Ոտքի պԷտք է կանգնենք, քանի ուշ չէ...



30 Սեպտեմբեր, 2009
Մարիա Մուրադեան, զոհւած ազատամարտիկի այրի
Երկու ձեռքով դէմ եմ այս գործընթացին, ափսոս` էլի ձեռքեր չունեմ, որ թափահարեմ: Արցախ են հետ տալիս, ...Բա մեր զոհւած տղաներին ո՞վ է յետ բերելու: Երբ մեր տղաներին կը բերէն կը կանգնեցնեն մեր կողքին, այն ժամանակ էլ ինչ ուզում են` թող անէն: Զոհւած ազատամարտիկի կին եմ, այս ժողովուրդը մեղք է, հերիք է արցունք թափի:
Շուշան Անտոնեան ուսանողուհի
Կուսակցական չեմ, բայց դա չի խանգարում իմ ներդրումն ունենալ Դաշնակցութեան կազմակերպած այս բողոքի ակցիային: Որոշել եմ իմ ներդրումն ունենալ` բուկլետներ բաժանելով եւ մարդկանց խնդրին ծանօթացնելով: Թուրքիան պէտք է ճանաչի Ցեղասպանութիւնը: Երիտասարդներին էլ կոչ եմ անում լինել հայրենասէր, քանի որ դրանով է պայմանաւորւած մեր երկրի բարգաւաճումն ու զարգացումը:

Անդրանիկ Խլղաթեան պատմաբան, նստացոյցի մասնակից.
Այստեղ եմ հանուն իմ ազգային գաղափարների: Ինձ համար կարեւոր է, որ կանխւի թշնամի պետութեան հետ սահմանի բացումը: Կողմնակից կը լինեմ սահմանի բացմանը միայն այն ժամանակ, երբ Թուրքիան կը ճանաչի Ցեղասպանութիւնը, եւ «Հայկական հարցը» լուծում կստանայ: Եթէ այս արձանագրութիւնը այս կարգաւիճակով յետագայում պայմանագիր դառնայ, Հայաստանի եւ Թուրքիայի կողմից չեղեալ կը յայտարարւի Սեւրի պայմանագիրը, իսկ «Հայկական հարցը» ընդմիշտ կը թաղւի առանց շիրմաքարի: Կարծում եմ, որ այս պայքարն իր արդիւնքին կը հասնի, որովհետեւ այս կերպ շարունակւել չի կարող:

Հայկուշ Օհանեան, մանկագիր
Հայրս Թուրքիայի Իզմիր քաղաքի ծնունդ է, Եղեռնի ժամանակ ութ տարեկան հասակում ոտաբոբիկ գնացել է Յունաստան, այնտեղ ապրել երեսուն տարի, այնուհետեւ եկել Հայաստան: Յիսուն տարեկան է եղել, երբ ես ծնւել եմ, եւ իմ ծնունդը ես համարում եմ ճակատագրական: Իմ միակ ցանկութիւնն այն է, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանութիւնը, որ բոլորն իմանան` ինչպիսին է թուրքը: Թուրքին նոր չեն ճանաչում, նա միշտ անմեղ է ձեւանում, իր քթի տակ ժպտում եւ միայն խայտառակ գործունեութիւն է ծաւալում:
Սօս Մարգարեան, պատմաբան,
հացադուլի մասնակիցԱնցած օրերը մեր պայքարի անդրդւելիութիւնն են ապահուել: Ես ոչ թէ որպէս դաշնակցական, այլ պարզապէս որպէս հայ եմ այստեղ: Մեր կորուստների եւ մեր արեան կանչով եմ այստեղ: Անարդարացի է մեր իշխանութիւնների եւ արտաքին գործերի նախարարութեան քաղաքականութիւնը: Անդրկուլիսային պայմանագիր է դա, որը ժողովրդին չի բացայայտում այդ բանակցութիւնների իրական էութիւնը:
Ամէն օր իրենց խօսքը փոխելով` իշխանութիւնները քողարկում են ճշմարտութիւնը ժողովրդից: Այս ամէնը դեռ կը բացայայտւի, բայց վախենում եմ` ուշ լինի: Մեր քաղաքականութիւնը անբարոյական ուղի է բռնել:
Էրդողանը բառացիօրէն շեշտում է, որ սահմանները բացւելու դէպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պէտք է պահպանւի, մօռացէ՛ք Ցեղասպանութեան հարցը: Եթէ այս նախապայմանների մասին խօսք չլինի, ես էլ դէմ չեմ լինի սահմանների բացմանը: Մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, որտեղ կարեւոր է հարեւանների հետ լաւ տնտեսական յարաբերութիւնների հաստատումը, բայց այդ տնտեսական յարաբերութիւնները ձեռք բերելու համար չպէտք է մօռանանք մեր արժանապատւութիւնը:

Արմէն Սերոբեան, օպերատոր, հացադուլի մասնակից
Որպէս Հայ մարդու` ինձ դուր չի գալիս մեր ստորացւած վիճակը: Այսօր վաճառւում են մեր հայրենի հողերը, եւ շատ հարցերում մենք զիջում ենք Թուրքիային ու Ադրբեջանին: Ես այստեղ եմ այդ ամէնի դէմ պայքարելու համար: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը թոյլ չի տայ, որ պատմական սխալ թոյլ տրւի: Այս պայքարը միայն դաշնակցականի հոգեբանութեան մէջ չէ, որ պէտք է լինի: Սա ցանկացած հայի պայքար է: Այսօր մենք պարտաւոր ենք լինել ազգային արժէքների պաշտպան եւ պարտաւոր ենք միասնականօրէն պայքարել ազգային խայտառակութիւնը կանխելու համար:

Սերոժ Սերոբեան, հողագործ,
հացադուլի մասնակիցԿոնկրետ ինձ համար սա արժանապատւութեան հարց է: Մենք աչքներս փակ եւ ձեռքներս ծալած նստելու իրաւունք չունենք: Այն, ինչ կարող է կատարւել, կը փոխի մեր ամբողջ ազգի ճակատագիրը: Ոտքի պէտք է կանգնենք, քանի ուշ չէ: Միայն Աստւած գիտէ, թէ ինչեր կը բերի այդ արձանագրութիւնը մեր գլխին իր մութ կէտերով:
Իշխանութիւնները պարտաւոր են մտածել, թէ ինչ են պատասխանելու ապագայ սերնդին: Մենք երեխաներ ունենք, ինչպէ՞ս ենք կարողանալու նայել նրանց աչքերին եւ ասել, որ ոչինչ չենք կարողացել անել, ինչպէ՞ս ենք նրանց հայրենասիրութեան դասեր տալու, եթէ այսօր մենք դա չցուցաբերենք:
Սերգեյ Ֆիդանեան թոշակառու
Կարեւորում եմ Դաշնակցութեան պայքարը, քանի որ սա բխում է հայ ժողովրդի շահերից: Մեր երկիրը ծախում են թէ ինչ են անում` չեմ հասկանում: Սահմանի բացումն ի վնաս մեզ է: Թուրքը գալու է` մեզ դուրս անի մեր երկրից: Գուցէ մի քանիսին սա օգուտ է, բայց ողջ հայութեանն է վնասելու: Սա դավաճանութիւն է, որը կը վտանգի մեր պետութիւնը եւ կը սեւացնի մեր ազգային դիմագիծը: Մենք պէտք է մի բռունցք դառնանք եւ թոյլ չտանք կորցնել մեր դարաւոր պայքարով վաստակած անկախութիւնը:
Յովիկ Ժամկոչեան, սիրիահայ
Դէմ եմ այս արձանագրութեան ստորագրմանը, որը հակասում է մեր ազգային շահերին: Վստահ կարող եմ ասել, որ Սիրիայի եւ Լիբանանի հայութիւնը նոյնն է կարծում: Անցեալի փորձը մեզ պէտք է ստիպի զգոյշ լինել մեր քաղաքականութեան մէջ: Հայաստանը դեռ պատրաստ չէ նման յարաբերութիւնների: Սփիւռքն անհանգստացած է ոչ միայն Ցեղասպանութեան, այլեւ Արցախի խնդրի համար: Հայաստանյան իշխանութիւններից սփիւռքահայութիւնը մեծ հիասթափութիւն կապրի, եթէ այդ նախապայմաններով բացւեն սահմանները:
Յոյս ունեմ, որ Հայաստանը չի արհամարհի սփիւռքահայութեան կարծիքը: Սփիւռքահայն էլ հայ է եւ իրաւունք ունի մասնակից լինել իր երկրի պայքարին: Հայաստանի իշխանութիւնները պարտաւոր են հաշւի առնել նաեւ մեր կարծիքը:

0 Պատգամ: