Եուրի Մերզլեակով.– Հայկական կողմն իր անհամաձայնութիւնն է յայտնել որոշ կէտերի վերաբերեալ



ԼՂ խնդրի կարգաւորման բանակցութիւնների ընթացքը բաւական լուրջ է, որի պատճառով անհրաժեշտութիւն է առաջացել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեն տարածաշրջան: Մարտի 28-ին Ստեփանակերտում նման տեսակէտ է յայտնել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլեակովը:
Նշենք, որ ԼՂՀ ղեկավարութեան հետ համանախագահների հանդիպումը տեւել է մօտ 1,5 ժամ, որից յետոյ նրանք նշել են, որ հանդիպումը բովանդակալից էր: Եուրի Մերզլեակովի խօսքով, տարւայ վերջին համանախագահների կողմից առաջ քաշւած առաջարկութիւնների համաձայնեցման գործընթացն ընթացքի մէջ է:
Ռուս համանախագահն ընդգծել է, որ, ընդհանուր առմամբ, կողմերը համաձայնութեան են եկել Մադրիդեան սկզբունքների շուրջ` բացի 4 կէտերից: Նրա խօսքով, հայկական կողմն արդէն իր անհամաձայնութիւնն է յայտնել որոշ կէտերի վերաբերեալ, բայց իրենք հակւած չեն բարդացնել իրավիճակը: «Ուղիղ երկու տարի առաջ նոյն իրավիճակն էր Մադրիդեան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպէս հիմա է պարզւում` ոչ ամբողջապէս, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպէսզի գանք ընդհանուր յայտարարի», — նշել է Մերզլեակովը: Հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանը:
Յիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր ժամանում են Հայաստան եւ հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: