Թուրքերին քաղցրաբլիթո՞վ են խաբել

16:27 • 02.03.10
«Նման յայտարարութիւնները Թուրքիայի զայրոյթի մեղմանն են ուղղւած: Տարբեր եւրոպական պետութիւնների պաշտօնեաներ բազմիցս յայտարարել են, որ իրենք դէմ են այս կարգավիճակում Թուրքիայի անդամակցութեանը Եւրամիութեանը:
Սակայն ամենակարևոր պետութիւններից Ֆրանսիան և Գերմանիան չեն թաքցնում իրենց բացասական դիրքորոշումն այս հարցի շուրջ»,- այսօր հրաւիրած ասուլիսում ասաց թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը` անդրադառնալով ԵՄ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի` այսօր Երևանում արած այն յայտարարութեանը, թէ Իսպանիան կողմ է, որպէսզի Թուրքիան դառնայ Եւրամիութեան անդամ:
Ըստ թուրքագէտի` թուրքական բուռն զայրոյթը մեղմելու համար միգուցէ որպէս մարտավարութիւն նախընտրւել է նման տիպի յայտարարութիւնը, «սակայն չեմ կարծում, որ դա Եւրամիութեան պաշտօնական քաղաքականութիւնը կարող է լինել»:
Բանախօսը նշում է, որ նախագահող երկրի կարծիքը կարևոր է, սակայն կարևոր է նաև անդամ երկրներից ուժեղ պետութիւնների, մասնաւորապէս` Ֆրանսիայի և Գերմանիայի կարծիքը:
Նա այդ յայատարարութիւնը կապեց Հայ-թրքական յարաբերութիւնների, մասնաւորապէս, ԱՄՆ կոնգրէսում քննարկւելիք Ցեղասպանութեան բանաձևի հետ: «Դրա համար էլ պատահական չէր, որ մեսիջն արւեց Հայաստանից»,- նշեց մասնագէտը:
ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանի խօսքով` այդ յայտարարութիւնն առաջարկ էր Թուրքիային` վաւերացնել Հայ-թրքական Արձանագրութիւնները: «Դա, որպէս քաղցրաբլիթ, ապահովում է նման հեռանկար Թուրքիայի համար, եթէ Թուրքիան վաւերացնի այդ Արձանագրութիւնները»,- նշեց նա:
Սաֆարեանը միաժամանակ ասաց, որ Եւրամիութիւնում Իսպանիայի նախագահութիւնից թուրքերը լուրջ սպասումներ ունեն:


Tert.am

0 Պատգամ: