Հայաստանի շահերից է բխում, որ նոր էներգաբլոկի կառուցումը ստանձնի Ֆրանսիան

Յուլիս 31, 2010 12:15
Հայաստանի շահերից է բխում, որ նոր էներգաբլոկի կառուցումն իրականացնի ոչ թէ ռուսական, այլ ֆրանսիական ընկերութիւնը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Մաքսային վարչութեան նախկին պետ Երջանիկ Աբգարեանը՝ անդրադառնալով ռուս վերլուծաբանների այն պնդմանը, թէ Հայաստանն այլընտրանք չունէր եւ նոր էներգաբլոկի կառուցումը պէտք է իրագործէր Ռուսաստանի հետ:
«Եթէ Հայաստան ասելով նկատի ունեն գործող վարչակարգը՝ Սերժ Սարգսեանի թիմը, ապա ճիշտ են ասում: Այս վարչակարգն իսկապէս այլընտրանք չունի եւ ամբողջապէս գտնւում է Ռուսաստանի ձեռքում: Նա ռուսների եւ ոչ մի առաջարկին չի կարող «ոչ» ասել, եթէ նոյնիսկ այդ առաջարկը չի բխում Հայաստանի շահերից: Այդ առումով ռուսները ճիշտ են՝ ասելով, թէ Հայաստանն այլընտրանք չունի»,-նշեց Աբգարեանը: Նա յաւելեց, որ ատոմային էներգետիկայի ոլորտում, թէ՛ մասնագէտների, թէ՛ անվտանգութեան, եւ թէ՛ միւս առումներով առաջատարը Ֆրանսիան է, եւ աշխարհի շատ ԱԷԿ-ներ հէնց նրանց նախագծերով են կառուցւում: «Այդ առումով, Հայաստանը պէտք է զերծ մնայ ռուսական տեխնոլոգիայով ԱէԿ կառուցելուց, քանի որ այն բաւականին խոցելի է: Վառ ապացոյցը Չեռնոբիլի վթարն է»:
Աբգարեանն անդրադարձաւ նաեւ ռուս վերլուծաբանների այն պնդմանը, թէ տարածաշրջանում անվտանգ ԱԷԿ կառուցելու յաջող փորձ ունեն միայն ռուս մասնագէտները: «Նրանք նոյն յաջողութեամբ ասում էին, թէ ՍՈՒ-35 կործանիչ ինքնաթիռը աշխարհի լաւագոյն ու ամենաուժեղ ինքնաթիռն է: Յետոյ պարզւեց, որ այդ ինքնաթիռը մի շարք պարամետրերով զիջում է այլ կործանիչների»,-նշեց նա: Նա նաեւ յաւելեց, որ գլուխգովանութիւնը յատուկ է ռուսներին, յատկապէս, որ նոր նախագիծը մեծ գումարների հետ է կապւած: «Հայաստանի էներգետիկներից շատերի կարծիքով, եթէ Հայաստանը նոր էներգաբլոկը կառուցէր միայնակ` առանց որեւէ մէկի աջակցութեան, դա կբխեր մեր երկրի շահերից եւ մեր երկրի էներգետիկ անկախութիւնը կը մեծանար: Այդ է պատճառը, որ ռուսներն ուզում են ձեռք գցել այս նոր նախագիծը, եւ այդ նախագծի իրագործումը զուտ քաղաքական որոշում է»,-ընդգծեց Աբգարեանը։
Նշենք, որ օրերս ՀՀ կառավարութիւնը հաստատել է «Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցութեան մասին» Ռուսաստանի կառավարութեան հետ կնքւելիք համաձայնագրի նախագիծը։ Այդ համաձայնագրի 1-ին յօդւածով նախատեսւում է Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզօրութեամբ ջրային էներգետիկ ռէակտորով, 60 տարւայ շահագործման ժամկէտով, Եւրոպական շահագործող կազմակերպութիւնների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացւած նոր միջուկային էներգաբլոկների կառուցում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: