Sunday, August 8, 2010

Նենսի Փելոսի.–


Նենսի Փելոսի.–

Հայոց ցեղասպանութեան ճանաչւած չլինելը ստւեր է

նետում ԱՄՆ բարոյական հեղինակութեան վրայ



14:41 • 07.08.10
Ամերիկայի Հ. Յ. Դ. Հայ Դատի յանձնախմբի Արևմտեան շրջանի գրասենեակի անդամներն ու աջակիցներն այս շաբաթ տեղի ունեցած բարեգործական մի միջոցառման շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ և պահանջել քւէարկութեան դնել թիւ 252 բանաձևը, որն ԱՄՆ կառավարութեանը կոչ է անում ճանաչել 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնը։ Այս մասին հաղորդում է «Ասպարէզ» օրաթերթը։
Փելոսին իր խօսքում նշել է, որ ԱՄՆ նախագահի շատ թեկնածուներ իրենց նախընտրական քարոզարշաւների ժամանակ խոստացել են ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, սակայն ընտրւելուց յետոյ դրժել են խոստումը։
Նա նաև նշել է, որ մարդկային արժէքների և Ռուանդայի, Դարֆուրի, ինչպէս նաև աշխարհի ցանկացած այլ կէտում իրականացւած ցեղասպանութիւնների մասին խօսելու բարոյական իրաւունք ունենալու համար Միացեալ Նահանգները պէտք է նախևառաջ ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, այլապէս այդ փաստը ստւեր է նետում ԱՄՆ բարոյական հեղինակութեան վրայ և թոյլ չի տալիս, որպէսզի Ամերիկայի ժողովուրդը հանդէս գայ որպէս ճշմարտութեան ամենուժեղ ջատագով։
Նշենք, որ 1986–ից ի վեր զբաղեցնելով տարբեր պաշտօններ՝ Նենսի Փելոսին ակտիւ գործունէութիւն է ծաւալել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ։ Այս տարւայ ապրիլի 24–ին Հայոց Ցեղասպանութեան յիշատակման արարողութեան ընթացքում Փելոսին իր գործընկերներին կոչ էր արել պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ ողջ կառավարութիւնն այս ոճիրը չի ճանաչել որպէս Ցեղասպանութիւն։
Յիշեցնենք, որ թիւ 252 բանաձևը 2009թ. մարտին ներկայացրել են կոնգրէսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը։ 2010թ. մարտին բանաձևը հաւանութեան արժանացաւ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից։ ԱՄՆ հայ համայնքն այժմ պահանջում է բանաձևը քւէարկութեան դնել նաև Ներկայացուցիչների պալատում։
Ներկայումս բանաձևին սատարում է 140 կոնգրէսական։
Tert.am

0 Պատգամ: