Ցեղասպանութեան Ճանաչումն Ու Պահանջատիրութիւնը Լռութեան Մատնելու Վտանգի Առաջ Ենք



02.10.2009 21:47
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն սեպտեմբերի 30-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում հայութեանը կոչ է անում «ոչ» ասել հայ-թուրքական արձանագրութիւններին եւ շարունակել պայքարը ի խնդիր Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու արդարայատոյցի, ինչպէս նաեւ հայ ժողովրդի պատմական հողերի վերադարձի: Յայտարարութեան ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորեւ.-
Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ համայն հայութիւնը Հայաստանում ու Սփիւռքում կանգնած է 1915-1923 թթ. Ցեղասպանութեան ճանաչման ու արդարայատոյցի պահանջատիրութիւնը լռութեան մատնելու վտանգի առաջ:
Հայաստանի եւ Թուրքիայի իշխանութիւնները պատրաստւում են ստորագրել երկու երկրների յարաբերութիւնների բնականոնացման մի փաստաթուղթ, որ հիմնւած է 2009 թ. օգոստոսի 31-ին համաձայնեցւած արձանագրութիւնների տրամադրութեան վրայ:
Այդ արձանագրութիւններին հետեւելով՝ երկու երկրները փոխադարձաբար ճանաչում են եւ վաւերացնում ներկայ սահմանները, յանձնառութիւն են վերցնում յարգելու «տարածքային ամբողջականութեան» սկզբունքը եւ համաձայնում են իրենց մէջ գոյութիւն ունեցող «պատմական» հարցերը քննարկել միջկառավարական յանձնախմբերից ու մասնագէտներից բաղկացած ենթայանձնախմբերի միջոցով:
Արձանագրութիւնների քննարկման գործընթացի պայմանաժամը, ըստ օգոստոսի 31-ի փաստաթղթի, երկու երկրների միջեւ յարաբերութիւնների բնականոնացման համաձայնագրի ստորագրման ժամկէտը զուգադիպում է 1921 թ. հոկտեմբերի 13-ին ստորագրւած Կարսի դաշնագրի տարեդարձին: Այդ դաշնագրով է, որ Հայաստանին պարտադրեցին ներկայիս սահմանները:
Հայաստանի անկախացումից յետոյ երկու երկրների միջեւ սահմանները փակւեցին 1993-ին Թուրքիայի միակողմանի նախաձեռնութեամբ: Այդ թւից ի վէր Հայաստանը որդեգրել է առանց նախապայմանների յարաբերութիւնների բնականոնացման սկզբունքը: Թուրքական կողմը, սակայն, երեք պայման է դրել այդ քայլին դիմելու համար. Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ճիգերի դադարեցում, ներկայ սահմանների վաւերացում եւ Արցախի հիմնախնդրի լուծում ի նպաստ Ադրբեջանի:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կողմ է եղել եւ մնում է երկու երկրների միջեւ առանց նախապայմանի բարիդրացիական յարաբերութիւնների հաստատմանն ու սահմանների վերաբացմանը: Ընդդիմացել է, սակայն, եւ դէմ է մնում յարաբերութիւնների բնականոնացման որեւէ նախապայմանի: Ըստ այդմ՝ համարում է, որ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների բնականոնացման ներկայ գործընթացը շեղւել է այդ բնականոնացումը առանց նախապայմանների իրագործելու սկզբունքից, որովհետեւ ստորագրւած արձանագրութիւնները՝
1. Պաշտօնապէս վաւերացնում են երկու երկրների միջեւ Կարսի դաշնագրով պարտադրւած ներկայ սահմանները, ինչը նշանակում է հրաժարւել հայ ժողովրդի պատմական հողերի պահանջատիրութիւնից:
2. Համաձայն լինելով երկու երկրների միջեւ առկայ «պատմական» խնդիրները քննարկելուն՝ ընդառաջում է թուրքական պետութեան՝ 2005-ին բանաձեւած առաջարկին, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանութեան պատմական ճշմարտութիւնը պէտք է ճշտւի «մասնագէտների» յանձնաժողովի կողմից: Նման առաջարկին թէկուզեւ անուղղակի ընդառաջումը ինքնին կասկածի տակ է դնում Ցեղասպանութեան պատմական ճշմարտութիւնը, հետեւաբար ենթարկւում է Թուրքիայի ժխտումի պետական քաղաքականութեան տրամադրութիւններին:
3. Ընդունելով տարածքային ամբողջականութեան սկզբունքը՝ առանց նշելու ինքնորոշման իրաւունքի սկզբունքը, վտանգի տակ է դնում Արցախի հիմնախնդրի արդար լուծումը:
Արձանագրութիւնները, ուրեմն, ակնառու փաստ են, որ երկու երկրների յարաբերութիւնները այս գործընթացով կը բնականոնացւեն թուրքական կողմի նախապայմանների ընդունումով: Աւելին, ներկայ գործընթացը թուրքական կողմի համար առիթ կստեղծի ե'ւ Հայաստանի վրայ իր ճնշումն աւելացնելու, ե'ւ Սփիւռքը որպէս քաղաքական ազդեցիկ գործօն չեզոքացնելու ուղղութեամբ իր ճիգերը բազմացնելու:
Գիտակցենք, որ այս գործընթացով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բնականոնացումը կարող է զօրաւոր հարւած հասցնել սերունդների պայքարով Հայ Դատի ձեռք բերած առաջընթացին եւ չեզոքացնել արձանագրւած յաջողութիւնների քաղաքական կարողականութիւնը։
Հաւատարիմ Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարայատոյցի, ինչպէս նաեւ հողային պահանջատիրութեան իր ծրագրային սկզբունքներին,
ողջունելով Հայ քաղաքական աւանդական կուսակցութիւնների բարձրագոյն ղեկավարութիւնների, ինչպէս նաեւ հասարակական կազմակերպութիւնների եւ յայտնի անձնաւորութիւնների միայամուռ կեցւածքն ու զօրաշարժը հայրենիքում ու Սփիւռքում,
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն Արգենտինայի, Ուրուգվայի եւ Բրազիլիայի իր շարքերի, ուղեկից կազմակերպութիւնների՝ Հայ օգնութեան միութեան, Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան ու Համազգայինի եւ իր հետեւորդ համակիր լայն զանգւածի անունից չի ընդունում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների բնականոնացումը ներկայ արձանագրութիւնների պայմանաւորմամբ եւ կոչ է անում Հայաստանի իշխանութիւններին՝ չստորագրել համաձայնագիրը՝ առանց այն ենթարկելու այնպիսի բարեփոխումների, որոնք կը վերահաստատեն առանց նախապայմանների յարաբերութիւնների բնականոնացման սկզբունքը:
Միաժամանակ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն իր համագործակցութեան ձեռքը պարզած է պահում Արգենտինայի, Ուրուգվայի եւ Բրազիլիայի հայկական համայնքներում գործող քաղաքական կուսակցութիւններին, հասարակական կազմակերպութիւններին, հայրենակցական միութիւններին, ազդեցիկ անձնաւորութիւններին եւ իւրաքանչիւր քաղաքացու, ով յանձնառու է իր ինքնութեան եւ հայ ժողովրդի արդար պահանջատիրութեան, որպէսզի միացեալ կերպով դէմ կանգնենք թուրք ցեղասպան պետութեան այս նորագոյն ճնշումին եւ շարունակենք մեր պայքարը ի խնդիր Հայոց ցեղասպանութեան ճանաչման ու արդարահատոյցի, ինչպէս նաեւ հայ ժողովրդի պատմական հողերի վերադարձի:



Հայ Յեղափոխական Դաշնակցութեան
Հարաւային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէ
Բուենոս Այրես
սեպտեմբերի 30, 2009

0 Պատգամ: