Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին

արձանագրութեան ամբողջ տեքստը



Օգոստոս 17, 2010 17:53
NEWS.am-ը ներկայացնում է Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ` Հայաստանի Հանրապետութեան տարածքում ռուսաստանեան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխութիւններ կատարելու արձանագրութեան նախագիծը: Փաստաթուղթը ստորագրւելու է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ օգոստոսի 19-22-ին Երեւան կատարելիք այցի ընթացքում.

Նախագիծ

Արձանագրութիւն N5

Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ` Հայաստանի Հանրապետութեան տարածքում ռուսաստանեան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ 1995 թւականի մարտի 16-ի Պայմանագրում փոփոխութիւններ կատարելու մասին
Ռուսաստանի Դաշնութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, որոնք այսուհետ կը կոչեն Կողմեր,
առաջնորդւելով Հայաստանի Հանրապետութեան տարածքում ռուսաստանեան ռազմակայանի մասին Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ 1995 թւականի մարտի 16-ի Պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 26-րդ յօդւածով,
ուշադրութեան առնելով աւելի վաղ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները,
համաձայնեցին ներքոյիշեալի մասին.

Յօդւած 1
Պայմանագրի 3-րդ յօդւածը շարադրել հետեւեալ խմբագրութեամբ.

«Յօդւած 3
Ռուսաստանեան ռազմակայանը իրականացնում է Կողմերի համապատասխան պայմանաւորւածութիւններից բխող խնդիրներ:
Ռուսաստանեան ռազմակայանը Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնւելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնութեան շահերի պաշտպանութեան գործառոյթների իրականացումից Հայաստանի Հանրապետութեան Զինւած Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը:
Նշւած նպատակներին հասնելու համար Ռուսական Կողմը աջակցութիւն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետութեանը արդիական եւ համատեղելի սպառազինութեամբ, ռազմական (յատուկ) տեխնիկայով ապահովելու գործում:
Ռուսաստանեան ռազմակայանի զինւորական կազմաւորումների կիրառումը իրականացւում է Կողմերի փոխադարձ պայմանաւորւածութիւնների, 1992 թւականի մայիսի 15-ի Հաւաքական անվտանգութեան պայմանագրի, Ռուսաստանի Դաշնութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ Բարեկամութեան, համագործակցութեան եւ փոխադարձ օգնութեան մասին 1997 թւականի օգոստոսի 29-ի պայմանագրի հիման վրայ եւ Կողմերի օրէնսդրութեանը համապատասխան»:
Յօդւած 2

Պայմանագրի 26-րդ յօդւածը շարադրել հետեւեալ խմբագրութեամբ.

«Յօդւած 26

Սոյն Պայմանագիրը գործում է քառասունինը (49) տարի ժամկէտով եւ աւտոմատ կերպով երկարացւում է հետագայ հնգամեայ ժամանակաշրջանների համար, եթէ Կողմերից որեւէ մէկը սոյն Պայմանագրի հերթական ժամկէտի լրանալուց առնւազն վեց ամիս առաջ գրաւոր չի ծանուցում միւս Կողմին դրա գործողութիւնը դադարեցնելու իր մտադրութեան մասին:
Սոյն Պայմանագրի դրոյթները կարող են վերանայւել Կողմերից մէկի նախաձեռնութեամբ եւ փոխադարձ համաձայնութեամբ»:

Յօդւած 3

Սոյն Արձանագրութիւնը ենթակայ է վաւերացման եւ ուժի մէջ է մտնում դրա վաւերագրերի փոխանակման օրւանից»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am




0 Պատգամ: