Բուրսան՝ Թուրքիա-Հայաստան հանդիպման նախաշէմին.

13:49 / 14.10.2009
Բուրսայում իրավիճակը շարունակում է հանգիստ եւ խաղաղ մնալ: Բուրսա քաղաքի բնակիչները զարմացած են, որ հայկական պատւիրակութեանը նման աննախադէպ հսկողութեան տակ են պահում:
Քաղաքացիներից շատերը նշում են, որ չնայած Բուրսայի երկրպագուները շատ կազմակերպւած եւ ֆանատիկ են. Սակայն միեւնոյն ժամանակ հիւրասէր են եւ վիրաւորւած են, որ իրենցից հեռու են պահում հայ հիւրերին:
Բուրսայի խաղաղ վիճակը փորձում են խախտել ադրբեջանցիները եւ նրանց աջակցող որոշ ազգայնական թուրքեր:
Այն վայրում, որտեղ հայկական հեռուսաընկերութիւնները կազմակերպում են արբանեակային հեռարձակում` մինչ հայ լրագրողների գալը, տեղի ունեցել 30 հոգանոց փոքր ցոյց` ադրբեջանական դրօշներով:

Սակայն երբ հայ լրագրողները ժամանել են այդ վայրը` ոստիկանութիւնը դադարեցրել է հաւաքը եւ հեռացրել մասնակիցներին: Եւ մի բան հաստատ պարզ է: Զրուցելով այն քիչ թւով խանութների եւ տաղաւարների աշխատակիցների հետ, որոնց աշխատավայրում կախւած է ադրբեջանական դրօշ, պարզւում է, որ նրանց 90 տոկոսը ունեն ադրբեջանական ծագում: Առաջին հայեացքից նրանց մատնում է իրենց ադրբեջանական բարբառը:
Ինչպէս Բուրսայից յայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քաղաքում մի տեսակ իրարանցում է առաջացրել նահանգապետի այն խօսքը, թէ չի արգելւելու ադրբեջանական դրօշ ծածանել մարզադաշտում: Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութը յայտարարել է, որ աշխարհի ցանկացած երկրի դրօշով կարելի է մտնել մարզադաշտ՝ Թուրքիա-Հայաստան խաղին, միայն թէ այդ դրօշներով մտնողները պէտք է դա անեն բարեկամութեան եւ խաղաղութեան մտադրութիւններով:
Յիշեցնեմ, որ աւելի վաղ Բուրսայի նահանգապետը ադրբեջանական դրօշի հետ կապւած յայտարարել էր, թէ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը ընդամէնը մրցախաղ է եւ ոչ թէ ադրբեջանաթուրքական դաշինքը ցուցադրելու միջոցառում: Իսկ երէկ, հայ եւ թուրք լրագրողների ներկայութեամբ, Բուրսայի նահանգապետը շեշտեց, որ այս խաղը ունի պատմական նշանակութիւն եւ դրական հող կը նախապատրասի թէ Հայաստան-Թուրքիա, թէ Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման գործում նոր ժամանակաշրջան սկսելու համար:
Հոկտեմբերի 13-ի երեկոյեան Բուրսայի նահանգապետը այդ քաղաքում գտնւող Հայաստանի հաւաքականին եւ հայկական պատւիրակութեան բոլոր անդամներին ուղարկել էր նւէրներ` տուփով Բուրսայի խորհրդանշական շաքարապատ շագանակ, Բուրսայի մասին պատմող գիրք, տեսասկաւառակ, իր անձնական այցէքարտը եւ այլն:
Մէկ այլ անհարթութեան մասին եւս:
Բուրսայի բազմաթիւ քաղաքացիներ արդէն երկար ժամանակ գալիս են Աթաթուրքի անւան մարզադաշտ՝ Թուրքիա-Հայաստան խաղի համար տոմսեր գնելու, սակայն մինչեւ օրս նրանց չի յաջողւել տոմսեր ձեռք բերել: Բուրսայի նահանգապետը յայտարարել էր, որ տոմսերը կը բաժանւեն անվճար: Սակայն պարզ է դարձել, որ տոմսերը կը բաժանւեն ոչ բոլորին, այլ, կարելի է ասել, ընտրւած մարդկանց:
Սրանով փորձ կարւի հսկողութեան տակ վերցնել խաղը եւ թոյլ չտալ անցանկալի զարգացումներ: Խաղի համար կբաժանւի 15000 տոմս` չնայած մարզադաշտը կարող է ընդունել մինչեւ 35 հազար հանդիսատես:
«Բուրսասփոր»-ի երկրպագուների մօտ այս որոշումը լուրջ դժգութիւն է առաջացրել, քանի որ նրանք, թէկուզ գումարով, ցանկանում են տոմսեր ձեռք բերել եւ դիտել խաղը, քանի որ երկար են սպասել այս հանդիպմանը: Երէկ Բուրսայի Աթաթուրքի անւան մարզադաշտի տոմսարկղերի մօտ հաւաքւած երկրպագուների խումբը իր բողոքը վերածեց հանրահաւաքի, որը, սակայն, շուտով ոստիկանութեան ուժերի կողմից ցրւեց:
Բուրսացիների հայկական պատւիրակութեան եւ հայկական հաւաքականի հանդէպ ընդհանուր առմամբ դրական պահւածքը եւ հիւրընկալութիւնը ստիպում է մտածել, թէ բուրսացիները ընկալում են, որ իրենք ակամայից դառնում են պատմական իրադարձութեան վկաները:

0 Պատգամ: