Էրդողանը «Der Spiegel»-ին տւած հարցազրոյցում վերհնչեցրել է հայերին արտաքսելու իր սպառնալիքը

Մարտ 29, 2010թ. 11:00
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանական «Der Spiegel» ամսագրին տւած հարցազրոյցում պատասխանել է նաև հայկական թեմային առնչւող հարցերի:
Այս մասին յայտնող թուրքական «Ջումհուրիյէթ» (Cumhuriyet) թերթի տեղեկացմամբ` Էրդողանը լրագրողներին կոչ է արել նախքան ցեղասպանութիւն եզրաբառն օգտագործելը մի լաւ տեղեկացւեն, քանի որ դա իրաւական տերմին է:
Իսկ Օբամայի կողմից ցեղասպանութիւն բառի օգտագործման առնչութեամբ Էրդողանն ասել է.
«Եթէ այդ եզրաբառն օգտագործել է, ապա դա նրա սխալն է: Մի նախագահի կողմից այդ եզրաբառի օգտագործումով դա դեռ չի դառնում ճշմարտութիւն: Բացի այդ ԱՄՆ-ն այդ խնդրի կողմ չի հանդիսանում: Ամերիկան էլ այդ հարցում այլ երկրների պէս միայն տրիբունայում նստած դիտորդներից է: Այդ խնդրի մէջ մտնող անցքերը մէկ մերն են, մէկ` հայերինը: Այն մեր պատմութիւնն է: Թուրքիայի Հանրապետութիւնը 1915-ին չի հիմնադրւել: Այդ շրջանը Գերմանիայի հետ դաշնակցող Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանն էր»:
Թուրքիայի վարչապետը հաւաստիացրել է, որ իրենք պատրաստ են առերեսւել սեփական պատմութեան հետ, եթէ հետազոտողները լուրջ բացայայտումներ անեն. միևնոյն ժամանակ նա ընդգծել է, որ հայերն էլ պէտք է նոյն պատրաստակամութիւնը դրսևորեն:
Լրագրողի այն հարցին, թէ հայերը պատմութեան ո՞ր մասի հետ առերեսւելու անհրաժեշտութիւն ունեն, Էրդողանը պատասխանել է, որ օսմանահպատակ որոշ հայեր ուղորդւել են դրսի ուժերի կողմից և ապստամբել, ինչը լրջօրէն պէտք է ուսումնասիրել:
Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաև ապօրինի ներգաղթեալ հայերին վտարելու իր տխրահռչակ յայտարարութեանը.
«Ես խօսել եմ, թէ ինչեր կարող ենք անել: Անօրինական բնակութիւն հաստատած հայերին տարիներ շարունակ հանդուրժել ենք: Սակայն դա միշտ շարունակւել չի կարող: Այդ եմ ասել: Ամբողջ աշխարհում բացէիբաց խօսում են ապօրինի ներգաղթեալների խնդրից, բայց հէնց Թուրքիայի է այդ մասին խօսում, բոլորը անհանգստանում են, ինչո՞ւ»:
Թուրքական կառավարութեան ղեկավարը, ըստ էութեան վերհնչեցրել է իր սպառնալիքը` հասցէագրւած Թուրքիայում անօրինական բնակութիւն հաստատած հայերին` ասելով.
«Հայկական սփիւռքին և նրան զօրակցող բոլոր երկրներին այս ենք ասում. Թուրքիայում քաղաքացի հանդիսացող կամ ապօրինի բնակւող հայեր կան: Մինչև օրս արտաքսման հարցը երբէք օրակարգ չենք բերել, բայց եթէ Սփիւռքը շարունակի ճնշում գործադրել, մենք հարկադրւած կը լինենք այդ անել»:



ArmAr. am

0 Պատգամ: