Լորդերի պալատում Հայոց Ցեղասպանութեան հարցը վերջնականապէս փակւած չէ

15:53 • 31.03.10
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը մերժել է ընդունել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու և ապրիլի 24-ը երկրում որպէս Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օր հռչակելու վերաբերեալ Անգլիայի Հայ համայնքի ներկայացրած առաջարկը:
Այս մասին թրքական Cihan գործակալութեան հետ հարցազրոյցում յայտարարել է լորդ Քիլքլունին: Թրքական լրատւամիջոցի փոխանցմամբ` Լորդերի պալատում մարտի 29-ին կայացած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցի դռնփակ քննարկումների ժամանակ հնչել են տարբեր կարծիքներ: Սակայն այդ հարցին վերջակէտ է «դրել» Մեծ Բրիտանիայի պետնախարար՝ բարոնուհի Քիննոքը:
Յայտարարելով, որ 1915թ. իրադարձութիւնները մարդկային ողբերգութիւն են և իրենք վշտակցում են այդ տարիներին զրկանքներ կրած հայերին` պետնախարարը, միևնոյն ժամանակ, յիշեցրել է Հայոց Ցեղասպանութեան հարցում բրիտանական իշխանութիւնների պաշտօնական դիրքորոշման մասին:«Բրիտանական կառավարութիւնը հանդէս չի գայ այնպիսի յայտարարութեամբ, որը կարգելակի Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը: Կառավարութիւնն աջակցում է նաև Հայաստանի և Թուրքիայի նախագահների` այդ իրադարձութիւններն (Հայոց Ցեղասպանութիւնը) ուսումնասիրելու առնչութեամբ պատմական յանձնաժողով ստեղծելու ծրագրերին՞՞՞»,- յայտարարել է բարոնուհի Քիննոքը` աւելացնելով, որ «1915թ. իրադարձութիւնները (Հայոց Ցեղասպանութիւնը) որպէս Ցեղասպանութիւն որակելու համար որևէ իրաւական հիմք չկա՞՞՞յ...»: «Այդ պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարութեան կողմից այդ իրադարձութիւնները (Հայոց Ցեղասպանութիւնը) որպէս Ցեղասպանութիւն ճանաչելը ճիշտ չի լինի»,- ասել է նա:
Յիշեցնենք, որ մարտի 29-ին ուշ երեկոյեան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում բարոնուհի Քերոլայն Քոկսի նախաձեռնութեամբ կայացել են Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ քննարկումներ: Մօտ մէկ ժամ տևած քննարկման սկզբին բարոնուհին ներկայացրել էր Հայոց Ցեղասպանութեան հիմնական փաստերը, ժամանակի միջազգային գործիչների արձագանքը դէպքերին, և հէնց Մեծ Բրիտանիայի ունեցած փաստաթղթերը դարասկզբի հայկական ջարդերի մասին: Նա կառավարութեանը կոչ էր արել միանալ քաղաքակիրթ ազգերին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը: Սատարող ելոյթներ էին ունեցել Լորդերի պալատի ևս մի քանի անդամներ:
«Բրիտանական կառավարութիւնը յիշում է դարասկզբի ցաւալի դէպքերը, սակայն չի կարող կատարել որևէ քայլ, որը կը խոչընդոտեր Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորումը», - ի պատասխան բարոնուհի Քերոլայն Քոկսի հարցադրմանը` յայտարարել էր բարոնուհի Գլենիս Քիննոքը, որը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարութիւնը Լորդերի պալատում: Բարոնուհի Քոկսը, որը Լորդերի պալատի Հայկական խորհրդարանական խմբի նախագահն է, խոստանում է, որ շարունակելու է առաջիկայում հայկական հարցը բարձրացնել ու աշխուժացնել քննարկումները խնդրի շուրջ:

Tert.am

*** Այդ բոլորով հանդէրձ, նկատի ունենալով Հայ ժողովրդի եւ իր Դատի բարեկամների հետեւողականութիւնը, Հայոց Ցեղասպանութեան հարցը դեռ վերջնականապէս փակւած չէ։

0 Պատգամ: