Հրապարակելով Ադրբեջանում գտնւող Հայ

զինծառայողների լուսանկարները՝ Բաքուն խախտել է

միջազգային իրաւունքի նորմերը




23:16 • 10.08.10
ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան Տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը տարածել է հաղորդագրութիւն, որում ասւում է.
«Այսօր` օգոստոսի 10-ին, ադրբեջանական մի շարք լրատւամիջոցներ, մասնաւորապէս, APA, 1news.az, day.az կայքերը տեղեկութիւններ են հրապարակել Ադրբեջանում գտնւող Հայ զինծառայողների հետ իբրև թէ անցկացւած հարցազրոյցի վերաբերեալ և կայքերում տեղադրել վերջիններիս լուսանկարները։
Ակնյայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեղեկութիւնները` ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտօրէն խախտել է Միջազգային մարդասիրական իրաւունքի հանրաճանաչ նորմերը, մասնաւորապէս, 1949թ. օգոստոսի 12-ին Ժընևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 13-րդ և 27-րդ յօդւածներում ամրագրւած դրոյթները, որոնք սահմանում են, որ «հովանաւորւող կամ պահպանութեան տակ գտնւող անձինք պէտք է մշտապէս պաշտպանւած լինեն հասարակութեան հետաքրքրասիրութիւնից»։ Հետևաբար, ադրբեջանական կողմը պէտք է զերծ մնար նշւած անձանց հասարակութեան ուշադրութեանը ներկայացնելուց և կանխեր լուսանկարների տեղադրումը։ Ընդ որում, պահպանութեան տակ գտնւող անձի համաձայնութիւնը հանդիպել լրատւամիջոցների հետ կամ իր մասնակցութեամբ տեսաշարի հեռարձակումը չի ազատում համապատասխան կառոյցների ղեկավարութեանը իրենց պարտաւորութիւններից, քանի որ Ժընևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների` համապատասխանաբար 7-րդ և 8-րդ յօդւածներով ամրագրւում է, որ «պահպանութեան տակ գտնւող անձինք ոչ մի դէպքում չեն կարող մասնակիօրէն կամ ամբողջութեամբ հրաժարւել այն իրաւունքներից, որոնք նախատեսւած են կոնվենցիաներով»։
Հրաւիրում ենք միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների և յատկապես Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտէի ուշադրութիւնն ադրբեջանական կողմի գործողութիւնների վրայ` ակնկալելով այդ կառոյցների պատշաճ արձագանքն Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերեալ»:
Tert.am

0 Պատգամ: