Գլէնդեյլի հայկական եկեղեցու դէմ

բարբարոսութիւն են կատարել



Օգոստոս 12, 2010 17:05
Գլենդեյլի Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցու դէմ բարբարոսութիւն է կատարւել: Գլենդեյլի 23-ամեայ մի բնակիչ, մուրճով ջարդել, ոչնչացրել է եկեղեցու բակում տեղադրւած խաչքարի վրայի Սուրբ Մարիամի քանդակը։ Վայրագութիւնը կատարած անձը քիչ անց ձերբակալւել է։ Նրան վանդալիզմ կատարելու մեղադրանք է առաջադրւելու։
«Ազատութիւն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Glendale News Press-ը, հաղորդում է, որ վայրագութեան համար ձերբակալւածը ազգութեամբ հրէայ Վիկտոր Պետրեսկուն է, ով ոստիկանութեանն ասել է, թէ ինքը հրէայ է, ու Աստւածաշնչում ասւում է, որ պէտք է ոչնչացնել սուրբ սիւները։ Հրէայի գործողութիւնը չի որակւել որպէս ատելութեան դրդապատճառներով կատարւած յանցագործութիւն, քանի որ քննիչները դեռ ուսումնասիրում են Պետրեսկուի հոգեկան վիճակը: Ինչպէս նշել է սերժանտ Լորենզը, Պետրեսկուն չորեքշաբթի օրը փոխել է իր նախնական ցուցմունքը` ասելով, թէ քրիստոնեա է։
Հայկական եկեղեցու հոգեւորական Արտակ Դեմիրճեանը յայտնել է, որ եկեղեցու սպասաւորներն ու այդ պահին եկեղեցում գտնւող հաւատացեալները տեսել են նրան ու փորձել արգելել, բայց նա ոչինչ չի պատասխանել ու բարձրացնելով ծանր մուրճը` հարւածել է քանդակին։
Խաչքարը տեղադրւել էր աւելի քան 10 տարի առաջ ու նւիրւած էր հայերի կողմից քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունելու 1700-ամեակին։
Եկեղեցու սպասաւորները մտածում են փշրւած քանդակը վերականգնելու հնարաւորութեան մասին։ Սերժանտ Լորենզն ասել է, որ այս վայրագութեամբ եկեղեցուն պատճառւել է շուրջ 80 հազար դոլարի վնաս։
Այսօր քննիչները պէտք է Պետրեսկուի դէմ վանդալիզմի մեղադրանքը ներկայացնեն դատախազութեանը, որն էլ կորոշի, թէ նրա դէմ ինչ գործ է յարուցելու: Ըստ ոստիկանութեան ներկայացուցչի, լաւ կլինի, եթէ այդ տղային հեռացնեն փողոցից ու նստեցնեն։
Եթէ Պետրեսկուի դէմ գործ յարուցւի, ապա, ամենայն հաւանականութեամբ, դատարանի առաջ նա պատասխան կտայ վաղը՝ օգոստոսի 13-ին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: