Ռուսաստանի շահերից բխո՞ւմ է Ադրբեջանին հզօրացնելը
Օգոստոս 2, 2010թ. 17:00
Օրեր առաջ ռուսական, ինչպէս նաև ադրբեջանական մամուլում սկսեցին շրջանառւել Ռուսաստանի Դաշնութեան կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանութեան C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոնի հնարաւոր վաճառքի մասին լուրեր: Սակայն դրանք հէնց նոյն օրը հերքւեցին Рособоронэкспорт-ի կողմից: Այսօր այդ թեմային անդրադարձել է ռուսական «Նեզավիսիմայա գազետայ» թերթի յօդւածագիրը: Վերջինս նկատում է.
«Ռուսաստանն սկսում է նոր առաւել ակտիւ քաղաքականութիւն իր հարաւակովկասեան գործընկերոջ` Ադրբեջանի նկատմամբ: Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարարութեան աղբիւրը հաստատել է, որ Մոսկւան իրօք պատրաստ է Բաքւին վաճառել հակաօդային պաշտպանութեան C-300 ПМУ-2 «Фаворит» զենիթահրթիռային համակարգի 2 դիվիզիոն»:
«Ռուսական պաշտպանական գերատեսչութեան աղբիւրի համաձայն` արդէն մի քանի տարի է, ինչ Տվերում գտնւող Օդատիէզերական պաշտպանութեան ակադեմիայում ուսանում են ադրբեջանցի կուրսանտներ, որոնք հմտութիւններ են ձեռք բերում նաև զենիթահրթիռային C-300 համակարգի կիրառման գործում: Աղբիւրը նշում է, որ Рособоронэкспорт-ը շատ ճիշտ արեց` հերքելով օրեր առաջ մամուլում շրջանառւող Բաքւին C-300 վաճառելու մասին տեղեկութիւնը»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»` մէջբերելով նաև Բաքւում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչութեան մամուլի քարտուղար Թէյմուր Աբդուլաևի յայտարարութիւնները, որոնք ոչ հերքում, ոչ էլ հաստատում են այդ տեղեկութիւնը։
«Նեզավիսիմայա գազետայի» հետ զրոյցում գեներալ-լէյտենանտ Եուրի Նետկաչևը, որը ժամանակին գլխաւորել է ռուսական զօրախումբը Անդրկովկասում, նշում է, որ ֆորմալ տեսանկիւնից որևէ խնդիր չկայ Բաքւին C-300 համակարգեր վաճառելու հարցում: Սակայն հարց է ծագում, թէ Ադրբեջանի ինչի՞ն են պէտք այդ համալիրները: Եւ երկրորդ` արդեօ՞ք Ռուսաստանի շահերից է բխում հզօրացնել պաշտպանական կապերը Ադրբեջանի հետ, որը, ինչպէս յայտնի է, հակամարտութեան մէջ է գտնւում Մոսկւայի` հաւաքական պաշտպանութեան գծով դաշնակից Հայաստանի հետ:
««Фаворит»-ը նախատեսւած է հնարաւոր օդա-տիէզերական յարձակման դէպքում խոշոր ռազմավարական և արդիւնաբերական օբյէկտների պաշտպանութեան համար: Այդ պատճառով ռուսական համալիրները կը տեղակայւեն Ապշերոնի թերակղզում և ամենայն հաւանականութեամբ կպաշտպանեն Բաքու քաղաքում Բաքու-Թբիլիսի-Ջէյհան խողովակաշարի նաւթալցային տերմինալները»,- նշում է Եուրի Նետկաչևը` աւելացնելով, որ C-300-ի գնումը միայն մասնակիօրէն է կապւած Ադրբեջանի կողմից Հայաստանի դէմ ռազմական գործողութիւնների հնարաւոր վերսկսման հետ:
«Միևնոյն ժամանակ Երևանը չունի յարձակման այնպիսի միջոցներ, որոնց դէմ գործում է С-300 ПМУ-ն: Նշանակում է` վտանգ է սպառնում մէկ այլ կողմից: Գեներալի կարծիքով` մօտ ապագայում Միացեալ Նահանգները կամ Իսրայէլը կէտային հարւածներ են հասցնելու Իրանի միջուկային օբյէկտներին: Ի պատասխան դրան` Թեհրանը փորձելու է կաթւածահար անել նաւթի մատակարարումը Միացեալ Նահանգներ և այլ երկրներ»,- գրում է «Նեզավիսիմայա գազետան»` մէջբերելով գեներալ Նետկաչևի խօսքերը.
«Իրանի յարձակումներին կարող են ենթարկւել նաւթահորերն ու այլ էներգետիկ օբյէկտները Պարսից ծոցում և Կասպից ծովում: Եւ հենց այդ պատճառով է, որ Բաքուն Ռուսաստանից գնում է հակաօդային պաշտպանութեան ժամանակակից համակարգեր»:
Իսկ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնում կարծում են, որ հակաօդային պաշտպանութեան համակարգերով Ադրբեջանին զինելը չի կարող ազդել «տարածաշրջանային ուժերի հաւասարակշռութեան վրայ»:
Սակայն բոլորովին այլ կարծիքի է կովկասագէտ, պատմական գիտութիւնների դոկտոր Վլադիմիր Պոպովը: Նրա կարծիքով` Ադրբեջանի ռազմական ուժի ամրապնդմանն ուղղւած ցանկացած քայլ վտանգաւոր է և ամենայն հաւանականութեամբ կը յանգեցնի ռազմական գործողութիւնների` ընդդէմ Հայաստանի:
«Այդ դէպքում Ռուսաստանը կըյայտնւի շատ ծանր իրավիճակում, քանի որ Հայաստանը նրա դաշնակիցն է»,- նշում է Պոպովը:
Փորձագէտը հարցին մօտենում է նաև աշխարհաքաղաքական տեսանկիւնից: Նրա կարծիքով` Լեռնային Ղարաբաղում և Իրանում ռազմական գործողութիւնների դէպքում սաստիկ կը բարձրանայ նաւթի գինը, հնարաւոր է նաև դեֆիցիտ լինի: Այդ դէպքում Մոսկւան համաշխարհային մատակարարողների շրջանում կդառնայ առաջատար, Եւրասիական մայրցամաք ածխաջրածնի գրեթէ մոնոպոլ մատակարարը: Սակայն, ըստ փորձագէտի, այդ վիճակը երկար չի կարող տևել:
«Միացեալ Նահանգների դիրքերի ամրապնդումը Պարսից ծոցում և Կասպից ծովում կսպառնան Ռուսաստանի շահերին: Իսկ ամերիկացիների և ՆԱՏՕ-ի ուժերի՝ որպէս խաղաղապահների մասնակցութիւնը Ղարաբաղեան հակամարտութիւնում էլ աւելի կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում»,- նշում է Վլադիմիր Պոպովը:
ArmAr

0 Պատգամ: