Ադրբեջանցիները
Ղարաբաղեան դիրքի
վրայ յարձակւել են
ութ հոգանոց խմբով

Սեպտեմբեր 04, 2010 17:23
Ադրբեջանական դիվերսիոն խումբը, որն այսօր՝ սեպտեմբերի 4-ի առաւօտեան յարձակւել է Լեռնային Ղարաբաղի դիրքերի վրայ, նպատակ է ունեցել գերեւարել որեւէ Հայ զինւորի:
Տեղում իրադարձութիւններին ծանօթանալու համար Լեռնային Ղարաբաղ են մեկնել լրագրողներ, որոնք փոխանցում են, թէ դիվերսիոն խումբը բաղկացած է եղել 8 հոգուց: Հակառակորդը ԼՂՀ Պաշտբանական Բանակի դիրքերի վրայ է յարձակւել 3 ուղղութիւններով: Դիվերսանտներից մէկը ցատկել է խրամատ եւ ձեռնամարտի բռնւել ժամկէտային զինծառայողների հետ: Ժամկէտային զինծառայող Արման Մանուկեանին յաջողւել է տապալել ադրբեջանցի յատուկ ջոկատայինին, իսկ վրայ հասած ծառայակիցը գնդակահարել է հակառակորդին:
Սպանած ադրբեջանցի դիվերսանտը եղել է բաւական լաւ զինւած: Մասնաւորապէս նրա մօտից յայտնաբերւել են իսրայէլական արտադրութեան գիշերային տեսասարք, դանակներ, խլացուցիչով ինքնաձիգ: Նա եղել մօտ 25-30 տարեկան, մկանօտ երիտասարդ:
Դէպքից քիչ անց ժամանել է Պ.Բ.–ի հրամանատար Մովսէս Յակոբեանը, ով ծանօթացել է հանգամանքներին: Գեներալը շնորհակալութիւն է յայտնել եւ հրամանատարական ժամացոյցներով պարգեւատրել է զինւորներին՝ նշելով, որ նրանք պարգեւատրւելու են նաեւ կառավարական պարգեւներով:
Ի դէպ, Ղարաբաղի հետախուզութիւնը տեղեկութիւնների է տիրապետում, որ ձախողումից յետոյ ադրբեջանական բանակում իսկական խուճապ է տիրում:
Նշենք, որ սեպտեմբերի 4-ին՝ ժամը 06:50-ի սահմանում Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարեւելեան ուղղութեամբ (Ջրաբերդ բնակավայրից մօտ 2կմ արեւելք) արձանագրւել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկւած համապատասխան գործողութիւնների եւ ծաւալւած մերձամարտի արդիւնքում ադրբեջանական գրոհայինները` Պ.Բ.–ի մարտական յենակէտում թողնելով 1 դիակ, յետ են շպրտւել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրայ, կան վիրաւորներ: Ըստ հետախուզական տւեալների՝ նրանցից մէկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, միւսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: Ղարաբաղեան կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանցի հրոսակները դիվերսիոն գործողութիւններ էին իրականացրել նաեւ օգոստոսի 31-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինւած ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղութեամբ: Մերձամարտի արդիւնքում վնասւածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանութեան բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերեանը:
Իսկ յունիսի 18-ին Չայլուի ուղղութեամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինւած դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինւոր, եւս 4-ը՝ վիրաւորւել էին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: