Արմէն Ռուստամեան.–
Տնտեսական նման իրադրութիւնը կարող է սոցիալական պայթիւն առաջացնել
17:39 / 26.03.2010
Հայաստանի ղեկավարութիւնը ոչ միայն պատրաստ չէր տնտեսական ճգնաժամին, այլեւ ոչ համարժէք արձագանքեց դրան ու ուղեկցող միտումներին:
Նման տեսակէտ է յայտնել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արմէն Ռուստամեանը` Երեւանում տեղի ունեցող «Սոցիալիստական մօտեցումներ Հայաստանի մարտահրաւէրներին. գլոբալ հեռանկարներ, տեղական իրողութիւններ» խորհրդաժողովում: Նրա խօսքով, տնտեսական նման իրադրութիւնը, երբ արագ տեմպերով արժէզրկւում է դրամը, բնակչութիւնը ցածր գնողունակութիւն ունի, վատթարանում են քաղաքացիների կենսապայմանները, կարող է սոցիալական պայթիւն առաջացնել:
«Աշխատող քաղաքացիների իրաւունքներն ու շահերն այսօր պաշտպանւած չեն: Գործազրկութիւնն անընդհատ աճում է, նկատւում է արտագաղթի հոսքի աճ: Այդ եւ այլ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները ստիպում են մեզ հաստատել սեփական առաջնահերթութիւնները եւ կայուն տնտեսութեան առողջացման ու կառուցման մեխանիզմները»,- նշել է Ռուստամեանը՝ յաւելելով, որ Հայաստանում այսօր իշխում է պլուտոկրատիան, որի սկզբունքները կը գործեն այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսական եւ քաղաքական բաղադրիչները միահիւսւած են:
Նա ընդգծել է նաեւ, որ արդէն վաղուց հասունացել է ընթացիկ մարտահրաւէրներին համապատասխանող ժամանակակից սոցիալիզմի գաղափարախօսութեան ներդրումը, որը կը համախմբի հասարակութիւնը: Ա. Ռուստամեանի խօսքով, ՀՅԴ-ն առաջնահերթ է համարում աղքատութեան դէմ պայքարը, առողջապահական ոլորտի բարեփոխումները, բարձրորակ կրթական համակարգի ստեղծումը, զբաղւածութեան ապահովումը, մրցունակ տնտեսութեան ստեղծումը, աջակցութիւնը տեղական արտադրանքի արտահանմանը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: