ՌԴ-ում Թուրքիայի դեսպանը վերահաստատում է Ղարաբաղեան նախապայմանը


14:27 • 04.08.10
Երբ առաջընթաց գրանցւի Ղարաբաղեան համակամարտութեան կարգաւորման գործընթացում և իրավիճակը փոխւի, այդ ժամանակ էլ Անկարան համապատասխան քայլեր կիրականացնի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման առնչութեամբ:
Այս մասին ադրբեջանական 1news.az կայքին տւած հարցազրոյցում ասել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջըն:
«Թուրքիան 1993թ. որոշում կայացրեց փակել Հայաստանի հետ սահմանը Ղարաբաղեան հակամարտութեան պատճառով: Եթէ այսօր հասկանանք, թէ ինչու է սահմանը փակւել, ապա պարզ կդառնայ, թէ ինչու այն չի կարող բացւել: Սահմանը կբացւի միայն այն բանից յետոյ, երբ Հայաստանը կազատի զբաղեցրած տարածքները: Ընդգծում եմ, որ միայն այդ դէպքում կարող է տեղի ունենալ սահմանների բացում և յարաբերութիւնների կարգաւորում: Դա ամրագրւած չէ Արձանագրութիւններում, սակայն ենթադրւում է»,- յայտարարել է թուրք դիւանագէտը:
Ի պատասխան այն հարցին, թէ «Ադրբեջանում առկայ է մի տեսակէտ, որի համաձայն` Ռուսաստանը չի գործադրում առաւելագոյն ջանքեր Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ և որ այդ հարցում նա կարող էր աւելի ակտիւ գործել: Ի՞նչ կասէք այս էմոցիոնալ մօտեցման մասին կամ իրօ՞ք դրանում կայ ճշմարտութեան հատիկ», Հալիլ Աքընջըն յայտարարել է.
«Հայաստանը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ է, և այդ պատճառով Ռուսաստանի նպատակն է կանխել զինւած բախումը: Այսօր Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ունի բաւականին ջերմ յարաբերութիւններ: Մինսկի խումբը ջանքեր է գործադրում խնդրի կարգաւորման ուղղութեամբ: Սակայն այդ ամէնը շատ դանդաղ է ընթանում: Ակնյայտ է, որ Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն ու Ֆրանսիան փորձում են ազդել Հայաստանի վրայ համոզելու ճանապարհով, սակայն, ըստ իս, նրանք կարող էին աւելի վճռական գործել, քանի որ տւեալ խնդրում Հայաստանը հանդիսանում է հակամարտութեան աղբիւր։
Մինսկի խումբը փորձում է այդ խնդրում զբաղեցնել չեզոք դիրք, սակայն այս առնչութեամբ ուզում եմ մեջբերել Չերչիլի հետևեալ խօսքը. «Չես կարող չեզոք դիրք գրաւել հրդեհի և հրշէջների միջև, պէտք է լինես հրշէջների կողմից»»:
Իսկ ի պատասխան այն հարցին, «թէ ի՞նչ ի նկատի ունէք` ասելով, որ պէտք է աւելի վճռական գործել», թուրք դիւանագէտն ասել է. «Չէի ցանկանայ ասել, թէ կոնկրէտ ինչ կարող են անել ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, սակայն համոզւած եմ, որ այդ պետութիւնների ձեռքին կան առաւել լուրջ միջոցներ ազդեցութիւն գործելու համար»:
Tert.am

0 Պատգամ: