Բաքուն ստիպում է սպառազինւել Հայաստանին, Իրանին,


եւ նոյնիսկ Միջին Ասիայի երկրներին


Օգոստոս 16, 2010 10:01
Ադրբեջանը պատրաստւում է Թուրքիայից գնել Turna տեսակի թուրքական արտադրութեան անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանցի սպաները Թուրքիայում մասնագիտական պատրաստութիւն են անցնում՝ ղեկավարելու Turna սարքերը, որոնք արտադրւում են TAI (Turkish Aerospace Industries, Inc) ընկերութիւնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց փորձագէտ Արծրուն Յովհաննիսեանը՝ ընդգծելով, որ թուրքական ռազմա–արդիւնաբերութիւնը անօդաչու թռչող սարքերի արտադրութեամբ յաջողութիւնների է հասել։
«Իհարկէ, թուրքական արտադրութեան անօդաչու թռչող սարքերը որակական չափանիշներով չեն կարող համեմատւել իսրայէլականների հետ, բայց թուրքական անօդաչու սարքերը հարկ եղած դէպքում կարող են օգտագործւել որպէս մարտական-հարւածային միջոցներ»,- նշեց նա՝ աւելացնելով, որ Ադրբեջանում ներկայումս եղած իսրայէլական սարքերը նման հնարաւորութիւն չունեն։ Թուրքական արտադրանքը ձեռք բերելու դէպքում Ադրբեջանը աւելի կբարձրացնի ռազմական տեխնիկական հնարաւորութիւնները։ Մասնաւորապէս խնդիրը կարևոր է նրանով, որ դրանք յարձակողական են:
Փորձագէտի խօսքով՝ նախկինում նշւում էր, որ նման սարքեր Ադրբեջանը Իսրայէլի հետ համատեղ արտադրելու էր իր ռազմաարդիւնաբերական համալիրում եւ այդ անօդաչուները տեխնիկական եւ մարտավարական շատ բարձր հնարաւորութիւններ էին ունենալու։
Ըստ Յովհաննիսեանի՝ թուրքակական անօդաչու սարքերի գնման մասին տեղեկութիւնները, հաստատում են այն լուրերը, որ ադրբեջանա-իսրայէլական համատեղ ծրագիրը սառեցման փուլում է։
«Կարծում եմ, որ թուրք-իսրայէլական յարաբերութիւնների վատթարացման այս շրջանում Ադրբեջանը մեծ եղբօրը, այսինքն՝ Թուրքիային չնեղացնելու համար ժամանակավարապէս սառեցնում է Իսրայէլի հետ համատեղ ռազմաարդիւնաբերական ծրագիրը, որն ի դէպ նաեւ լուրջ անհանգստութիւն էր առաջացրել նաեւ Իրանում: Վերջին տարիներին Ադրբեջանին մատակարարւած ամենաժամանակակից զէնքերը իսրայէլական ծնունդ ունեն: Այս առումով նրանց համագործակցութեան թէկուզ ժամանակաւոր դադարեցումը շատ կարևոր է»,- ասաց նա։
Յովհաննիսեանը կարեւորեց, որ միջազգային կառոյցմները պէտք է ամենայն լրջութեամբ Ադրբեջանին զգուշացնեն, որ Բաքուն սպառազինութեան վազքին վերջ տայ, քանի որ տարածաշրջանում բարձր տեխնոլոգիական եւ յարձակողական միջոցների կուտակումը, որոնց կողմը իր ուշադրութիւնը կենտրոնացրել է Ադրբեջանը, սպառազինութեան վազքի է ստիպում մասնակցել ոչ միայն Հայաստանին, այլ նաև Վրաստանին, Իրանին, ինչպես նաեւ նոյնիսկ Միջին Ասիայի երկրներին։ Որոնցից է յատկապէս հսկայական էներգակիրների պաշարով Թուրքմենստանը, որն ի դէպ տարածքային չլուծւած խնդիրներ ունի Ադրբեջանի հետ։

Լուրեր Հայաստանից - NEWS.am



0 Պատգամ: