Ազգային ճակատը ընդլայնւում է


Հայ-թուրքական արձանագրութիւնների գործընթացը բազմափուլ էր. նախ` դրանք երկար ժամանակ գաղտնի պահւելուց յետոյ հրապարակւեցին, յետոյ` նախաստորագրւած էին, իսկ ներկայումս ստորագրւած են եւ պէտք է ներկայացւեն երկու երկրների խորհրդարաններին:
Հոկտեմբերի 16-ին բազմահազար հայեր հաւաքւել էին Շառլ Ազնավուրի հրապարակում` եւս մէկ անգամ իրենց «Ոչ»-ն ասելու արդէն իսկ ստորագրւած, սակայն դեռեւս իրաւական ուժ չունեցող հայ-թուրքական արձանագրութիւններին, թուրքական նախապայմաններին:
«Եթէ որեւէ մէկը չի ուզում նախապայման տեսնել, ինչպէս մարդը կարող է չուզենալ տեսնել, որ երկնքում կէսօրին արեւ կայ, դա արդէն այդ մարդու գործն է: Եթէ մեր վարչապետը խորհուրդ է տալիս չհաւատալ թուրք պաշտօնեաներին, դա իր գործն է:
Բայց որպէս վարչապետ` պարտաւոր է գոնէ տեղեակ լինել այն արտայայտութիւններին, որ անում է հարեւան երկրի իր կոլեգան»,- բացելով հանրահաւաքը` ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան լրատւական ծրագրերի տնօրէն Գեղամ Մանուկեանը:
Յայտարարելով, որ այսուհետ հանրահաւաքները անցկացւելու են նաեւ մարզերում, եւ անդրադառնալով հանրահաւաքը չարտօնելու քաղապետարանի որոշմանը` Գեղամ Մանուկեանը նշեց. «Պարզապէս չեն ցանկանում, որպէսզի այդ մասին մեր հանրութիւնը տեղեկանայ: Երեւանի քաղաքապետարանը մի ամբողջ քաղաք մի ամբողջ օր կարող է փակել, բայց այսպիսի հանրահաւաքը չի արտօնում: Եւ գիտէ՞ք` ինչու: Որովհետեւ, թոյլ չտալով հանրահաւաքը` ձեռքները լւանում են. պատասխանտւութիւնից ազատւելու հարց կայ»:
Հանրահաւաքում ելոյթ ունեցան ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ինչպէս նաեւ այն կուսակցութիւնների առաջնորդները, որոնք միացել են թուրքական նախապայմանների դէմ օրեցօր ծաւալւող շարժմանը: Ի դէպ, այդ կուսակցութիւնների թիւը արդէն հասել է 14-ի:

0 Պատգամ: