«ԱԶԱՏԱԳՐԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՆԹԱԿԱՅ ՉԷ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ»



Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան Բանակի զինւորն այսօր իր հայրենիքի, իր ընտանիքի պաշտպանութիւնը որեւէ մէկին չի վստահում: «Նայէք ինքներդ, այստեղից իմ տունն է երեւում:
Մենք արդէն պատերազմի միջով անցել ենք, մենք գիտենք, թէ ինչ է նշանակում ամէն օր Ադրբեջանի կրակոցների տակ ապրելը: Մեզ խաղաղապահ ուժերի կարիք չունենք»։
«Ա1+»-ին ասաց ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Կարէն Աբրահամեանը: Փոխգնդապետ Աբրահամեանը Ադրբեջանի իշխանութիւնների ռազմատենչ յայտարարութիւնները գնահատում է զուտ քաղաքական յայտարարութիւններ, որոնք ներքին սպառման համար են. «Եթէ Ադրբեջանը վստահ լինէր, որ կարող է անցնել ռազմական գործողութիւնների, ապա մինչ օրս կը դիմեր այդ քայլին»:
ԼՂՀ ՊԲ սպայ Արմէն Յարութիւնեանը գտնում է, որ հրադադարի 15 տարիներն ապացուցեցին, որ միայն իրենք են իրենց հողի տէրը. «Իմ հայրենիքի, իմ ընտանիքի պաշտպանութիւնը ես միայն ինձ եւ իմ ընկերներին կարող եմ վստահել: Այս հարցում մենք որեւէ մէկի աջակցութեան կարիքը չունենք»:
Տարածքների վերադարձի մասին լուրերին ԼՂՀ բանակում լուրջ չեն վերաբերում. «Սա մեր հայրենիքն է' ազատագրւած արեան գնով: Ես չեմ ցանկանում եւ չեմ էլ կարող այդ մասին անգամ մտածել:
Արեան գնով ազատագրած հողը ենթակայ չէ վերադարձման»,- ասաց փոխգնդապետ Աբրահամեանը: ԼՂՀ ՊԲ սահմանային զօրամասերից մէկում ծառայող Դաւիթ Եղիազարեանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ Ադրբեջանի իշխանութիւնների ռազմատենչ յայտարարութիւնները էլ աւելի են բարձրացնում զինւորների մարտական ոգին. «Ինձ համար պատիւ է հայրենիքիս ծառայելը: Դա մեզանից իւրաքանչիւրի պարտքն է»:

0 Պատգամ: