Դաշնակցութեան ներկայացուցիչը գտնում է, որ պէտք է քննարկել Քոչարեանի բարձրացրած հարցերը

Ռուզաննա Ստեփանեան
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի կարծիքով, օրերս հրապարակւած հարցազրոյցում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը լուրջ հարցեր է բարձրացրել, եւ ճիշտ կլինէր, որ հիմա քննարկումներ լինեն:
«Որովհետեւ մենք տեսնում ենք, որ կառավարութիւնը այսօր կանգնած է իսկապէս ճգնաժամի առաջ, առնւազն տնտեսութեան կառավարման ճգնաժամի առաջ», - «Ազատութիւն» ռադիոկայանին ասաց Ռուստամեանը՝ շարունակելով. - «Եւ եթէ դա երկրորդ նախագահը նոյնպէս տեսնում է, ենթատեքստում դա է, շատ ճիշտ է: Ուրեմն մեր մօտեցումներն իսկապէս այդ առումով շատ մօտիկ են իրար»:
Նրա խօսքով՝ այն, ինչ մասին հարցազրոյցում խօսել է Ռոբերտ Քոչարեանը, «ուղղակի անհերքելի փաստեր են»:
Ռուստամեանի համոզմամբ, Քոչարեանը ճիշտ առաջարկ է արել այսօրւայ իշխանութիւններին՝ կապւած բնակարանների պահանջարկի պահպանման հետ:
«Այն, ինչ այդտեղ բերւել է, դրանք ուղղակի փաստեր են: Թող ասեն՝ այդ թւերը սխալ է ասում: Ճիշտ է ասում, դա են թւերը եղել: Այսօրւայ իշխանութիւնները դա հերքո՞ւմ են, թէ՞ ոչ», - շարունակեց Ռուստամեանը՝ յաւելելով. - «Եթէ, օրինակ, մի օր այնպիսի վիճակ ունենանք, որ գնողունակ հասարակութիւն ունենանք բնակարաններ գնելու, դա կը նշանակի, որ իսկապէս մենք մեծ սոցիալ-տնտեսական թռիչք ենք իրականացրել»:
Հարցին, թէ փորձելո՞ւ է Դաշնակցութիւնը, սատարելով Ռոբերտ Քոչարեանին, կրկին գալ իշխանութեան, Ռուստամեանը պատասխանեց. - «Մենք դրանով չենք պայմանաւորում բացարձակապէս մեր քաղաքականութիւնը: Մեր քայլերը դրանով բացարձակապէս պայմանաւորւած չեն: Քոչարեանը ինչ կը որոշի՝ դա իր անելիքն է: Մենք մեր որոշումները ինքնուրոյն ենք որոշում եւ ինքնուրոյն էլ կատարելու ենք»:
«Ազատութիւն»

0 Պատգամ: