսած աղջկայ ընտրութիւնից, հարսանեկան արարողութիւնը մինչև վերջ գլխաւորելուց մինչև մանկածնութիւնն ապահովելու գործընթացը։ Երկունքի պահին հարսը դժւարին իրավիճակում էր, իսկ քաւորը պէտք է պարտադիր լինէր կտուրին՝ հրացանը ձեռքին, որ չարքերին հեռացնէր և ծնունդը հեշտացնէր»,- պատմութիւնից դրւագներ ներկայացրեց Նահապետեանը։
Պահպանւել է նաև հարսին հոր տնից դուրս հանելիս ճանապարհը փակելու, հարս ու փեսային մեղր ուտեցնելու, բազմաթիւ բաժակաճառեր ասելու աւանդոյթը։ «Հնի մնացորդներից կարելի է առանձնացնել նաև մսացու մորթելու ու տորթ կտրելու արարողութիւնը։ Հարս ու փեսայի դէմքին տորթ քսելը նոյն բեղմնաւորման, պտղաւորման արարողութիւնն է»,- ասաց ազգագրագէտը։
Նա կողմ է աղջիկներին օժիտ տալու սովորոյթին, սակայն դա չպէտք է գռեհկացնել։ «Գիւղական, նաև քաղաքային վայրերում մէկիկ-մէկիկ ցոյց են տալիս՝ 12 բաժին սպիտակեղէն, 12 բաժին, կներէք, կանացի ներքնազգեստ։ Ընդ որում՝ 16-ը հիմա դարձաւ 12։ Հիմա սազական չէ այդ մտածելակերպն ունենալ»,- նշեց նա։ Այսօր, ըստ մասնագէտի, օժիտի ծաւալներն այնքան են մեծացել, որ ծնողներին իրենց աղջիկներին բնակարանի բանալի են տալիս։
«Հարսը տուն մտնելուց յետոյ չի վայելում սկեսրանց տան հարազատների ջերմութիւնը, բանալին տալիս են, ասում են՝ գնայ և ապրիր ինքնուրոյն։ Ազգանունս Նահապետեան է, երևի կմտածէք՝ հին դարերից եկող մարդ եմ, բայց ես չեմ ուզում, որ իմ հարսը գայ և անմիջապէս գնայ։ Նա պէտք է զգայ տան շունչը, իր ամուսնու ծնողներին վերաբերւի իբրև իր ծնողի, հոգատարութիւն տեսնի նրանցից և ինքն էլ հոգատար վերաբերմունք ունենայ»,- ընդգծեց Նահապետեանը։
Նրա կարծիքով՝ օժիտը բացասական իմաստ ունի այն դէպքում, եթէ յաճախ դա դառնում է քննարկման առարկայ, «երբ սկեսուրները ամէն րոպէ կարող են անուշիկ հարսին երեսով տալ»։
Անդրադառնալով կարմիր խնձորի արաղութեանը՝ ազգագրագէտը նշեց, որ դա հայերին բնորոշ և հարազատ իրողութիւն է և աւելի կայուն է պահպանւել, քան որևէ այլ ժողովրդի մօտ։
Դա, ըստ Նահապետեանի, մեր ժողովրդին բնորոշ և շատ սազական է, ամօթխածութեան, հրաշալի պահւածքի արտահայտման ձևերից մէկն է։ Դրան չհետևողները զայրոյթ են առաջացնում ազգագրագէտի մօտ։
«Բա լաւ, եկէք մեր ազգային էթնիկ իւրայատկութիւնները բոլորը մոռանանք, լցնենք գետը, թող հոսի գնայ։ Այդ երևոյթի ականատեսները գալիս են սկեսուրի նախաձեռնութեամբ։ Սկեսուրն այդ ժամանակ 7-րդ երկնքում է յայտնւում։ Պատկերացրէք իր հարևանները, դրկիցները... Հետագայում ամօթանքից և այլ բաներից խուսափելու համար է դա անում, հպարտ ու պարզ ճակատով ցոյց է տալիս՝ տեսէք իմ հարսը ինչ օրինաւոր ընտանիքից է»,- նշեց նա։
Նահապետեանի խօսքով՝ հնում մի հարսանիք էլ արւում էր կարմիր խնձորի կապակցութեամբ. «Դրանով սկեսուրը հարսի վատը չի ուզում, պարզապէս իր գոյութեան հպարտութեան կողմն է ապահովում»։

Tert.am

0 Պատգամ: