Բարոնուհի Քոքսը նամակ է յղել Բրիտանիայի կառավարութեանը.–

«Վաղուց ժամանակն է ճանաչել Ցեղասպանութեան փաստը»


Մարտ 26, 2010թ. 12:00
«Բրիտանական կառավարութիւնը պէտք է ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը». այս վերնագրով նամակով Բարոնուհի Քերոլայն Քոքսը դիմել է բրիտանական կառավարութեանը և խնդրել վերանայել ժխտողական քաղաքականութիւնը ու ընդունել ճշմարտութիւնը` ճանաչել Հայոց Ցեղասպանութեան փաստը: Միաժամանակ, Բարոնուհին նկատել է, որ անհոյս է, թէ բրիտանական կառավարութիւնը կը փոխի իր հետևողական մերժման քաղաքականութիւնը:
Ըստ Քոքսի, խնդիրը արդիական է 3 հիմնական պատճառներով: Առաջինը ըստ Բարոնուհու այն է, որ պէտք է անել այնպէս, ինչպէս վարւել են աշխարհի շատ խորհրդարաններ ու նաև` վերջերս Շւէդիայի խորհրդարանը` Օսմանեան կայսրութիւնում մէկ և կէս միլիոն հայերի կոտորածը ճանաչելով որպես Ցեղասպանութիւն:
Որպէս երկրորդ դրդապատճառ, Քոքսը յիշեցնում է նախորդ տարւայ դեկտեմբերին հրապարակւած «Եղե՞լ է արդեօք Հայոց Ցեղասպանութիւն» վերնագրով յօդւածը, որտեղ թագաւորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը վկայակոչելով Արտաքին յարաբերութիւնների գրասենեակի պաշտօնական փաստաթղթերը, ցոյց է տալիս, թէ ինչպէս է Բրիտանական կառավարութիւնը, Խորհրդարանը և հասարակութիւնը խաբւել:
Միւս` երրորդ պատճառը, թէ ինչու է արդիական Ցեղասպանութեան ճանաչումը, այն է, որ այս տարի լրանում է Օսմանեան թուրքերի կատարած ոճրագործութեան 95-րդ տարելիցը և ըստ Քոքսի, վաղուց ժամանակն է ճանաչել ցեղասպանութեան փաստը: «Ցանկացած չճանաչւած ցեղասպանութիւն, ըստ էութեան, կարող է ազդակ լինել պոտենցիալ յանցագործներին` հետագայ ցեղասպանութիւնների համար», -նամակում գրել է Բարոնուհի Քոքսը և յիշեցրել Հիտլերի յայտնի խօսքը Լեհաստանում Հոլոքոստը նախապատրաստելիս` «Ո՞վ է ամէն ինչից յետոյ յիշում հայերի կոտորածը»:
Շարունակելով նամակը, Քոքսը նկատում է, թէ ամէն անգամ, երբ որևէ մի նախաձեռնութիւն է լինում մէկ և կէս միլիոն հայերի ցեղասպանութիւնը ճանաչելու մասին, թուրքական կառավարութիւնը կատաղում է և ամէն ինչ անում է կանխելու այն` ընդհուպ մինչև տնտեսական բոյկոտ:
Նման պատասխանը, ըստ նամակագրի, ողբերգական է և ճշմարտութեան մերժումը վտանգում է Հայ-թրքական հաշտեցման գործընթացին: Քոքսի կարծիքով, թուրք ժողովուրդն ինքն էլ շատ է ուզում, որպէսզի իրենց պատմութեան այդ ճշմարտութիւնը ճանաչւի:
«Երբ ես Թուրքիայում էի և զրուցում էի իմ թուրք գործընկեր պրոֆեսորների հետ, շատերն ասում էին, որ շատ են ցանկանում, որ իրենց երկրի կառավարութիւնը ճանաչի Ցեղասպանութիւնը: Նրանք գիտէին իրականութիւնը և խորը վիշտ էին ապրում, որ ստիպւած էին թաքցնել ճշմարտութիւնը և ապրել ստի մէջ», -նամակում շարադրում է Բարոնուհին այնուհետև յաւելում.
«Ժամանակները փոխւում են, բայց ինչպէս քաղաքակիրթ այլ երկրները ճանաչեցին, Ցեղասպանութեան յանցագործութիւնը վաղեմութեան ժամկէտներ չունի: Այս երկխօսութիւնը Ձերդ Գերազանցութիւն կառավարութեանը հնարաւորութիւն է տալիս միանալ միւս քաղաքակիրթ երկրներին: Ես մեծ վախ ունեմ, որ բրիտանական կառավարութիւնը դա չի անի, ինչի հետևանքով էլ Բրիտանիան յաւերժ անպատիւ կը մնայ: Բայց ի վերջոյ հնարաւորութիւն կայ, որ Բրիտանիայի խորհրդարանը ևս մէկ անգամ կը բարձրաձայնի հարցը և ինչպէս Շոտլանդիայի խորհրդարանը, կը ճանաչի պատմական ճշմարտութիւնը»:


ArmAr.am

0 Պատգամ: