Ուղղափառները կաղօթեն
Սուրբ Սոֆիայում.
Էրդողանից
թոյլտւութիւն
հարցնող
չկայ
13:17 • 11.09.10
Սեպտեմբերի 17-ին յունական ծագումով ամերիկացի ազդեցիկ գործարար և քաղաքական գործիչ Քրիս Սփիրուի գլխաւորութեամբ մի խումբ ուղղափառներ պատրաստւում են այցելել Ստամբուլում գտնւող Սուրբ Սոֆիայի տաճար` այնտեղ աղօթելու և պատարագ մատուցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Haberturk-ը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութեան ակտիւ գործիչ, Նիւ Հեմփշայրի նախկին նահանգապետ և մեծահարուստ Քրիս Սփիրուն, որը, միևնոյն ժամանակ, «Ազատ Սուրբ Սոֆիա» միջազգային կազմակերպութեան նախագահն է, Սուրբ Սոֆիայում պատարագ մատուցելու առնչութեամբ ոչ մի թուլտւութիւն չի վերցրել թուրքական իշխանութիւններից: Փոխարէնը, Սփիրուն նամակ է գրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի կրօնական հարցերով վարչութեան ղեկավար Ալի Բարդաքօղլուին և նրանց, ինչպէս նաև մի շարք այլ բարձրաստիճան թուրք պաշտօնեաների հրաւիրել պատարագի արարողութեանը:
Քրիս Սփիրուն 2005թ. ստեղծել է «Ազատ Սուրբ Սոֆիա» միջազգային կազմակերպութիւնը, որի նպատակն է իր նախկին կարգավիճակին վերադարձնել նախ մզկիթի, իսկ այնուհետև թանգարանի վերածւած Սուրբ Սոֆիան:
Պաշտօնական Անկարան առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել Քրիս Սփիրուի նախաձեռնութիւնը: Սակայն, մտաբերելով 2006թ. Սուրբ Սոֆիայի տաճարում տեղի ունեցած միջադէպը, դժւար չէ կանխատեսել, թէ ինչպիսի հետևանքեր կարող է ունենալ Սփիրուի նման համարձակ քայլը:
2006թ. նոյեմբերին թուրքական «Մեծ միասնութիւն» ազգայնական կուսակցութեան 39 անդամներ Ստամբուլում գրաւել էին Սուրբ Սոֆիայի տաճարը` ի նշան բողոքի ընդդէմ Հռոմի Բենեդիկտոս 16-րդ Պապի Թուրքիա կատարելիք այցի: Տաճար ներխուժելուց յետոյ ազգայնականները նախ նամազ էին արել, ապա սկսել էին վանկարկել կարգախօսներ՝ Պապի առաջիկայ այցի դէմ:
Յիշեցնենք նաև, որ օրեր առաջ թուրք իրաւապահներն արգելել էին «Հայ ասպետ» հեռուստամրցոյթի յաղթող թիմի անդամներին մոմ վառել, խունկ ծխել և աղօթք անել Աղթամարի սուրբ խաչ եկեղեցում։
Tert.am

0 Պատգամ: