ՀՀ նախագահի հարցազրոյցը
«Al Watan» թերթին
Մարտ 23, 2010թ. 14:39
Սիրիայի Արաբական Հանրապետութիւնում պաշտօնական այցով գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հարցազրոյց է տւել սիրիական «Al Watan» թերթին:Ստորև ներկայացնում ենք հարցազրոյցը, որը տրամադրել է ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակը:
Հարց.– Ձերդ Գերազանցութիւն, մէկ տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետութեան Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտօնական այց կատարեց Հայաստան: Այցի վերջում ստորագրւեցին մի շարք համաձայնագրեր: Ինչպէ՞ս էք Դուք գնահատում երկկողմ յարաբերութիւնների զարգացումն այդ այցից ի վեր:
Ս.Սարգսեան.– Մենք կարևորում ենք Սիրիայի` որպէս Մերձաւոր Արևելքի տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող բարեկամ երկրի հետ յարաբերութիւնների ընդլայնումը: Հայ-սիրիական յարաբերութիւններն այսօր գտնւում են բարձր մակարդակի վրայ և արտացոլում են այն ջերմութիւնը, որ մեր ժողովուրդները փոխադարձաբար տածում են միմեանց հանդէպ: Շարունակւում են ակտիւ շփումները գրեթէ բոլոր ոլորտներում, պարբերական բնոյթ են կրում տարբեր փոխայցելութիւնները: Անցած տարի տեղի ունեցած այցը Սիրիայի նախագահի առաջին այցն էր անկախ Հայաստան, բայց դեռևս 1980թ. Խորհրդային Հայաստան էր այցելել լուսահոգի Հաֆէզ ալ-Ասադը:
Նշեմ միայն մէկ փաստ. մօտակայ ժամանակներս մեր մայրաքաղաքի ամէնագեղատեսիլ վայրերից մէկում աւարտին կը հասցւի հայ-արաբական բարեկամութիւնը խորհրդանշող յուշարձանի կառուցումը, որը կատարւում է մի խումբ սիրիահայերի նախաձեռնութեամբ` Հայաստանի կառավարութեան ու Երևանի քաղաքապետարանի աջակցութեամբ:
Իմ այս այցի ընթացքում էլ մի շարք համաձայնագրեր են ստորագրւելու: Մեր` կառավարութիւններիս պարտքն է ձևաւորել բարենպաստ իրաւապայմանագրային դաշտ, որպէսզի մեր հասարակութիւնները, գիտնականները, գործարարները, երիտասարդները, ճիւղային գերատեսչութիւնները կարողանան աւելի արդիւնաւէտ շփւել միմեանց հետ:
Հարց.– Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների բարեկամութիւնն արտացոլւում է երկու երկրների ղեկավարութեան գործունէութեան մէջ: Ինչպէ՞ս պէտք է փոխանցել այդ դրական ներուժը տնտեսական և քաղաքական դաշտ:
Ս.Սարգսեան.– Երկկողմ համագործակցութեան վերաբերեալ ստորագրւած միջպետական տասնեակ փաստաթղթերն ու բարձր մակարդակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երևանի և Դամասկոսի միջև սերտ յարաբերութիւններ զարգացնելու համար։ Մենք տրամադրւած ենք շարունակելու աշխատանքները` էլ աւելի ամրապնդելու և խորացնելու հայ-սիրիական համագործակցութիւնը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագաւառներում: Վստահ եմ, որ նոյնանման հաստատակամութիւն առկայ է նաև մեր սիրիացի գործընկերների մօտ: Ակտիւօրէն աշխատում է միջկառավարական յանձնաժողովը, որի հերթական նիստը տեղի կունենայ այս տարւայ ընթացքում: Լուրջ ծրագրեր կան էներգետիկայի, բնապահպանութեան, սէյսմոլոգիայի, առողջապահութեան, կապիտալ շինարարութեան, գիւղատնտեսութեան, ոռոգման համակարգերի և այլ ոլորտներում: Վստահ եմ, որ հայ-սիրիական համագործակցութիւնը յաջողութեամբ շարունակելու է վերընթաց զարգանալ:
Հարց.– Ձերդ Գերազանցութիւն, այցի ընթացքում Դուք նաև կլինէք Հալեպում և Դէյր Զորում: Ի՞նչ կուզենայիք այդ կապակցութեամբ փոխանցել Սիրիայի և Հայաստանի քաղաքացիներին:
Ս.Սարգսեան.– Այսօր աշխարհում շատ են խօսում քաղաքակրթութիւնների երկխօսութեան, հանդուրժողականութեան մասին: Սիրիայում մեր երկու ժողովուրդների ներկայացուցիչներն առանց երկար քննարկումների` գործնականում ստեղծեցին մահմեդականների և քրիստոնեաների համակեցութեան մի այնպիսի ներդաշնակ օրինակ, որը կարող է օրինակելի լինել աշխարհի` հանդուրժողականութեան բոլոր ջատագովների համար: Այս բարի աւանդոյթները մեր ժողովուրդների ընդհանուր հարստութիւնն են, դրանք պէտք է պահպանենք և փայփայենք:
Ես իմ բոլոր արտասահմանեան այցերի ժամանակ ձգտում եմ հանդիպել հայկական Սփիւռքի ներկայացուցիչներին: Պատմութեան դաժան քմահաճոյքով ձևաւորւած Սփիւռքը կարևոր օղակ է, որը կապում է հայկական քաղաքակրթութիւնն աշխարհի այլ ժողովուրդների, հասարակութիւնների, պետութիւնների հետ: Հագամանքը, թէ ինչպէս են ընկալւում Սփիւռքի մեր հայրենակիցներն այն երկրներում, որոնց քաղաքացի են հանդիսանում, պայմանաւորում է, թէ ինչպէս կընկալւի Հայաստանը, հայ ժողովուրդն ընդհանրապէս:
Իհարկէ, ես չէի կարող այցելել Սիրիա և չլինել հայկական Սփիւռքի պատմութեան մէջ առանձնայատուկ տեղ զբաղեցնող Հալեպում և Դէյր Զորում: Ես այցելելու եմ այդ շրջաններ` մեր ժողովրդի երախտագիտութիւնը յայտնելու մեր սիրիացի քոյրերին և եղբայրներին, նաեւ ոգևորելու մեր հայրենակիցներին` լինելու բարեկամ Սիրիայի արժանապատիւ և յարգւած քաղաքացիներ:
Հարց.– Ձերդ Գերազանցութիւն, ի՞նչ ազդեցութիւն կունենայ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ ԱՄՆ Կոնգրէսում քննարկւող բանաձևի ընդունումը Հայ-թրքական յարաբերութիւնները կանոնաւորելու գործընթացի վրայ :
Ս.Սարգսեան.– Ինձ յաճախ հարցնում են, թէ ինչպէս պէտք է ներկայացնել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ փաստերը, և, արդեօք, ճանաչելով ցեղասպանութիւնը` որևէ երկիր չի՞ վնասի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին և ընդհանուր առմամբ` Հարաւային Կովկասի անվտանգութեանը: Ես պատասխանում եմ, որ կան բազմաթիւ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ունեն սեփական հսկայական արխիւներ:
Ինչ վերաբերում է ցեղասպանութիւնը ճանաչելով անվտանգութեանը վնասելու մտավախութեանը, ապա դա նոյնն է, ինչ ընտրութիւն առաջարկել անվտանգութեան և արժէքային համակարգի միջև: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տևական անվտանգութիւնը հնարաւոր է միայն, եթէ այն կառուցւած է խորապէս գիտակցւած արժէքային համակարգի վրայ: ԱՄՆ Կոնգրէսում քննարկւող բանաձևն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապէս կարևոր համարենք:
Մենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն յարաբերութիւններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է` բարելաւել Հայ-թրքական յարաբերութիւններն առանց որևէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը` կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնյայտ է` որքան երկար տևի մեր յարաբերութիւնները կանոնաւորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձևեր ընդունող պետութիւնների թիւը:
Հարց.– Ձեր ելոյթներում յաճախ էք անդրադարձել Հայաստանի շրջափակման խնդիրներին` նշելով, որ այն սահմանափակում է Հայաստանի տնտեսութեան զարգացումը: Ո՞րն է թրքական կողմի սահմանը փակ լինելու տնտեսական գինը Հայաստանի համար:
Ս.Սարգսեան.– Այն մեծ է՝ հաշւի առնելով թէ՛ տարանցիկ ուղիների սակաւութիւնը, թէ՛ Հայաստանից դէպի Միջերկրական ծով տանող երկաթգծի անգործութիւնը: Լինի դա արդիւնաբերութեան, առևտրի, թէ ծառայութիւնների մատակարարում` մեր պետութիւնների միջև առկայ է հսկայական չօգտագործւած ներուժ: Սահմանի բաց լինելը կարող էր մեծ նշանակութիւն ունենալ նաև այլ երկրների, այդ թւում` Սիրիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառութեան առումով:
Բայց, կարծում եմ, որ այդ սահմանի փակ լինելու գինը շատ աւելի մեծ է քաղաքական հարթութեան մէջ: Շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման միջոցներից մէկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարևան պետութիւններին, այլև հակասում է ՄԱԿ-¬ի կանոնադրութեանը, միջազգային իրաւունքի բազմաթիւ նորմերի: Թուրքիան աւելի ու աւելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում և միջազգային հարթակում: Նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի և 20-ի խմբի անդամ, ձգտում է անդամակցել Եւրոպական Միութեանը: Այդ ամէնն անհամատեղելի է զարգացող տնտեսութիւն ունեցող հարևան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ:
Հարց.– Նախագահ Բաշար ալ-Ասադը մի շարք մայրաքաղաքներում, նաև Երևանում, խօսել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցութեան իր տեսլականի մասին` յատուկ նշելով Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպեէ նաև, բնականաբար, Սիրիան: Ձեր կարծիքով, որո՞նք են այդ տեսլականի իրագործմանը խոչընդոտող հանգամանքները: Ի՞նչ լուծումներ կարելի է գտնել դրան հասնելու համար:
Ս.Սարգսեան.– Ես միանգամայն ընդունում եմ իմ գործընկերոջ` Նախագահ Ասադի այդ ազնիւ տեսլականը: Նա հեռուն նայող քաղաքական գործիչ է, ով սիրում է իր երկիրը և սրտացաւ վերաբերմունք է ցուցաբերում իր հարևանների ու բարեկամների հանդէպ: Հայաստանը մշտապէս հանդէս է եկել տարածաշրջանային համագործակցութեան օգտին: Մենք համարում ենք, որ առկայ խնդիրները լուծելու միակ ձևը բանակցային սեղանի շուրջ դրանք քննարկելն ու լուծումներ գտնելն է: Երկրների միջև կարող են լինել հակասութիւններ և տարաձայնութիւններ, բայց համագործակցութիւնը դրանց հարթման լաւագոյն միջոցն է:
Մենք կողմ ենք` դիմելու համագործակցութեան կոնկրէտ քայլերի` յստակեցնելու այն բնագաւառները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրութիւն և շահագրգռութիւն առաջացնել: Միայն այդ ձևով է հնարաւոր դանդաղ, բայց վստահօրէն ճանապարհ հարթել դէպի բարդ և մեծ հարցերի լուծումը:
Հարց.– Ձերդ Գերազանցութիւն, իսկ ինչպէ՞ս է պաշտոօնական Երևանը գնահատում իրավիճակը Մերձաւոր Արևելքում: Ո՞րն է, ըստ Ձեզ, դէպի խաղաղութիւն և կայունութիւն տանող ճանապարհը:
Ս.Սարգսեան.– Հայաստանը մշտապէս ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների և մասնաւորապէս` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ: Հայաստանը կողմ է բոլոր հակասութիւնները խաղաղ բանակցութիւնների միջոցով կարգաւորելուն և մշտապէս դատապարտել է բռնի գործողութիւնները, մարդու իրաւունքների խախտումները, քաղաքացիական բնակչութեանը կոլեկտիւ պատժի ենթարկելու փորձերը, ահաբեկչութիւնը: Մենք պաշտպանում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը` անկախ պետութիւն ստեղծելու միջոցով, ինչը երաշխաւորւած է ՄԱԿ¬-ի Անվտանգութեան խորհրդի բանաձևերով:
Լիայոյս ենք, որ Մերձաւոր Արևելքի բարդ խճանկարում ներգրաււած բոլոր կողմերը` թէ՛ պաղեստինա-իսրայէլական, թէ՛ սիրիա-իսրայէլական ուղղութիւններով կը գտնեն համապատասխան ներուժ բանակցութիւնների սեղանի շուրջ քննարկելու եւ հարթելու տարաձայնութիւնները: Մարդկային հազարաւոր կեանքեր և քանի սերունդների խաղաղ ապրելու իրաւունքը խլած այս հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի:
Մենք այդ հարցում աւելի քան շահագրգիռ ենք: Նախևառաջ, այս տարածաշրջանում բնակւում են մեր բազմաթիւ քոյրերն ու եղբայրները: Բոլոր երկրներում առկայ են ստւար հայկական գաղթօջախներ, կրթական, մշակութային և հոգևոր հաստատութիւններ: Դրանց թւում կարևոր տեղ է զբաղեցնում Երուսաղեմում գտնւող Հայոց Պատրիարքարանը, որն առանձնայատուկ նշանակութիւն ունի հայերիս` քրիստոնէութիւնն առաջինը պետական կրօն հռչակած ժողովրդի համար: Մեր անմիջական շահերից է բխում, որ վերականգնւի այդ սրբազան վայրին վայել խաղաղութիւնն ու վեհութիւնը:
Հարց.– Դուք բազմիցս նշել էք, որ ԼՂ հիմնախնդրի կարգաւորումը պէտք է հիմնւած լինի խաղաղ բանակցութիւնների միջոցով փոխադարձ զիջումների վրայ: Ո՞րոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում:
Ս.Սարգսեան.– Ես միշտ նշել եմ, որ որևէ հակամարտութեան կարգաւորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների եւ ոչ թէ հետևանքների տիրոյթում: Այլապէս դա նոյնն է, ինչ հիւանդութիւնը բուժելու փոխարէն փորձել վերացնել դրա դրսևորումները:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամեակների անարդարութիւնն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրաւական ճանապարհով` ԽՍՀՄ օրէնսդրութեան և միջազգային իրաւունքի շրջանակներում: Դրան հակադրւեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսւեց տարիներ տևած, ծրագրւած ռազմական գործողութիւն Արցախի դէմ. օրական հարիւրաւոր ռումբեր էին նետւում Ստեփանակերտի վրայ:
Դրան ի պատասխան` Արցախի ժողովուրդը կարողացաւ համախմբւել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծէրերին: Անվտանգութիւնն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևաւորւեց անվտանգութեան գօտի: Այդպէս յաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրութիւնը չէր:
Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գօտին մեր կողմից ոչ բնակեցւում և ոչ էլ շահագործւում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանայ իր ինքնորոշման իրաւունքն իրագործելու իրական հնարաւորութիւն և ստեղծւեն անվտանգութեան և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտւել Ղարաբաղի շուրջ գտնւող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկէ, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս յայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացութեան մէջ առանցքային գաղափարը փոխադարձութիւնն է, և պէտք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկայ վտանգներն ու սպառնալիքները:

ArmAr.am

0 Պատգամ: