Օբամայի վարչակազմը հրապարակային դիրքորոշում չի արտայայտում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի հարցով


Հեղինէ Բունիաթեան

Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման բարդ կացութեան մէջ է յայտնւել, մինչ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի յանձնաժողովը պատրաստւում է յաջորդ շաբաթ քւէարկութեան դնել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալութիւնը։
Յիշեցնելով, որ նախագահական քարոզարշաւի ընթացքում թեկնածու Բարաք Օբաման խոստացել է 1915 թւականի իրադարձութիւնները ճանաչել որպէս Ցեղասպանութիւն, «Ասոշիեյթեդ փրես»-ը միաժամանակ նկատում է, որ Կոնգրէսի այդ բանաձեւը կարող է բացասական ազդեցութիւն ունենալ թուրք - ամերիկեան յարաբերութիւնների վրայ։
«Միացեալ Նահանգների նախկին վարչակազմերը մինչ օրս յաջողել են խափանել նմանօրինակ բանաձեւերի ընդունումը՝ հրապարակային եւ կուլիսային բանակցութիւններում որպէս պատճառ բերելով Միացեալ Նահանգների ազգային անվտանգութեան շահերը։ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, սակայն, մինչ այս պահը հրապարակային դիրքորոշում չի արտայայտել շրջանառութեան մէջ դրւած բանաձեւի առնչութեամբ», - հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը։
Բանաձեւը առաջիկայ հինգշաբթի քւէարկութեան է դրւելու Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում, որի ներկայացուցիչները՝ դեմոկրատ եւ հանրապետական օրէնսդիրներ, պնդում են, որ Սպիտակ տունը քւէարկութեանն ընդառաջ իրենց վրայ որեւէ ճնշում չի գործադրում։
Այս յանձնաժողովում հաւանութեան արժանանալու դէպքում բանաձեւը քւէարկութեան կը դրւի Պալատի լիագումար նիստում։
Անդրադառնալով բանաձեւի նախագծին՝ Սպիտակ տան խօսնակ Մայք Համերը «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է. - «Միացեալ Նահանգները շարունակում է հետաքրքւած մնալ փաստերի ամբողջական, բաց եւ արդար ճանաչմամբ։ Մենք շարունակում ենք հաւատալ, որ այդ նպատակին հասնելու համար հայ եւ թուրք ժողովուրդները պէտք է անդրադառնան անցեալի փաստերին՝ ներկայումս յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած ջանքերի համատեքստում»։
Բուն բանաձեւի վերաբերեալ Սպիտակ տան դիրքորոշման շուրջ խօսնակը մանրամասներ չի հաղորդել։
Միացեալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը, մինչդեռ, յայտարարել է, թէ Սպիտակ տան այդ լռութիւնը Թուրքիայի հասարակութիւնը կարող է դիտարկել որպէս ճնշում պաշտօնական Անկարայի վրայ՝ Հայ - թրքական արձանագրութիւնները վաւերացնելու համար։
«Անադոլու» լրատւական գործակալութեան փոխանցմամբ` փետրւարի 28-ից մինչեւ մարտի 6-ը ԱՄՆ է այցելելու թուրք խորհրդարանականների պատւիրակութիւն, որի նպատակն է խափանել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծի ընդունումը ամերիկեան Կոնգրէսի կողմից:
Թուրքիա - ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամութեան խումբը` Սուաթ Քինիքլիօղլուի գլխաւորութեամբ, ծրագրում է ունենալ մի շարք հանդիպումներ եւ լոբբիստական գործունէութիւն ծաւալել Կոնգրէսում շրջանառւող թիւ 252 բանաձեւ նախագծի դէմ, որի քւէարկութիւնը Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում նշանակւած է մարտի 4-ին:
Քինիքլիօղլուն լրագրողների հետ զրոյցում յայտարարել է, մասնաւորապէս, թէ նման բանաձեւի ընդգրկումը օրակարգում «կարճատեսութիւն» էր եւ չի նպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին:
Թուրք խորհրդարանականը ասել է նաեւ, թէ հանդիպումներում ընդգծելու է թուրք - ամերիկեան յարաբերութիւնների ռազմավարական եւ երկարաժամկէտ կարեւորութիւնը:

Լուսանկարում՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա եւ փոխնախագահ Ջո Բայդէն27.02.2010

0 Պատգամ: