ՈՒՄԱՆԻՍՏԻ ՎԵՐՋԻՆ ԹՌԻՉՔԸ...


Մարդիկ կան, որոնք եթէ իրենց ծնունդը ինքնանպատակ չէ, ապա կեանքն ու մահը դառնում է ինքնանպատակ։
Նրանց կեաքն ու մահը, լինել կամ չլինելը, խօսել կամ չխօսելը չի ազդում իրենց շրջապատին։
Բայց կան մարդիկ, որոնց լինելը՝ նոյնիսկ տան մեկուսարանում էլ ճակատագրական է ու կարեւոր նշանակութիւն ունեցող հանգամանք է։
Նրանք, որոնք արդարութեան տենչով հերոսներ են դառնում, իրենց մտքով ու արտայայտութիւններով, ամբողջ կեանքում տանջւում են իրենց շրջակայքում տիրող անարդարութիւններից ու այդ բոլոր բարդոյթները հասարակութեան կուլ են տալիս ու տեղաւորում իրենց ներաշխարհում, իրենց սրտի ինչ որ ի անկեղծ անկիւնում։
Այդ տեսակ մարդիկ իրենց ներքինով ու արտաքինով չեն լինում բազմաշերտ, եւ իրենց անկեղծ կեցւածքով ու դրսեւորումներով լինում են անկեղծ ու ինչ որ ձեւով տարօրինակ են թւում շրջակայքին։
Նրանք իրենց յատկութիւնները հասկացողների համար ճշմարիտ արդարութիւն են, եւ չհասկացողների մօտ թւում են անծանօթ ու տարօրինակ մարդիկ, մինչ՝ այս հոլովոյթի մէջ, դա մենք ենք, որ ուրանալով ու անտեսելով հասարակութեան ցաւալի իրողութիւները, տարօրինակ ենք ու բացարձակ օտարական մեր շրջապատի մէջ։

Եւ ահա Ալբերտը այն հազւադէպ անհատականութիւններից էր, որի ամբողջ կեանքն ընթացաւ նպատակասլացութեամբ եւ ճշմարտութիւնն ի յայտ բերելու եւ անցանկալի իրողութիւնները քողազերծելու ուղղութեամբ։
Այս տեսակ մարդիկ, որոնց խիղճն ու մտքի թռիչքների ուղղւածութիւնը կենտրոնանում են մարդկային առաքինութիւնների գնահատման ու կեղծիքներին մեծատառ ո՛չ ասելու առանցքում, դժւարութեամբ են ճանաչւում եւ ընդունւում իրենց հասարակութեան մէջ։
Ահա այս է, որ պատճառ է դառնում Ալբերտը եւ նման անհատականութիւն ունեցող մարդիկ, յեգնելով գոյնզգոյն կեղծաւորութիւններով լեցուն շրջապատը, խծկւեն իրենց հարուստ ու վարդագոյն ներաշխարհը, այն անկիւնը, որտեղ կուտակւած են իր շրջապատում հանդիպած բազում անարդարութիւնների զոհ գնացած մարդկանց թաղւած իղձերն ու չիրականացւած փափագները։
Ու Ալբերտը բոլոր անկեղծ մարդասէրների ու արդարատենչ «տարօրինակ» մարդկանց նման իր մեկուսացած անկիւնում, թէ՛ իրենց ուրախութիւններն են կիսում անարդարութեան զոհերի հետ եւ թէ՛ իրենց վրայ եւ ուսերին էր առնում նրանց վիշտն ու կսկիծը, ու նրանց հետ ճնշւում ծանր բեռի տակ։
Ալբերտի լայնախոհ եւ կեծղաւորութիւնները վանող հոգին չէր կարող տեղաւորւել մեր հասարակութեան նեղ ու խանգարիչ կաղապարների մէջ։
Շրջապատի հասարակ ու մակերեսային մտածողութիւնը եւ ոմանց չափազանց եսակենտրոն ու իննագոհ կեցւածքները չարչարում էին Ալբերտի նուրբ ու փխրուն սիրտն ու հոգին եւ նա ստիպւած ապաւինում էր նոյն ցաւերի ու անարդարութիւնների մասին տողերով լցւած գրքերին, ու նրանց հեղինակների հետ միասին գանգատ էր ուղղում այսպիսի կացութիւն ստեղծողների ակնաղբիւրներին։
Ալբերտը մոլեգնօրէն ընթերցում էր, եւ այդ ընթերցումների արդիւնքում էր, որ այս եզրայանգումի հասաւ, որ կեանքի փիլիսոփայութեանը պիտի դիտել այլ կերպ, այլ ձեւ վարւելակերպ ունենալ հասարակութեան հետ, ու չհաւատալ այն ինչ որ ներկայացւում է որպէս ճշմարտութիւն, այլ հաւատալ միայն ու միայն իսկական ճշմարտութեան, որի ամենաանկեղծ երկրպագուն էր ինքը՝ Ալբերտը։
Ալբերտը միայն չէր ընթերցում, այլ գրքի իւրաքանչիւր էջն ու տողն ու բառը կլանում էր, ու գրքերի ծալքերի մէջ որոնում էր անպատկերացնելի ճշմարտութիւնը, որին երբեք չհանդիպեց իր շրջապատում ու հասարակութեան մէջ, եւ այդ շատ ծանր նստեց Ալբերտի վրայ։
Եթէ ես իմ յօդւածների ուղղութիւնն ու խորաթափանցութիւնը գտնում էի 360+5 աստիճանի տրամագծի ուղղութեամբ, ապա նա ինձ սովորեցրեց, որ աւելի խորը պիտի նայել շրջապատիս, աւելի լաւ ու խոր պիտի ճանաչել բոլոր նրանց՝ որոնց եղբայր ու ընկեր ենք անւանում։

***

Ալբերտ Բանդարեանը ծնւել է 1945 թւականին՝ թեհրանում։ Տարրական ուսումն ստանում է՝ Թեհրանի Հայոց «Ռոստոմ» դպրոցւում։ Բարձրագոյն ուսումը շարունակում է մինչեւ լիսանս պանդոկավարութեան ու վարչագիտութեան ճիւղերում։
Միաժամանակ զբաղւում է քաղաքի մշակոյթի ու արւեստի հիմնարկում՝ որպէս դերասան։ ապա աշխատում է իբրեւ տեսագրող թղթակից՝ իւրայատուկ պաշտօնատարների համար։
Ամուսնանում է 1976 թւականին եւ բախտաւորւում է 3 դստրերով։ Նա ապա իր սեփական աշխատանքն է ունենում, սակայն իր աշխատավայրը շատ շուտով վերածւում է քաղաքի մտաւորականների ու արւեստագէտների հաւաքատեղիին ու դառնում է վերնատուն։
Վերջին տարիների ընթացքում Ալբերտն իրեն հանգստի է կոչում ու զբաղւում ընթերցանութեամբ եւ գեղարւեստական աշխատանքներով, ու աւելի է խորացնում իր գիտական ու փորձնական պաշարը՝ մասնաւորաբար՝ փիլիսոփայութեան ու ումանիստական ասպարէզներում։
Ալբերտը վերջապէս 2009 թւականի օգոստոսի 22–ին, աչքերն ընդմիշտ փակում է՝ իր համար ոչ ցանկալի հասարակութեան դէմ ու միանում է՝ յաւերժութեան...
Ու այսպէս էր ումանիստի վերջին թռիչքը...
Ալբերտը թռչեց, բայց երբեք չգնաց...


ՁԵՐԴ`
ՎԱՐԴԱՆ

0 Պատգամ: