ՊԱՏՄԱԿԱՆ -
Հ. Յ. Դաշնակցութեան մեծ դատավարութեան
թղթածրարները
Համօ Օհանջանեանի դատական գործը
(Շար. 1)
Անւանի կուսակցական եւ պետական գործիչ Համօ (Համազասպ) Օհանջանեանը հայ հանրութեանը գերազանցապէս յայտնի է, որպէս Հայաստանի Առաջին Հանրապետութեան վարչապետ: Մինչ այդ՝ 20-րդ դարի սկզբներում, Հ. Յ. Դաշնակցութեան Անդրկովկասի կազմակերպութեան կազմում նրա ծաւալած գործունէութիւնը բաւական թերի է ուսումնասիրւած:
Մինչդեռ, այդ եռանդուն գործունէութեան արդիւնքում՝ ՀՀ ապագայ վարչապետը դարձաւ Հ. Յ. Դաշնակցութեան մեծ դատավարութեան հիմնական ամբաստանեալը, ենթարկւեց դաժան հալածանքների, բանտարկութեան ու աքսորի: Ներկայ հրապարակումը նպատակ ունի բացայայտել Հ.Յ.Դ.-ի յեղափոխական պայքարի եւ արեւելահայութեան ինքնապաշտպանութեան գործի կազմակերպիչներից մէկի՝ Համօ Օհանջանեանի հանդէպ ցարական բռնակալութեան կազմակերպած դատական հաշւեյարդարի մանրամասները:
Հ.Յ.Դ.-ի Մեծ կամ լիժինեան դատավարութեան փաստաթըղթերը լոյս են սփռում Համօ Օհանջանեանի գործունէութեան ողջ 1905-1912 թթ. ժամանակահատւածի վրայ:Ռուսաստանում սկիզբ առած յեղափոխութեան պայմաններում 1905 թ. յունիսին հրապարակւեց Հ.Յ.Դ. խորհրդի փետրւարեան եւ ապրիլեան նիստերում ընդունւած «Նախագիծ Կովկասեան գործունէութեան» կամ «Կովկասեան նախագիծ» փաստաթուղթը, որը, փաստօրէն, փոփոխութեան էր ենթարկում կուսակցութեան ծրագիրը:
Հ.Յ.Դ. խորհրդի ընդունած բանաձեւում նշւում էր. «Կովկասեան շարժման հարցում ինքնապաշտպանութեան շրջանից անցնել բուն յեղափոխական գործունէութեան, մշակել ծրագիր՝ համաձայն Կովկասեան Ռայոնական ժողովում արտայայտւած տրամադրութեան, ուղարկել դաշնակցական կովկասեան մարմիններին՝ ժամանակաւորապէս ղեկավարւելու այդ ծրագրով, թողնելով նրա վերջնական հաստատումը առաջիկայ Ընդհանուր ժողովին»:Սա նշանակում էր, որ Հ.Յ.Դ.-ն Անդրկովկասում անցնում էր ակտիւ յեղափոխական գործունէութեան՝ առաջ քաշելով հետեւեալ հիմնական նպատակները.
«1- Դաշնակցական ռամկավար հանրապետութիւն՝ Անդրկովկասի համար, հիմնւած ընդհանուր, հաւասար, ուղղակի եւ գաղտնի ձայնատւութեան վրայ:
2- Կատարեալ հաւասարութիւն՝ բոլոր ազգերի եւ կրօնական համայնքների, որոնք մտնում են դաշնակցութեան մէջ:
3- Անդրկովկասը կազմում է ազատ Ռուսաստանի անբաժան, դաշնակից մասը՝ կապւած Ռուսաստանի հետ ընդհանուր պետական ինքնապաշտպանութեան, դրամական սիստեմի ու ընդհանուր քաղաքականութեան խնդիրներում: Նա ուղարկում է վերոյիշեալ սկզբունքներով ընտրւած իր ներկայացուցիչները՝ Ռուսաստանի ընդհանուր պառլամենտին:
4- Անդրկովկասը անկախ է բոլոր ներքին խնդիրներում՝ վարչական, տնտեսական եւլն.»:Հ. Օհանջանեանը Հ.Յ.Դ. խորհրդի փետրւարեան նիստին ներկայ էր որպէս Հ.Յ.Դ. Արեւելեան Բիւրոյի, իսկ ապրիլեան նիստին՝ Կովկասի ինքնապաշտպանութեան մարմնի ներկայացուցիչ եւ եռանդուն կերպով պաշտպանում էր «Կովկասեան նախագիծը»: 1905-1907 թթ. Ռուսական առաջին յեղափոխութեանը Հ.Յ.Դ.-ի մասնակցութեան սկիզբը դրած այս որոշումների իրականացման մէջ մեծ էր Արեւելեան Բիւրոյի հերթապահ ու միաժամանակ՝ Հ.Յ.Դ.-ի դրամական միջոցները տնօրինող անձանցից մէկի՝ Համօ Օհանջանեանի անձնական ներդրումը:
Իսկ արդէն Հ. Օհանջանեանի եւ Հ.Յ.Դ.-ի այլ ղեկավարների բանտարկութիւնից յետոյ՝ 1909 թ. ապրիլին, Կովկասեան Ռայոնական մարմինների արտակարգ ժողովն ընտրեց Արեւելեան «ժամանակաւոր Բիւրօ», ինչը նշանակում էր, որ մինչեւ Վառնայի 5-րդ Ընդհանուր ժողովը (1909 թ. օգոստոսի 14-սեպտեմբերի 18) փաստացի կերպով Հ.Յ.Դ. Բաքւի Կենտրոնական կոմիտէն էր Կովկասի գործերի վարողը:Համօ Օհանջանեանը ձերբակալւեց 1908 թ. դեկտեմբերին՝ Թբիլիսիում:
Ստանալով այդ լուրը եւ անտեսելով ոստիկանութեան կողմից հետախուզւելու հանգամանքը՝ 1909 թ. մայիսին Թբիլիսի է վերադառնում նրա հաւատարիմ ընկերուհին՝ Ռուբինա Արեշեանը: Երբ Հ. Օհանջանեանին տեղափոխում են Նովոչերկասկի բանտ՝ Ռուբինան հետեւում է նրան: Ի վերջոյ, այստեղ նա էլ ձերբակալւեց, բայց ազատւեց իր զինւորական եղբօր միջնորդութեամբ:
Նովոչերկասկից Հ. Օհանջանեանը պէտք է աքսորւէր Խարկով կամ Սիբիր: Նա սկզբում ընտրեց առաջինը, սակայն խարկովեան բանտի պայմանները այնքան ծանր էին, որ Հ. Օհանջանեանը, ի վերջոյ, նախընտրեց սիբիրեան աքսորը: Եւ այս անգամ էլ Ռուբինան հետեւեց նրան:
1913-1915 թթ. նրանք բնակւեցին հեռաւոր Իրկուտսկի մարզի խուլ գիւղերից մէկում եւ այդ տարիներում էլ ամուսնացան: Սա Հ. Օհանջանեանի երկրորդ ամուսնութիւնն էր: Աքսորում անգամ Հ. Օհանջանեանը «պարապ» չէր մնում՝ զբաղւում էր բժշկութեամբ: Առաջին աշխարհամարտի տարիներում նա ներում ստացաւ, վերադարձաւ Թբիլիսի: Վանի ազատագրումից յետոյ Ռուբինայի հետ մեկնեց այնտեղ եւ որպէս բժիշկ՝ մասնագիտական օգնութիւն ցուցաբերեց հայ կամաւորականներին: 1918 թ. մայիսին Ղարաքիլիսայի հերոսամարտում զոհւեց Հ. Օհանջանեանի անդրանիկ զաւակը՝ 18-ամեայ Մոնիկը, դաշնակցական Աշակերտական միութեան նախագահը:
Հ. Օհանջանեանի ղեկավարութեամբ են հրատարակւել «Յառաջ»-ի մատենաշարի գրքոյկները: Նա է վարել ռուսաստանեան յեղափոխական կուսակցութիւնների հետ Հ.Յ.Դ.-ի յարաբերութիւնները՝ վայելելով բոլորի յարգանքը:
* * *
Ի՞նչ էին իրենցից ներկայացնում Հ. Օհանջանեանին ներկայացւած մեղադրանքները եւ դրանց հիման վրայ ծաւալւած դատական գործընթացը:1909 թ. մարտի 13-ից ապրիլի 20-ի իր որոշման մէջ քննիչ Ն. Լիժինը նախեւառաջ ներկայացնում էր Հ.Յ.Դ.-ի կառոյցը՝ շեշտադրումները տեղափոխելով կուսակցութեան ահաբեկչական ու հակակառավարական գործունէութեան «մերկացման» վրայ:
Իսկ. Հ. Օհանջանեանն առաջին հերթին մեղադրւում էր «Կովկասեան նախագծի» հետեւողական պաշտպանութեան, այդ նպատակով համապատասխան քարոզչութեան կազմակերպման, հայկական դպրոցների համար քարոզիչ-ուսուցիչների ուղարկման, կուսակցութեան ներսում անջատականութեան դէմ պայքարելու եւ խմբապետ Միհրանի նկատմամբ Հ.Յ.Դ.-ի մահւան դատավճռի իրականացմանը գործուն մասնակցութիւն ունենալու մէջ (այս մեղադրանքը ներկայացւում էր անունների եւ հեռագրերի բծախնդիր յիշատակմամբ):
Իսկ ահա աւելի որոշակի մեղադրանքների շարքում ամենազաւեշտականը կուսակցութեան գանձարկղ... 15 ռուբլի մուծելու ամբաստանութիւնն էր:1909 թ. մայիսի 24-ին Թբիլիսիում կայացած հարցաքննութեան ժամանակ Հ. Օհանջանեանին ներկայացւած մեղադրանքների «առիւծի բաժինը» կրկին վերաբերում էր ահաբեկչական ու հակապետական գործունէութեանը, դրա ձեւերի ու եղանակների հանգամանալից թւարկմանը, յատկապէս՝ Միհրանի գործի առումով:
Այս հարցաքննութեան ժամանակ Հ. Օհանջանեանն ընտրել էր քննիչի կողմից ներկայացւած մեղադրանքները հետեւողականօրէն հերքելու մարտավարութիւն՝ մերժելով իր կողմից հեռագրեր ուղարկելու, «Մհերեան» մականունն ունենալու, Հ.Յ.Դ.-ի 1905 թ. վերջին կայացած Հ.Յ.Դ.-ի Ռայոնական ժողովին ներկայ գտնւելու փաստերը: Նա պնդում էր, որ իրեն անյայտ է Միհրանի անձը, հրաժարւում էր անգամ Լեւոն Թադէոսեանին ճանաչելու փաստից, իսկ Հ.Յ.Դ.-ի պատասխանատու գործիչ Մինաս Մուրադեանին ներկայացնում էր սոսկ որպէս բժիշկ:
Նա չընդունեց անգամ իր կողմից Հ.Յ.Դ.-ի օգտին 15 ռուբլի մուծում կատարելու անմեղ ամբաստանութիւնը՝ պահանջելով ներկայացնել իրեն տրւած մեղադրանքները հաստատող փաստաթղթեր ու վկաներ՝ քաջ հասկանալով, որ այդպիսիք դժւար թէ գտնւեն:Փաստօրէն, նախաքննութեան այս փուլում Հ. Օհանջանեանը որդեգրել էր բաւական կոշտ ու միանգամայն արդարացւած պաշտպանողական-յարձակողական մարտավարութիւն:
Դրանով Միհրանի նկատմամբ ահաբեկման մեղադրանքից նա զերծ էր պահում իր անձը, իսկ ահա Հ.Յ.Դ.-ի անդամների դէպքում՝ անցնում էր վերջիններիս պաշտպանելու մարտավարութեանը: 1909 թ. մայիսի 24-ի Լիժինի որոշման մէջ Հ. Օհանջանեանը, այնուամենայնիւ, մեղադրւում է Հ.Յ.Դ.-ի գործունէութեանը մասնակցելու, ինչպէս նաեւ կուսակցութեան անունից Միհրանի եւ այլոց հանդէպ սպանութիւն սադրելու մէջ, եւ դրա արդիւնքում՝ որոշում է կայացւում Հ. Օհանջանեանին կալանքի տակ պահել Մետեխի բանտում:
1910 թ. հոկտեմբերի 26-ին, արդէն Նովոչերկասկում կայացած հարցաքննութեան ժամանակ, Հ. Օհանջանեանը կտրուկ մերժում է իր դրամական փոխանցումների կուսակցական պատկանելութիւնը, իսկ դրանցից ո՛րն էլ ընդունում է՝ բացատրում է զուտ անձնական-կենցաղային դրդապատճառներով: Շարունակելով ժխտման մարտավարութիւնը՝ նա հրաժարւում է յայտնել անգամ «Յառաջ»-ի գրադարանի վարչութեան գտնւելու վայրը՝ մերժելով նաեւ նշեալ գրադարանի հրատարակութիւնների տարբեր հասցէներով իր կողմից առաքման փաստը:
Մերժում է անգամ «Մհեր» եւ «Համօ» ստորագրութիւններով ձեռագրերի հեղինակութիւնը եւ պաշտպանելով՝ ապահովագրում է իր ընկերներ՝ Արտաշէս Չիլինգարեանին եւ Սիմոն Վրացեանին: Այնուամենայնիւ, նա նոյն մարտավարական նկատառումներով ընդունում է որոշ անմեղ, քարոզչական բնոյթ ունեցող փաստաթղթերի իր հեղինակութիւնը (օրինակ՝ «Կովկասում ինքնավարութեան սկզբունք» եւ «Անդրկովկասում ինքնավարութիւն» բառերով սկսւող ձեռագրերը, «Հայ-թաթարական ընդհարումների մեղաւորները» վերնագրով ռուսերէն ձեռագիրը):
Հարցաքննութեան ժամանակ Հ. Օհանջանեանը պահանջեց ներկայացնել խուզարկութեան եւ առգրաւումների արձանագրութիւնները, ինչպէս նաեւ Հ.Յ.Դ.-ին իր պատկանելութեան մեղադրանքով քննչական վարոյթի պատճէնները: Ըստ նախաքննութեան տւեալների՝ Հ. Օհանջանեանը ներկայացւում էր որպէս Հ.Յ.Դ.-ի կովկասեան հատւածի ֆինանսական պատասխանատու՝ թէ՛ դրամի հաւաքման, թէ՛ կառոյցներին բաժանելու առումով: Այս հարցի հետ կապւած, հարցաքննութեան ժամանակ, նա ժխտում է կատարւած բոլոր փոխանցումներին իր առնչութիւնը: Ու միակ բացառութիւնը, այն էլ վերապահութեամբ, կատարում է Գալուստ Ալոյեանին կատարած փոխանցման առիթով («ինչը ես ժամանակի վաղեմութեան պատճառով՝ ճշգրիտ չեմ յիշում ինչքան եւ ում եմ փոխանցել եւ կատարե՞լ եմ այդ բոլոր փոխանցումները՝ չեմ յիշում»), դրանց մի մասի առաքումն էլ պայմանաւորելով հայ-թաթարական կռիւների առթիւ տուժւած հայերին օգնելու կամ էլ՝ իր անձնական պարտքը վերադարձնելու հանգամանքով:
ԱՒԱԳ Ա. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու
«ՎԷՄ» համահայկական հանդէս
(Շար. 1)
0 Պատգամ:
Post a Comment