Այսօր՝ Ս. Մարիամ Աստւածածնի Վերափոխման Տօնն է՝
Խաղողօրհնէք
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով և հանդիսաւորութեամբ նշում է Սբ. Աստւածածնի Վերափոխման տօնը:
Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղաւար տօներից չորրորդն է և Տիրամօրը նւիրւած տօներից ամենահինը: Այս տարի տօնը նշւում է օգոստոսի 15-ին:
Աւանդութեան համաձայն` Սբ. Կոյսը Յիսուս Քրիստոսի խաչելութիւնից յետոյ ապրել է Երուսաղեմում, Յովհաննէս Աւետարանչի խնամատարութեան ներքոյ:
Շուրջ 12 տարի Աստւածամայրը պահքով յաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղօթել: Այդ այցելութիւններից մէկի ժամանակ էլ նրան է յայտնւել Գաբրիէլ հրեշտակապետն ու աւետել Տիրամօր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխւելու լուրը:
Աստւածածինն էլ այս բարի լուրը յայտնել է իր ազգականներին ու միւս բոլոր քրիստոնեաներին` պատւիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Սբ.Կոյսը նաև պատւիրել է Յովհաննէս առաքեալին, որ վերջինս Սբ. Պատարագ մատուցի, որպէսզի ինքը վերջին անգամ Սբ. Հաղորդութիւն ընդունի: Հաղորդւելուց յետոյ Աստւածամայրը գնացել է Վերնատուն:
Մինչ առաքեալները լաց էին լինում, Յովհաննէսը վերցրել է մի տախտակ ու տւել Աստւածածնին և խնդրել, որպէսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրայ: Տիրամայրը վերցրել է տախտակը, խաչակնքել և երեսին դրել, այնուհետև թրջել արցունքներով և Աստծուց խնդրել, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկւեն իրենց ախտերից և զանազան հիւանդութիւններից: Երբ առաքեալները շրջապատել են Տիրամօր մահիճը, աննկարագրելի մի լոյս է երևացել: Սենեակի վերևում յայտնւել է Քրիստոս` հրեշտակների զօրքերով:
Տեսնելով իր Որդուն` Աստւածամայրն աւանդել է հոգին: Ս. Կոյսի երկրային կեանքի վախճանը Եկեղեցին ննջում և ոչ թէ մահ բառով է որակում` հասկանալի դարձնելու նրա երկինք փոխադրւած լինելը: Սբ. Բարդուղիմէոս առաքեալը, ով բացակայում էր յուղարկաւորութիւնից, վերադառնալով Երուսաղեմ, ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստւածամօրը:
Առաքեալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, սակայն այնտեղ չի լինում Սբ. Կոյսի մարմինը: Այդ նշանակում էր, որ Յիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մօրը: Առաքեալներն էլ փայտի վրայ դրոշմած պատկերը տալիս են Բարդուղիմէոսին` որպէս մխիթարութիւն:
Ըստ Սբ.Մովսէս Խորենացու` Հայաստանի առաջին լուսաւորիչն այն բերում է Հայաստան և զետեղում Անձևացեաց գաւառի Դարբնոց կոչւած վայրում, ուր հետագայում ի պատիւ Աստւածամօր եկեղեցի և կուսանոց է հիմնադրւում:
Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին յարգանք և երկիւղածութիւն է տածում Աստւածամօր հանդէպ` շեշտելով Աստծոյ մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղութիւնը, անօրինակ խոնարհութեան ոգին, առաքինի վարքն ու նւիրւածութիւնը:
Իսկ Հայ կնոջ համար Սբ. Կոյսն առաքինի, հաւատաւոր մօր, ընտանեկան սրբութեան պահապանի մարմնացումն է:
Ս. Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնի օրը, Սբ. Պատարագից յետոյ, կատարւում է Խաղողօրհնէք: Օրհնւում է նաև տարւայ ողջ բերքն ու բարիքը:
Տօնին յաջորդող օրը` այս տարի օգոստոսի 16-ին, Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցելաների հոգիների խաղաղութեան համար կմատուցւի հոգեհանգստեան Ս. Պատարագ, որից յետոյ մարդիկ կարող են այցել իրենց հարազատների շիրիմներին:
0 Պատգամ:
Post a Comment