Սահակեանը կոչ է արել`
Ադրբեջանին
կառուցողական դաշտ
բերելու մասին
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանն այսօր ընդունել է նոյն օրը Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկէին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիէին (Ֆրանսիա): Ինչպէս հաղորդում է Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատւութեան գլխաւոր վարչութիւնը` հանդիպման ընթացքում քննարկւել է ադրբեջանա-Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն առնչւող հարցերի լայն շրջանակ:
Երկուստէք նշւել է, որ հակամարտութեան կարգաւորման ուժային տարբերակը բացարձակապէս անընդունելի է: Միաժամանակ Բակօ Սահակեանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից վերջերս զինադադարի ռեժիմի յաճախակի խախտումները մտահոգութիւններ են առաջացնում, լուրջ վտանգ ներկայացնելով ինչպէս տարածաշրջանում կայունութեան և անվտանգութեան պահպանմանը, այնպէս էլ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս համատեքստում երկրի ղեկավարը համանախագահներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:
Երկուստէք ընդգծւել է նաև, որ արցախեան հիմնախնդիրը պէտք է կարգաւորւի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և այն այլ ատեաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը չեն նպաստում հակամարտութեան կարգաւորմանը:
Հանդիպմանը ներկայ էր Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Գէորգի Պետրոսեանը, ինչպէս նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպշիկը:

ԱՅՍՕՐ, 18:13
Aysor.am

0 Պատգամ: