ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆԱԼԻՔԸ ԿԱԽՒԱԾ Է ՄՆՈՒՄ
ՕԴԻՑ


«Իշխանութիւնները հրեշաւոր ծրագիր են մտածել Համաժողովրդական շարժման դիմադրութիւնը կոտրելու համար և փորձում են կեղծ ընդդիմութիւն ստեղծել, որի շրջանակներում ժողովրդի ընդվզումը կլինի վերահսկելի»,- երէկ յայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբեանը:
«Այո, այսօր Դաշնակցութիւնը գործում է իշխանութիւնների գծած սցենարով, սակայն ՀՅԴ-ում կան մարդիկ, որոնք անկեղծ ընդվզում են արձանագրութիւնների դէմ»,- ասել է Զուրաբեանը:
Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլեանի յայտարարութեանը, թէ Համաժողովրդական շարժմանը չի յաջողւել հասնել իր նպատակներին՝ Զուրաբեանը խոստովանել է. «Այո, մենք չենք յաջողել:
Մեր երկու տարւայ շարժման նպատակն էր հասնել իշխանափոխութեան, որն իրականութիւն չի դարձել, որի պատճառներն են աննախադէպ ոստիկանական ռեպրեսիաները, 150-ից աւելի ընդդիմադիրների ձերբակալութիւնները, անօրինական արտակարգ ռեժիմը, հեռուստաընկերութիւնների՝ կամակատար լինելը»:
Զուրաբեանը վստահութիւն է յայտնել, որ իրենք այսօր էլ կարողանում են պահել ակտիվութիւնը, որովհետև ամէն պահի կարողանում են հրապարակ հանել 30-40 հազար ակտիվիստների:
Հարցին թէ՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը դէմ արձանագրութիւնների ստորագրմանը, եթէ Սերժ Սարգսեանն այսօր անում է այն, ինչ Լևոն Տէր-Պետրոսեանը ցանկանում էր անել 90-ական թթ., Զուրաբեանը պատասխանել է. «Լևոն Տէր-Պետրոսեանը եղել է Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման կողմնակից, բայց ոչ Ցեղասպանութեան ուրացման։
Լևոն Տէր-Պետրոսեանը երբէք չէր համաձայնի պատմաբանների յանձնաժողովի ստեղծմանը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպնութեան փաստը։ Այն ինչ կատարւեց Ցիւրիխում, ուրացում էր, այլ գնահատական հնարաւոր չէ սրան տալ»։
Ըստ Զուրաբեանի՝ արձանագրութիւնների ստորագրումը սովորական գործարք է։ «Արձանագրութիւնների ստորագրմամբ Հայաստանը մի կողմից գնում է Հայոց ցեղասպանութեան հարցում զիջման՝ փոխարէնն ակնկալելով բաց սահման, միւս կողմից՝ բաց սահմանի խոստումը, այլ կերպ ասած՝ Հայաստանի ստանալիքը կախւած է մնում օդից, որովհետև դա հնարաւոր կլինի միայն արձանագրութիւնների վաւերացման դէպքում»,- ասաց Զուրաբեանը՝ յաւելելով, որ Թուրքիան արձանագրութիւնները կը վաւերացնի միայն ԼՂ հարցում առաջընթաց նկատելու դէպքում։
ՀԱԿ համակարգողի կարծիքով՝ Հայաստանի փրկութիւնն իշխանութիւնների հրաժարականն է, որը հնարաւոր է միայն համաժողովրդական և համընդհանուր ընդվզման միջոցով։

«ԿԱՊԻՏԱԼ»

0 Պատգամ: