ԴԻՏԱՆԿԻՒՆ
Պարտւեցին. ֆուտբոլիստնե՞րը թէ՝ քաղաքագէտները
Մէկ տարի շարունակ թրքական կողմի մօտ պատանդ են պահւում առնւազն 11 հայեր, աւելի ճիշտ՝ մի քանի տասնեակ մարզիկներ եւ մարզիչներ, ովքեր աւանդաբար հանդէս են գալիս որպէս Հայաստանի Հանրապետութեան ֆուտբոլի հաւաքական: Նրանցից է կախւած վերջին մէկ տարում հայ-թրքական բանակցային մրցամարտի ելքը:
Այդպէս են փորձում ներկայացնել հայ հանրութեանը, բոլորը խօսում են ֆուտբոլի մասին, ինչպէ՞ս էին նրանք պատրաստւում, ո՞վ ինչպէս կը խաղայ կամ խաղաց, ինչո՞ւ այդպէս դարպասը պաշտպանեց Բերեզովսկին, պաշտպանական գիծն ապահովեց Սարգիս Յովսէփեանը, Գոհարեանը մի պահ վրիպեց:
Նոխազ է պէտք, քաւութեան նոխազ: Ֆուտբոլային դիւանագիտութեան քաւութեան նոխազ: Մեղաւորներն արդէն յայտնի են՝ մեր ֆուտբոլիստները չյաջողեցին: Ընդորում, ամէն բաց թողած գոլից յետոյ, Հայաստանի նախագահի թերեւս դիւանագիտական ժպիտի ներքոյ:
Մեր ֆուտբոլիստները արդէն մէկ տարի դարձել էին մահապարտ: Աւելի ճիշտ՝ նրանց դարձրել էին մահապարտ: Նրանք պէտք է անէին անհնարինը: Իսկ նրանք դա կարողանում էին անել: Նրանք դա արեցին, երբ խաղացին Եւրոպայի ախոյեանի՝ Պորտուգալիայի դէմ:
Սակայն, այդ խաղում նրանք մրցամարտը վարեցին հերոսաբար, ոչ ոքի արդիւնք ապահովելով՝ դարձան հերոս: Պարտաւոր էին, քանի որ պէտք է անէին: Խաղի ելնելուց նրանց մարզիչը, նրանց առաջնորդը՝ այժմ հանգուցեալ Եան Պորտերֆիլդը մահացու հիւանդ էր, ուշագնաց եղաւ՝ մինչ մարզադաշտ ելնելը, բայց եկաւ: Տղաները պարտաւոր էին ու կատարեցին իրենց պարտականութիւնը:
Մարզիկները սիրում են կամք, մարտականութիւն, պատասխանատւութիւն: Վերջին մէկ տարում, եթէ չհաշւենք հայկական օլիգարխիկ մթնոլորտը, հայ ֆուտբոլիստների համար միակ օրինակը հայ-թրքական յարաբերութիւններում ցիւրիխեան արարողութիւնն էր, երբ բոլորը՝ Թուրքիայի արտգործնախարարից սկսած մինչեւ օտար պաշտօնեաներ ժպտալով զօրակցում էին Հայաստանի նախարար Էդւարդ Նալբանդեանին, իսկ Սոլանան թօթւում էր նրա այտերը:
Հայ ֆուտբոլիստները հոկտեմբերի 14-ին պատանդ էին: Իրենցն արեցին: Անկախ ելքից: Մի խորհրդային ֆիլմի նման, որտեղ համակենտրոնացման ճամբարում, ուր ֆաշիստները իրենց կալանաւորներին ստիպում են ֆուտբոլ խաղալ գերմանացիների հետ: Ֆիլմում մերոնք յաղթում են, բայց՝ ֆիլմում:
Իրական կեանքում այսօր մերոնք չյաղթեցին, արդէն իրական կեանքում: Սակայն, դա կինօ չէ: Ինչպէս Հայաստանում են ասում՝ դիւանագիտութիւն, սառը դատողութիւն, ապագային նայելու կամք, ու այլեւս չգիտես ինչ ձեւակերպումներ, որ վերջին օրերին յորդում էր մեր լրատւամիջոցներից՝ անանուն քաղաքագէտների, դիւանագէտների, վերլուծաբանների շուրթերից:
0 Պատգամ:
Post a Comment