Ադրբեջանահայութիւնը
նամակ է յղել ՄԱԿ-ի
Գլխաւոր ասամբլեային

Սեպտեմբեր 07, 2010 18:24
Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայում «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացւած տարածքներում» բանաձեւի քննարկումից առաջ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեային նամակ է յղել Ադրբեջանահայերի ներկայացուցիչների Համաժողովի Կազմկոմիտէն: Նամակում մասնաւորապէս նշւում է, որ Ադրբեջանի կողմից ներկայացւած այդ բանաձեւի նախագծում չկայ ոչ մի բառ ադրբեջանահայութեան մասին, թէեւ այն նախ եւ առաջ հէնց վերջինիս ճակատագրի մասին է: Նամակի հեղինակները նշում են, որ 1988թ. Հայաստանին միանալու` Լեռնային Ղարաբաղի պետական ատեանների որոշմանն ի պատասխան, բռնութիւններ ծաւալւեցին ոչ միայն եւ ոչ այնքան Ղարաբաղահայութեան, որքան ադրբեջանահայութեան նկատմամբ: Բաքւում, Սումգայիթում, Կիրովաբադում, Ադրբեջանի տասնեակ այլ փոքր եւ մեծ բնակավայրերում ապրող հարիւր հազարաւոր հայեր չհասցրեցին անգամ հասկանալ, թէ ինչ է կատարւեց, երբ թիրախ դարձան դաժանագոյն տանջանքների, հալածանքների, սպանութիւնների, տեղահանումների` զուտ մէկ պատճառով՝ որ իրենք ՀԱՅ էին: Եւ եթէ Ղարաբաղահայութեան դէպքում որպէս «բացատրութիւն եւ արդարացում» նման ոճրագործութիւնների հնչեցւում էին սեպարատիզմ, էքստրեմիզմ բառերը, ապա ադրբեջանահայութեան դէպքում չկար ոչ մի հիմնաւորում, բացի հալածեալների Հայ լինելուց:
«Երբ լսեցինք ՄԱԿ-ում Ադրբեջանի օկուպացւած տարածքների հարցի լսումների մասին, մի պահ թւաց, թէ սառոյցը վերջապէս տեղից շարժւել է: Որ, ի վերջոյ, կխօսւի Բաքւի Արմենիքենդի եւ Գեանջայի հայկական թաղամասերի, Ադրբեջանի` տասնեակ եւ հարիւրաւոր հայկական բնակավայրերի մասին, որտեղից բնիկ ժողովուրդն ուժով քշւել է ջարդարար խուժանի եւ նրանց հետ ուս-ուսի գործող ոստիկանութեան ու բանակի ստորաբաժանումների կողմից: Ահա սրանք են, իրոք, օկուպացւած տարածքներ եւ ոչ թէ պատերազմի հետեւանքով ամայացած, անմարդաբնակ դարձած, աւերւած մի քանի շրջաններ , որ այս բովանդակ աշխարհում ադրբեջանահայութեանը մնացած միակ քիչ թէ շատ օրինական հողակտորն էր:
Եւ այսօր առաջ է քաշւած այս ողջ անօրէնութիւնները ՄԱԿ-ի կողմից վաւերացւելու հարցը: Դա արդիւնք չէ ինչ-ինչ ուժերի խարդաւանքների: Եթէ նրանց ձեռնարկը այս անգամ եւս յաջողութեամբ պսակւի, մենք այլեւս ասելու մէկ բան ունենք: Այս «իրատեսական» քաղաքականութեան դասերը, որ աւելի քան երկու տասնամեակ մատուցւում են ադրբեջանահայութեանը, մեզ պարտադրում են դառնալ գործօն: Այս գործընթացի հեղինակներին եւ հովանաւորներին ուզում ենք ասել, որ ընդունւող փաստաթուղթը լինելու է աւելորդ եւ անարդիւնք: ՄԱԿ-ից պահանջում ենք վերականգնել մեր՝ անօրինաբար տեղահանւած ադրբեջանահայերի բոլոր ոտնահարւած իրաւունքները համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրութեան եւ հիմնարար Կոնվենցիաների»,- ասւած է Ադրբեջանահայերի ներկայացուցիչների Համաժողովի Կազմկոմիտէի նամակում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: