«Ժառանգութիւնը» իշխանութեանն ու ընդդիմութեանն առաջարկում է միաւորւել


17:42 • 30.03.10
«Ժառանգութիւն» կուսակցութիւնը կոչ է անում Հայաստանի հանրապետական, «Բարգաւաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութիւններին և Հայ ազգային կոնգրէսին` ձևաւորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն Կլոր սեղանի ձևաչափով` Արցախի և Հայ-թրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թւում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան։
Այսօր տարածած յայտարարութիւնում «Ժառանգութիւնը» նշում է, որ բովանդակ հայ ժողովրդի հետ մէկտեղ խիստ անհանգստացած լինելով Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման և Արցախեան խնդիրների շուրջ տեղի ունեցող վտանգաւոր զարգացումների և առկայ սպառնալիքների առնչութեամբ, կուսակցութիւնը ստեղծւած իրավիճակը գնահատում է որպէս Հայաստանի և Արցախի Հանրապետութիւններին ուղղւած ամենավտանգաւոր մարտահրաւէրը, որը երբևէ եղել է 1993-ից ի վեր։
«Այս պայմաններում Արցախի և Հայ-թրքական խնդիրներում ահագնացող արտաքին ճնշումներին, այդ թւում` Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծմանն ի պատասխան` «Ժառանգութիւնը» կոչ է անում ընդդիմադիր ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին և կոալիցիոն կուսակցութիւններին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, մինչև ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրութիւնները, գործող խորհրդարանի քաղաքական ցածր արդիւնաւէտութեան պայմաններում ձևաւորել նոր, քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն` Կլոր սեղանի ձևաչափով, որում կընդգրկւեն նշեալ 3 ընդդիմադիր և 3 կոալիցիոն ուժերը, ինչի շնորհիւ համամասնօրէն ներկայացւած կը լինեն ընդդիմութիւնն ու իշխանութիւնը։ Կլոր սեղանը առաջարկում ենք ձևաւորել առանց նախնական օրակարգի, ապա սեղանին դնել ընդդիմադիր ու իշխանական ուժերին յուզող բոլոր հիմնական խնդիրները և առանց նախապայմանների գալ ընդհանուր յայտարարի մի շարք հարցերում։ Սա կարող է անհրաժեշտ նախադրեալներ ստեղծել պատերազմական գործողութիւնների վերսկսման դէպքում ներհասարակական-ներքաղաքական միասնութեան ապահովման և համախմբւած ուժերով հակառակորդին դիմակայելու համար, ինչպէսև` խթանել ժողովրդավարական բարեփոխումները»,- ասւում է կուսակցութեան յայտարարութիւնում։
«Ժառանգութիւնը» նշում է, որ Կլոր սեղանը պէտք է լինի առաջին քայլը` ազգային միասնութեան առաւել լայն քաղաքական, քաղաքացիական և հոգևոր ձևաչափի կայացման ուղղութեամբ, որն ի վերջոյ կընդգրկի Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների, ինչպէսև Սփիւռքի քաղաքական ուժերին ու քաղաքացիական առանցքային դերակատարներին, Մայր եկեղեցու և միւս հիմնական յարանւանումների ներկայացուցիչներին։ Նմանատիպ առաջարկով «Ժառանգութիւնը» պատրաստւում է պաշտօնապէս դիմել նաև վերը նշւած ազգային միաւորներին։
Առաջիկայում «Ժառանգութիւն» կուսակցութիւնը պաշտօնապէս կը դիմի ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի առաջնորդներին` քննարկելու այս առաջարկը և վերոնշեալ շրջանակներին ներգրաւելու հարցը։


Tert.am

0 Պատգամ: