Թուրք պատմաբան.–
1915-ին երիտթուրքերը ջանացել են վերացնել ամբողջ Հայ բնակչութեանը

(Ա Մաս)

11:36 / 31.03.2010

Թուրքական յայտնի Taraf թերթի թղթակից Նէշէ Դիւզելինը Թուրքիայի մութ էջերի վերաբերեալ հարցազրոյց է վերցրել թուրք յայտնի պատմաբան Սելիմ Դերինգիլից, ում պատասխանները աչքի են ընկել բաւականին համարձակութեամբ:
** Անատոլիայում երիտթուրքերից առաջ հայերի կոտորածներ եղե՞լ են:
***Այո, տեղի են ունեցել, սակայն սուլթան Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի միջեւ տարբերութիւնը այն էր, որ երիտթուրքերը նպատակ ունէին ամբողջութեամբ վերացնել Հայ բնակչութեանը, իսկ Աբդուլ Համիդը նման նպատակ չունէր, նա ցանկանում էր ազատւել որոշակի քանակութեամբ հայերից, պակասեցնել նրանց դերը տնտեսութեան մէջ եւ հայերի փոխարէն ստեղծել կրօնական բուրժուազիայ:
** Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում ո՞ր վայրերում են իրականացւել հայերի կոտորածներ:
*** Անատոլիայի ցանկացած քաղաքում հայեր կային, Օրդու, Թոքաթ, Տրապիզոն, Ամասիա, Ուրֆա, Սիվաս, մի խօսքով ամէն տեղ հայեր կային: Հայերի կոտորածները տեղի են ունեցել տարբեր քաղաքներում: Ներկայումս պաշտօնական պատմագրութիւնը նշում է, որ այդ վայրերում տեղի են ունեցել հայերի ապստամբութիւններ, սակայն դժւար է ասել, որ բոլոր վայրերում ապստամբութիւն է տեղի ունեցել:
** Դրանք ապստամբութիւն չէի՞ն:
*** Ոչ, ապստամբութիւններ չէին: Պաշտօնական պատմագրութեան ասած ապստամբութիւնների մեծ մասի դէպքում ապստամբութիւն, որպէս այդպիսին, չի եղել: Պետութեան զինւած ուժերին բաւականին կազմակերպւած եւ յաջող դիմադրութիւն է ցոյց տւել Զէյթունը: Հայերի ապստամբութիւններ տեղի են ունեցել նաեւ Վանում, Սիվասի շրջակայ վայրերում, սակայն կոտորածները տեղի են ունեցել սրանցից բացի մի շարք այլ վայրերում: Ուրֆայում (Եդեսիա) շատ լուրջ հայկական կոտորածներ են տեղի ունեցել: Առաջին ամէնա–ընդգրկուն կոտորածներից մէկը տեղի է ունեցել Դիարբեքիրում` 1895 թւականին:
** Դիարբեքիրում հայկական կոտորա՞ծ է եղել:
*** Այո, ահաւոր սպանդ է տեղի ունեցել: Այդ ամէնը արել են համիդիէ ջոկատները եւ բնակչութիւնը: Սպանդի ընթացքում տեղի են ունեցել թալան եւ բռնաբարութիւններ:
** Որքա՞ն Հայ է կոտորւել Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում:
*** Հայոց պատրիարքարանի տւեալների համաձայն, 1894-1897 թւականներին կոտորւել է 300 հազար Հայ: Հնարաւոր է, որ այս թիւը ուռճացւած է: Սակայն, իրականութիւն է, որ Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում զգալի քանակութեամբ Հայ է կոտորւել: Այս կոտորածներից յետոյ հնչակեանները չդիմացան եւ հեռացան Ռուսաստան: Հնչակները նպատակ ունէին ստեղծել սոցիալիստական անկախ Հայաստան: Իսկ դաշնակցութիւնը մինչեւ վերջին պահը համագործակցել է երիտթուրքերի հետ: Նրանք աբդուլհամիդեան ժամանակաշջանում իրար սնել եւ պահպանել են: Դրա համար էլ հնչակները մեղադրում էին դաշնակներին` ասելով. «Դուք թուրքերի հետ համագործակցեցիք, դրա համար էլ մեզ կոտորեցին»: Սակայն ես չեմ կարծում, որ 1895-ի կոտորածը 1915-ի իրադարձութիւնների փորձարկումն էր:
** Մի՞թէ երկուսում էլ կոտորած չի եղել:
*** Աբդուլ Համիդի օրօք կոտորած է եղել: Սակայն այն երիտթուրքերի պէս, նախօրօք պլանաւորած ծրագիր չի եղել: Երիտթուրքերը ջանքեր են գործադրել 1915-ին հայերին ամբողջութեամբ վերացնել: Աբդուլ Համիդի օրօք տարբեր շրջաններ էին ուղարկւում սադրիչներ` հոգեւորականի հագուստներով, ովքեր աղօթքի ընթացքում սադրանքներ էին կազմակերպում եւ յայտարարում, որ հայերը յարձակւել են մահմեդականների վրայ: Շատ վայրերում հայերը փոքրամասնութիւն էին կազմում եւ ինչպէ՞ս կարող էին ուրբաթօրեայ աղօթքի ընթացքում յարձակւել մահմեդականների վրայ:
** Կոտորածներից փրկւելու համար կայի՞ն արդեօք իսլամ ընդունել ցանկացող հայեր:
*** Իհարկէ: Օրինակ, Ուրֆայում կոտորածների ընթացքում որոշ տների կտուրների վրայ սպիտակ դրօշ էին կախում եւ բղաւում էին, որ ցանկանում են դառնալ մահմեդական: Նրանց չէին սպանում, սակայն իհարկէ կային դէպքեր, երբ նրանց եւս սպանում էին:
Շարունակելի…

Լուրեր Հայաստանից
Շարունակութիւնը տեսնել՝

0 Պատգամ: