Մոսկւան կօգնի Հայաստանին`

ազատւել ատոմակայանից


Օգոստոս 04, 2010 20:17
Նոր միջուկային էներգաբլոկի նախագծումն ու նրա շինարարութիւնը կսկսւի, երբ պատւիրատուի պահանջով կորոշւեն օգտագործւող տեխնիկական միջոցները եւ այլ նախագծային բնութագրիչներ, ինչպէս նաեւ կլուծւի ֆինանսաւորման հարցը:
Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրոյցում նշել է «Ատոմստրոյէքսպորտ» ընկերութեան աղբիւրը: ներկայումս, նախագծի կոնկրէտ արժէքը դեռ որոշւած չէ:
«Նոր էներգաբլոկի արժէքը պէտք է համաձայնեցւի այդ նախագծի իրականացման ֆինանսաւորման կառուցւածքը յստակեցնելու արդիւնքում: Նրա արժէքը որոշւելու է օգտագործւելիք տեխնիկական պայմաններով, որոնք կարտացոլւեն պայմանագրում»,- ասել է աղբիւրը:
Հարցին, թէ արդեօ՞ք Ռուսաստանը կմասնակցի գործող էներգաբլոկի վերացման գործին, աղբիւրը պատասխանել է, որ հայկական կողմից համապատասխան դիմում ստանալու դէպքում «Ատոմստրոյէքսպորտը» պատրաստ է մասնակցել գործող էներգաբլոկը շահագործումից հանելու աշխատանքներին:
«Դրա համար մեր ընկերութիւնն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները: Մեզ է պատկանում NUKEM Technologies GmbH ընկերութեան 100 տոկոսը, որն ունի բոլոր հմտութիւնները` էներգաբլոկը շահագործումից հանելու, կամ ռադիոակտիվ թափոնների հետ համապատասխան ձեւով վարւելու հարցում: NUKEM Technologies GmbH ընկերութեան ձեռքբերումը հնարաւորութիւն է տւել մեզ յաջողութեամբ ներգրավւել ինչպէս հին ատոմակայանները շահագործումից հանելու, այնպէս էլ ռուսական ու եւրոպական ամենաառաջաւոր տեխնոլոգիաներով նոր ատոմակայաններ կառուցելու գործում»,- ասել է նա:
Աղբիւրի հաւաստմամբ, նոր միջուկային էներգաբլոկը բարձր արդիւնաւէտութիւն ունեցող եւ էկոլոգիապէս անվտանգ նախագիծ է, որը երկար ժամանակ կծառայի: «Նախագծում օգտագործւում է 4 ուղի ունեցող անվտանգութեան համակարգ, գործում են պաշտպանութեան ակտիւ եւ պասիւ սարքեր, վերահսկման եւ կառավարման թւային համակարգ: Դրանք կանխարգելում են ցանկացած վթարային իրավիճակի անցանկալի զարգացում»,- ասել է նա:
Նշենք, որ օրերս ՀՀ կառավարութիւնը հաստատել է «Հայաստանի տարածքում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցութեան մասին» Ռուսաստանի կառավարութեան հետ կնքւելիք համաձայնագրի նախագիծը։ Այդ համաձայնագրի 1-ին յօդւածով նախատեսւում է Հայաստանի տարածքում, ԱԷԿ-92 նախագծի համաձայն, 1060 ՄՎտ հզօրութեամբ ջրային էներգետիկ ռէակտորով, 60 տարւայ շահագործման ժամկէտով, Եւրոպական շահագործող կազմակերպութիւնների ակումբի (EUR) չափանիշների համապատասխան սերտիֆիկացւած նոր միջուկային էներգաբլոկների կառուցում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: