Րաֆֆի Յովհաննիսեանի համար արձանագրութիւնների ստորագրումը «հրաժարական է հայրենիքից»



2009թ.02.10.2009
Իրինա Յովհաննիսեան, Ռուզաննա Ստեփանեան

Ընդդիմադիր «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր Րաֆֆի յովհաննիսեանը ուրբաթ օրը յայտարարեց, թէ այն մարդը, ով կստորագրի կամ ստորագրել կտայ հայ-թուրքական արձանագրութիւնները, հրաժարական կտայ ոչ միայն իր պաշտօնից, այլեւ հայրենիքից:
Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը միաժամանակ նշեց, որ իր քաղաքացիական մաղթանքը Սերժ Սարգսեանին այն է, որ նա «չընթանայ այդ ընթացքով»:
«Այսօր Ղարաբաղեան շարժման նւիրեալ ղեկավարներից մէկի սեղանին դրւած է շատ լուրջ պատասխանատւութիւն», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Յովհաննիսեանը: - «Ով եկել է Հայաստան եւ ստանձնել է կարեւոր պաշտօններ, ով իշխանութեան եկել է վիճահարոյց եւ կեղծւած ընտրութիւնների միջոցով եւ արեան մեծ բեռով: Լեգիտիմութիւնը եթէ չի իրացւել ընտրութիւնների միջոցով, պէտք է դա արւի կոնկրէտ հասարակական վստահութիւնը վայելող, համայն մանդատ ենթադրող քայլերով: Բայց ակնյայտ է նաեւ, որ նա, ով ստորագրի կամ ստորագրել տայ այդ փաստաթղթերը, ինքը հրաժարական է տալիս ոչ միայն նախագահի պաշտօնից, այլեւ մեր հայրենիքից»:
Ի պատասխան «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին, թէ ինչ է անելու «Ժառանգութիւն»-ը արձանագրութիւնների ստորագրումը կանխելու համար եւ հնարաւոր է, որ կուսակցութիւնը բարձրացնի Սերժ Սարգսեանի հրաժարականի պահանջը, Յովհաննիսեանն ասաց, թէ դա «ձեւական պահանջ» է, քանի դեռ չկայ «քաղաքական ուժերի միասնութիւն, որը կբերի այդ պահանջի իրականացմանը»:
«Ես միշտ դէմ եմ եղել հերթական ցուցադրական պահանջներ կատարել», - ասաց նա: - «Բայց հրաժարականը նաեւ այն բանն է, որ պէտք է ինքը հասունանայ առարկայօրէն, եւ պահանջելը հերիք չէ. գործողութիւններ պէտք է, հասարակական միասնութիւն պէտք է: Ես չեմ ցանկանում դա անձնապէս եւ չեմ էլ ուզում ասել, որ ինքն է դա ցանկանում: Բայց դա արդէն գործերով, փաստերով, այդ օրւայ գործողութիւններով կերեւայ»:
Յովհաննիսեանն ասաց, որ վերջին շրջանում փորձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ ընդհանուր յայտարարի միջավայր ստեղծել, ինչը, սակայն, չի յաջողւել, եւ դրա համար մեղաւոր են թէ' «Ժառանգութիւն»-ը, թէ' Դաշնակցութիւնը եւ թէ' Հայ ազգային կոնգրէսը:
Նրա խօսքով, լաւ քայլ է, որ «Ժառանգութիւն»-ն ու ՀՅԴ-ն համագործակցում են խորհրդարանում, բայց բաւարար չէ. անհրաժեշտ է «աւելի մեծ միասնութիւն»:
Անդրադառնալով ներկուսակցական խնդիրներին՝ «Ժառանգութեան» հիմնադիրը ասաց, թէ գլոբալ առումով կատարւածի մեղաւորն ու պատասխանատուն ինքն էր, բայց իր գործընկերները դա չպէտք է դիտարկեն իբրեւ «անպատասխանատւութեան եւ անբարոյական պահւածքի խթան»: Յովհաննիսեանի խօսքով, ոմանք իրենց արտայայտություններով ցոյց են տւել, որ վաղուց են հեռացել «Ժառանգութիւն»-ից:
Նա ասաց, որ գալիք տարեսկզբին պահանջելու է կուսակցութեան արտահերթ համագումար, որի օրակարգում կը դրւեն ոչ միայն համապետական մարտահրավէրները, այլեւ «հիմնովին կլուծւեն» «Ժառանգութեան» ներկուսակցական խնդիրները:
«Այնտեղ նաեւ դրւելու է իմ պատասխանատւութեան եւ իմ վստահութեան խնդիրը, եւ ես անդրադառնալու եմ բոլորի վարքին: Եւ այլեւս հերիք է, որ ես ուրիշների անունից՝ լինեն նրանք նախագահ թէ համախոհներ թէ կուսակից ընկերներ, ես հրաժարական տամ կամ ես ներողութիւն խնդրեմ: Ամէն մէկը՝ իր համար»:
յովհաննիսեանն ընդունեց, որ «Ժառանգութեան» վերջին համագումարում կեղծիքներ եղել են: Շեշտեց, թէ, լինելով վարչութեան նախագահ, չիրականացրեց անհրաժեշտ վերահսկողութիւն եւ թոյլ տւեց շահերի բախում:
«Որոշ մարդիկ, իմ կարծիքով, մտահոգ էին, որ քւորումի խնդիր կլինէր այդտեղ», - շարունակեց նա: - «Իրենք ուզեցին բարի նպատակներով ինչ-որ սխալ գործեր իրացնել, գնալ կեղծիքի ճամփով, որը անընդունելի է»:
Հարցին, թէ արդեօք հանդիպել է կուսակցութիւնից հեռացւածների հետ, Յովհաննիսեանը արձագանքեց, թէ հանդիպել ու խօսել է բոլոր նրանց հետ, ովքեր ցանկացել են հանդիպել:
«Ժառանգութիւն» կուսակցութեան վարչութեան սեպտեմբերի 9-ի որոշմամբ կուսակցութիւնից հեռացւած անդամները համոզւած են, որ Րաֆֆի Յովհաննիսեանը պատգամաւորական մանդատից չհրաժարւեց ներկուսակցական խնդիրների պատճառով։
Մովսէս Արիստակեսեանը, ով համամասնական ցուցակով խորհրդարանում պէտք է զբաղեցներ Րաֆֆի Յովհաննիսեանի տեղը, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում կարծիք յայտնեց, որ «Ժառանգութեան» հիմնադիրը հետ է վերցրել մանդատից հրաժարւելու դիմումը, որպէսզի ինքը պատգամաւոր չդառնայ։ Աւելին, Րաֆֆի Յովհաննիսեանը նամակով հորդորել է Արիստակեսեանին հրաժարւել կուսակցութեան համամասնական ցուցակով իրեն հասանելիք մանդատից. - «Խորհրդապահական նամակ է ուղարկել եւ խորհուրդ է տալիս, որ աւելի լաւ է ես գնամ եւրոպաներում աշխատեմ, կամ գնամ 8-րդ ընտրատարածքում, որտեղ Յակոբ Յակոբեանն է իր թեկնածութիւնը դրել մեծամասնական, իմ բախտը փորձեմ ընտրւելու»։

0 Պատգամ: