ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՀԱՏԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԽՕՍՔԸ
ՄԱԿ-ում ադրբեջանցիները կրկին յիշել են իրենց հաշիւները հայերի հետ



14:00 / 20.10.2009
Հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի Երրորդ կոմիտէում օրակարգի Երեխաների իրաւունքներին վերաբերող կէտի քննարկումների ժամանակ, ադրբեջանական կողմը կրկին յիշել է հայերին:
Մասնաւորապէս Ադրբեջանի ներկայացուցիչը, հերթական անգամ շեղւելով բուն նիւթից, խօսել է «Հայաստանի կողմից գրաււած տարածքների», «փախստականների, անօթևան բնակչութեան, երեխայ զինւորների, Խոջալուի վայրագութիւնների» մասին:
Այս անգամ, սակայն, Ադրբեջանի ներկայացուցչի երկարաշունչ ելոյթն ընդհատել է նիստը նախագահողը՝ մատնանշելով, որ ադրբեջանական կողմը չարաշահում է իրեն յատկացւած ժամանակը և խնդրել է աւարտել ելոյթը: Իսկ երբ ադրբեջանցին փորձել է շարունակել իր ելոյթը, նախագահողի կարգադրութեամբ նրա բարձրախօսն անջատել են:
Օգտագործելով պատասխանի իր իրաւունքը` նիստին ելոյթ է ունեցել Հայաստանի պատւիրակութեան ներկայացուցիչը, ով նշել է, որ ևս մէկ անգամ հանրութիւնը ականատես դարձաւ, թէ ինչպէս է Ադրբեջանն` անկախ օրակարգի թեմայից և պատեհութիւնից, փորձում հակահայկական քարոզչութիւն ծաւալել:
Հայաստանի ներկայացուցիչը անդրադարձել է հայազգի բնակչութեան դէմ Ադրբեջանի պետութեան կողմից իրականացւած պետական ահաբեկչութեանն ու վայրագութիւններին, ինչի արդիւնքում տասնեակ հազարաւոր կանայք և երեխաներ դարձան փախստականներ, հազարաւոր երեխաներ` որբ և հաշմանդամ:
Յիշեցնենք , որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի Երրորդ կոմիտէի իրաւասութեան տակ են հումանիտար (մարդասիրական) խնդիրները, այդ թւում` մարդու իրաւունքներին, ինքնորոշման իրաւունքին, սոցիալ-տնտեսական հիմնահարցերին, ռասիզմին, խտրականութեանը, թմրանիւթերի և մարդկանց ապօրինի տեղափոխման դէմ պայքարին առնչւող քննարկումները
:


«ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

0 Պատգամ: