ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹԻՒՆ

«Հայոց Աշխարհ».
Բաքուն ինքն իրեն փակուղի է առաջնորդում

Մարտի 28-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բանակցութիւններից յետոյ ռուսաստանցի համանախագահ Եու. Մերզլեակովն արդէն յայտարարել է, որ հայկական կողմը համաձայն չէ Մադրիդեան նորացւած սկզբունքների որոշ կէտերի հետ:
Մնում է, որ Երեւանից Բաքու մեկնող համանախագահները այդ մասին պաշտօնապէս յայտնեն նաեւ Ադրբեջանի ղեկավարութեանը:
Եւ ի՞նչ. դրանից յետոյ Բաքուն դո՞ւրս է գալու բանակցային գործընթացից, սկսելու է պատրաստւել պատերազմի՞: Անտարակոյս՝ ոչ, առաւել եւս այն պատճառով, որ համանախագահների ներկայ այցը բանակցային գործընթացի հերթական շրջափուլի «վերջին ակորդը» չէ: Նրանք առաջիկայում ծրագրում են կազմակերպել նաեւ երկու երկրների նախագահների հանդիպում, որի ժամկէտներն ու վայրը դեռ յստակեցման փուլում են: Քանի որ ԼՂՀ կարգավիճակի եւ մի շարք այլ հարցերում կողմերի դիրքորոշումները տրամագծօրէն հակադիր բեւեռներում են, ապա հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումից նոյնպէս դժւար է լուրջ առաջընթաց սպասել:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տարածաշրջանային այցը ստեղծել է մի այնպիսի նոր իրավիճակ, երբ արդէն իսկ ձեւակերպւած սկզբունքների կողքին զգացւում է նոր գաղափարների ու առաջարկների կարիք՝ բանակցային գործընթացի շարունակականութիւնն ապահովելու եւ նրա մասնակիցներից մէկին, տւեալ պարագայում՝ Ադրբեջանին, իր իսկ ստեղծած ծուղակից դուրս բերելու համար:
Այնպիսի լուրջ ասպարէզում, ինչպիսին Ղարաբաղեան բանակցային գործընթացն է, չի կարելի թոյլ տալ, որ կողմերից մէկը՝ տւեալ պարագայում՝ Ադրբեջանը, յայտնւի այնպիսի վիճակում, որ անվերջ սպառնալիքներից յետոյ ծիծաղելի չերեւալու համար ստիպւած լինի յիմարութիւն անել:

0 Պատգամ: