Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը չի


պատրաստւում հրաժարական տալ



Օգոստոս 03, 2010 18:02
Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը չի կարծում, որ Հայաստանի զինւած ուժերում տեղի ունեցած վերջին միջադէպերի պատճառով պէտք է հրաժարական տայ:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետի տեղակալ Ֆելիքս Պօղոսեանը՝ պատասխանելով հարցին, թէ ինչպէս է վերաբերւում սոցիալական ցանցերում քննարկւող այն հարցին, ըստ որի՝ Սէյրան Օհանեանը պէտք է հրաժարական տայ: «Եթէ այդպէս լինի՝ պէտք է անընդհատ նախարարները շուտ-շուտ ու աւելի յաճախակի հրաժարական տան: Դէպքը շատ ծանր է, նախարարն ինքը գնահատական տւել է դէպքին: Բայց եթէ դուք իմ կարծիքն էք ուզում իմանալ, ապա ես չեմ կարծում, որ դրա համար (տեղի ունեցած սպանութիւնների-խմբ.) պէտք է հրաժարական տայ»,- ասաց Պօղոսեանը: Նա նաեւ յաւելեց, թէ «նախարարը դէպքերին շատ լուրջ գնահատական է տւել, նախարարը գիտակցաբար այդ գնահատականը տւել է, խօսել է, ի՞նչ ասեմ»:
Հարցին, թէ Սէյրան Օհանեանը տեղեա՞կ է, որ հասարակութիւնն իր հրաժարականն է պահանջում, վարչութեան պետի տեղակալն արձագանքեց. «Դուք շատ էք շրջանակները մեծացնում, դա ընդամենը հասարակութեան մի խումբն է: Ես նորից եմ կրկնում, որ նախարարը շատ լուրջ է վերաբերւում իրավիճակին ու ինքն էլ չի կարծում, որ դրա համար պէտք է հրաժարական տայ: Ձեր ասած մի խումբը չի նշանակում հասարակութիւն:
Նախարարի առաջ շատ աւելի լուրջ խնդիրներ են ծառացած՝ մեր երկրի անվտանգութեան ապահովման խնդիրը, բանակը ղեկավարելու եւ այլն»: Իսկ եթէ հասարակութեան ստւար զանգւածը պահանջի նախարարի հրաժարական, այդ ժամանակի նախարարն ընդառաջ կգնայ՞ այդ պահանջին՝ հարցին Պօղոսեանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թէ ինչպէս կարձագանքի, բայց կարծում եմ, որ ինչ-որ մարդկանց ասելը չի նշանակում, թէ նախարարը պէտք է հրաժարական տայ»:
Նշենք, որ հայկական բանակում վերջին ողբերգական իրադարձութիւններից յետոյ, երբ զոհ գնացին 7 զինծառայողներ, հասարակութեան մի հատւածը պահանջում է պաշտպանութեան նախարարի հրաժարականը՝ նրան համարելով այդ դէպքերի թիւ մէկ պատասխանատուն:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: