Haberturk-ի եթերում կրկին վիճաբանութիւն ստամբուլահայ Սեւան Նիշանեանի եւ թուրք կեղծարար պատմաբանի միջեւ


«Դուք ստում էք, փաստերը խեղաթիւրում էք, պարոն, անամօթաբար խաբում էք»:

14:37 / 26.03.2010
Թրքական Haberturk-ի եթերում կրկին Teke Tek հաղորդաշարում ուղիղ եթերով վիճաբանել են թրքական Taraf թերթի թղթակից, լեզւաբան, ստամբուլահայ Սեւան Նիշանեանը եւ «Թրքական պատմագիտական ընկերութեան» նախկին նախագահ, յայտնի կեղծարար Եուսուֆ Հալաչօղլուն։
Հաղորդման թեման, ինչպէս եւ երկու շաբաթ առաջ, եղել է Հայկական հարցը։ Հաղորդման ընթացքում այս անգամ կողմերը աւելի հանդուրժող են եղել միմեանց նկատմամբ։ Սեւան Նիշանեանը կարեւորել է իր խօսքը հեռուստատեսութեան եթերում եւ նշել, որ տարիներ ի վեր թրքական հեռուստատեսութիւնը 1915-ի հետ կապւած մի թեզ է առաջ տանում, իսկ ինքը պարտաւոր է ներկայացնել իրականութիւնը։
Հաղորդավար Ֆաթիհ Ալթայլը ինչպէս միշտ ներկայացրել է իր հաղորդմանը ժողովրդի կողմից ուղարկած նամակները եւ կարդացել դրանցից մէկը. «Պարոն Ալթայլը, նախկինում էլ դուք ասում էիք, որ ձեր հաղորդմանը մարդիկ կարող են մտքեր յայտնել, որոնք չեն համապատասխանում կառավարութեան թեզերին։ Սակայն, ձեր ծրագրում իր կարծիքները յայտնած Հրանտ Դինքը այլեւս գոյութիւն չունի»։
NEWS.am-ը աւելի վաղ ներկայացրել էր նաեւ Սեւան Նիշանեանի եւ Հալաչօղլուի առաջին բանավէճը նոյն հաղորդման ընթացքում։
Նախորդ հաղորդման ընթացքում թուրք յայտնի կեղծարար պատմաբանը կրկին փորձել է մշտապէս ընդհատել եւ խանգարել Նիշանեանին՝ ներկայացնելու փաստերը, եւ իր բնաւորութեանը յատուկ ձեւով կրկին ժխտել է Ցեղասպանութեան փաստը եւ յայտարարել, որ զոհւած 250 կամ 300 հազար հայերի մահւան պատճառ է եղել սովը, խոլերան եւ այլ հիվանդութիւններ:
Ստամբուլահայ բանախօսը չի դիմացել Հալաչօղլուի ստաբանութիւններին եւ կրկնել է մի քանի անգամ «Դուք ստում էք, փաստերը խեղաթիւրում էք, պարոն, անամօթաբար խաբում էք»: Այնուհետ Նիշանեանը ցոյց է տւել իր հետ հեռուստաստուդիա բերած փաստաթղթեր, որտեղ բազմաթիւ ապացոյցներ են եղել Ցեղասպանութեան վերաբերեալ, այդ թւում՝ Ցեղասպանութեան հեղինակներից մէկի՝ Թալէաթի հրամանը: Տեսնելով տւեալ պահի լարւածութիւնը՝ հաղորդավարը հաղորդումը ընդմիջել է գովազդով:
Սեւան Նիշանեանը յիշեցրել է, որ Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում էլ հայերը միշտ ստորացւել են եւ վիրաւորւել, իսկ 1915-ին Վանում հայերի զինւելը զուտ ինքնապաշտպանական նպատակ է ունեցել:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: