Խաղ, որ կայացել է 15 տարի առաջ.

Երևանում այսօր կհանդիպեն Հայաստանի և Իրանի

ազգային հաւաքականները



12:28 • 11.08.10
Այսօր Հայաստանի ազգային հաւաքականը «Հրազդան» մարզադաշտում ընկերական խաղում կը հիւրընկալի Իրանի ընտրանուն: Այդ հանդիպումը Հայաստանի ֆուտբոլիստների համար վերջին փորձամրցումն է սեպտեմբերի 3-ին «Հանրապետականում» Իռլանդիայի հաւաքականի հետ կայանալիք 2012թ. Եւրոպայի առաջնութեան ընտրական մրցախաղից առաջ:

Վերջին շրջանում յաճախակի են դարձել երկու հարևան երկրների պատանեկան հաւաքականների հանդիպումները: Իսկ ահա Հայաստանի և Իրանի ազգային հաւաքականներն առաջին անգամ են հանդիպելու: Գուցէ քչերին է յայտնի, որ Հայաստանի ազգային հաւաքականը, այնուամենայնիւ, մէկ անգամ ուժերը չափել է իրանցիների հետ: Ճիշտ է, մրցակիցը եղել է այդ երկրի օլիմպիական հաւաքականը, հետևաբար այդ հանդիպումը տեղ չի գտել ազգային հաւաքականի տարեգրութիւնում:
Իրանցիների հետ հանդիպումը կայացել է 1995թ.: Իրանի Իսլամական Հանրապետութեան ֆուտբոլի ֆեդերացիայի հրաւէրով Հայաստանի ազգային հաւաքականը Սամւէլ Դարբինեանի գլխաւորութեամբ յունիսի 24-ի առաւօտեան ուղղաթիռով մեկնեց Մեղրի, որտեղից էլ ուղևորւեց Ագարակ: Այստեղ մեր պատւիրակութեանը, որը գլխաւորում էր ֆուտբոլի ֆեդերացիայի գլխաւոր քարտուղարի տեղակալ Աշոտ Յարությունեանը, դիմաւորեց իրանական կողմը և ուղեկցեց Թաւրիզ: Նախնական պայմանաւորւածութեամբ ՀՀ հաւաքականը պէտք է ընկերական երկու հանդիպում անցկացներ Իրանի օլիմպիական ընտրանու հետ:
Սակայն տեղում պարզւեց, որ օլիմպիական հաւաքականի հետ միայն մէկ խաղ է կայանալու, իսկ միւսը տեղի է ունենալու ակումբներից մէկի հետ:Եւ այսպէս, յունիսի 25-ին ՀՀ հաւաքականը Թաւրիզում մրցեց «Տրակտոր Սազի» –ի հետ ու յաղթեց 4:0 հաշւով: Երկու գօլ խփեց Արմէն Շահգելդեանը, մէկական անգամ աչքի ընկան Արսէն Աւետիսեանն ու Ռազմիկ Գրիգորեանը:Յունիսի 27-ին Թեհրանում կայացաւ Հայաստանի ազգային հաւաքականի հանդիպումն Իրանի օլիմպիական ընտրանու հետ: Առաջին խաղակէսում Հայաստանի հաւաքականի խաղը չստացւեց, իսկ դաշտի տէրերի գրոհներից մէկն աւարտւեց դարպասի գրաւումով:
Հանգստից յետոյ Հայաստանի ֆուտբոլիստները գօլային մի քանի պահեր ստեղծեցին, սակայն նպաստաւոր դիրքերից վրիպեցին Արմէն Շահգելդեանը, Արսէն Աւետիսեանն ու Արթուր Պետրոսեանը: Գրոհներից մէկի ժամանակ էլ Շահգելդեանի հարւածից յետոյ գնդակը դիպաւ դարպասաձողին: Չնայած խաղային զգալի առաւելութեանը՝ Հայաստանի ֆուտբոլիստներին ոչ միայն չյաջողւեց վերականգնել հաւասարակշռութիւնը, այլև 2-րդ գնդակն ընդունեցին սեփական դարպասը: Միայն խաղավերջում Արսէն Աւետիսեանին յաջողւեց կրճատել հաշւի տարբերութիւնը' 1:2:
Այդ խաղում ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ հետևեալ կազմով. Յարութիւն Աբրահամեան, Տիգրան Գսպեյեան, Սարգիս Յովսէփեան, Յարութիւն Վարդանեան, Վահան Արզումանեան, Յովհաննէս Թահմազեան (Արսէն Աւետիսեան), Արա Նիգոյեան, Արթուր Պետրոսեան, Ռազմիկ Գրիգորեան (Հայկ Մարգարեան), Համլետ Մխիթարեան, Արմէն Շահգելդեան:
Ըստ պատւիրակութեան ղեկավար Աշոտ Յարութիւնեանի՝ մրցակիցը բնաւ էլ ուժեղ չէր: Պարզապէս մեր հաւաքականը թոյլ հանդէս եկաւ: Միայն Սարգիս Յովսէփեանի խաղը լաւ տպաւորութիւն թողեց, միւսներն իրենց հնարաւորութիւններից ցածր հանդէս եկան: Հայաստանի հաւաքականի ֆուտբոլիստները յունիսի 15-ին աւարտւած գարնանային-անցումային մրցաշարի աւարտից յետոյ լաւ մարզավիճակում չէին: Իրան մեկնելուց առաջ արձակուրդում գտնւող ֆուտբոլիստներն ընդամէնը մէկօրեայ հաւաք էին անցկացրել Երևանում, ինչը բաւական չէր խաղային որակները վերականգնելու համար:
Պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել, որ պատասխան այցով պէտք է Երևան ժամանէր Իրանի օլիմպիական հաւաքականը, որը յուլիսի 12-ին «Հրազդանում» պէտք է խաղար Հայաստանի երիտասարդական հաւաքականի կամ էլ մեր ակումբներից մէկի հետ, իսկ երկու օր անց մրցեր ՀՀ ազգային հաւաքականի հետ: Սակայն իրանցիների այցը Հայաստան չկայացաւ։


Armsport.am
Tert.am

0 Պատգամ: