Եթէ Անկարան վճարի պահանջւող գումարը,
ցեղասպանութեան զոհերի ժառանգների հայցով
դատական գործընթացը կը դադարեցւի
10:09 • 10.08.10
Հայոց Ցեղասպանութեան զոհերի ժառանգները Թուրքիայից պահանջում են ոչ թէ իրենց նախնիներից բռնագրաււած անշարժ և շարժական գոյքը, այլ 95 տարիների ընթացքում բանկային հաշիւներում գոյացած գումարն ու այդ գոյքից ստացւած եկամուտները: Այս մասին Haberturk-ին տւած հարցազրոյցում ասել է ամերիկահայ փաստաբան Պերճ Բոյաջեանը` մեկնաբանելով օրերս ԱՄՆ-ում բնակւող մեր հայրենակիցների կողմից Թուրքիայի կառավարութեան և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գիւղատնտեսական բանկի դէմ ներկայացւած հայցը:Փաստաբան Բոյաջեանը, ով թուրքական իշխանութիւնների դէմ ներկայացւած հայցը պաշտպանող 4 փաստաբաններից մէկն է, նշում է, որ հայցը որևէ առնչութիւն չունի Հայոց Ցեղասպանութեան փաստի ճանաչման հետ:«Այս հայցի նպատակը թուրքերի իրականացրած ցեղասպանութեան ապացուցումը չէ»,- յայտարարել է արմատներով Արևմտեան Հայաստանից փաստաբանը` շարունակելով.«Օսմանեան կայսրութիւնը 1915 թւականին հայերին տեղահանելու որոշում ընդունեց: Այդ ընթացքում, սակայն, ընդունւեց մէկ այլ որոշում, որում ասւում էր, որ գնացողների բանկային հաշիւներում պահւող գումարները, հողատարածքները, գործարանները մինչև հայերի վերադարձը անցնում է պետական վերահսկողութեանը։ 95 տարիների ընթացքում օգտագործել են այդ ամէնը և ստացել եկամուտներ: Մենք գոյք յետ չենք ուզում: Այլ ասում ենք` վերադարձրէք այդ գոյքից ստացւած եկամուտը: Շատ պարզ հայց է»:Փաստաբան Բոյաջեանը նշել է նաև, որ իրենք հարցի առնչութեամբ պատրաստ են նստել և բանակցել թուրքական իշխանութիւնների հետ: «Նախ կսպասենք թուրքական կառավարութեան արձագանքին։ Յետոյ կուսումնասիրւեն գոյքի սեփականութեան վկայականները, որից յետոյ կը հաշւարկենք գոյքից ստացւած եկամուտը: Եւ եթէ համաձայնութիւն ձեռք բերւի վճարւելիք գումարի շուրջ, ապա հարկ չի լինի շարունակել դատական գործընթացը: Իսկ հակառակ դէպքում այն կը շարունակւի, և դատարանը կը կայացնի իր որոշումը»,- ասել է փաստաբան Բոյաջեանը:
Tert.am
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment