Ադրբեջանն ընկաւ ծուղակի մէջ...


17:52 / 30.03.2010
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահները Ստեփանակերտում եւ Երեւանում բանակցութիւններ վարեցին, եւ պարզ դարձաւ, որ գոյութիւն չունեն «Մադրիդեան նորացւած սկզբունքներ»:
Եղել են եւ կան կարգաւորման սկզբունքներ եւ դրանց շուրջ աշխատանքային առաջարկութիւններ: Այդ մասին աւելի վաղ յստակ էր արտայայտւել նաեւ ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը:
Որոշակի բացայայտումներ, ըստ երեւոյթին, չէին արւի, եթէ Ադրբեջանը յայտարարած չլինէր, որ «փոքրիկ բացառութեամբ» ընդունում է «նորացւած Մադրիդեան սկզբունքները»:
Բանակցութիւններին հետեւող ամէն մի անկողմնակալ վերլուծաբանի համար Ադրբեջանի «կառուցողականութիւնը» հասկանալի էր ի սկզբանէ: Դա ոչ այլ ինչ էր, քան հայկական կողմի ձեռքով «Մադրիդեան սկզբունքները թաղելու» հնարք, որը, սակայն, չաշխատեց: Աւելի ճիշտ` աշխատեց ի վնաս Ադրբեջանի:
Հայկական կողմը հաւատարիմ մնաց իր սկզբունքային դիրքորոշմանը, որը տւեալ պահի կտրւածքում նաեւ առարկայօրէն ազդեց միջնորդների վրայ: Նրանք վերջին տարիների համար թերեւս ամենալուրջ քննարկումն անցկացրին Ստեփանակերտում, ինչը նշանակում է, որ ՄԽ համանախագահութիւնը չի պատկերացնում վերջնական հանգուցալուծում` առանց ԼՂՀ ներգրաււածութեան: Իսկ երեւանեան բանակցութիւններին հետեւած այն ընդհանրացումը, ըստ որի՝ «կողմերը հաւատարիմ են խնդրի խաղաղ կարգաւորմանը», հասցէագրւած էր Ադրբեջանին, որովհետեւ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն երբեւէ ուժի կիրառման սպառնալիք չեն հնչեցրել:
Պաշտօնական Բաքւի միջնորդաւորւած արձագանքը չուշացավ: Խորհրդարանում «անկախ պատգամաւորի» համբաւ ունեցող Սաբիր Ռուստամխանլին շտապեց յայտարարել, որ «Ադրբեջանը չպէտք է գնայ իր տարածքում Բաքւի իրաւունքները սահմանափակող որեւէ համաձայնութեան»:
Վերջակէտը դրւած է. խնդրի կարգաւորում ասելով Բաքուն հասկանում է մի բան` «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը»: Մադրիդեան փաստաթղթի հիմքում դրւած միւս երկու` ուժի չկիրառման եւ ինքնորոշման սկզբունքները նրան չեն հետաքրքրում, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը մերժում է կարգաւորման հայեցակարգը:
Ինչպէ՞ս է Բաքուն յաղթահարելու այս, մեղմ ասած, դիւանագիտական անհարթութիւնը` իր խնդիրն է: Հետաքրքիրն այն է, թէ միջնորդները դարձեալ կը փորձե՞ն «խմբագրել» արդէն շուրջ երեք տարի շրջանառւող փաստաթուղթը, թէ՞ յաւելեալ ջանքեր կը գործադրեն, որպէսզի Ադրբեջանը հաշտւի իրողութիւնների հետ:


Վահրամ Աթանէսեան
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: